«Անգամ մայրս է հիմա զարմանում, թե ինչպես կարողացա ոտքի կանգնել․․․»

 

 Երբ արտագաղթը բռնությունից ազատվելու միակ միջոցն է դառնում

 

«Հայաստանից հեռանալը իմ և որդուս միակ փրկությունն էր…Մեկնելուս որոշումը հեշտ չէր։ Հինգ տարի է անցել, բայց մինչև հիմա այդ պահը հիշելիս՝ մարմնովս սարսուռ է անցնում։ Ես գիտեի, որ շատ բարդ է լինելու՝ անծանոթ երկիր, բոլորովին մենակ՝ երեխայի հետ, առանց լեզու իմանալու, հարազատներիս կարոտով․․․ Անգամ մայրս է հիմա զարմանում, թե ինչպես կարողացա ոտքի կանգնել․․․ Բայց դա միակ ելքն էր այդ մղձավանջից, և հիմա հասկանում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել»,- պատմում է 38-ամյա Արաքսյան (անունը փոխված է), որ ընտանեկան բռնությունից ազատվելու համար ստիպված է եղել հեռանալ Հայաստանից։

 

 

2006 թ․- ին, երբ ամուսնացավ, պատկերացնել անգամ չէր կարող, թե մեկ ամիս անց ինչի է վերածվելու ընտանեկան կյանքը։ Պատմում է, որ ամուսինը հակում ուներ թմրանյութերի նկատմամբ, օրերով տուն չէր գալիս, իսկ գալուն պես սկսվում էր հերթական վեճը, որը, որպես կանոն, վերաճում էր ծեծի, ինչն արդեն անտանելի էր դարձել․

 

 

«Ամուսնանալուց մեկ ամիս հետո իմ և ամուսնուս միջև սկսվեցին տարաձայնություններ, վեճեր, նաև վրաս ձեռք էր բարձրացնում։ Հետո պարզվեց, որ այլ կնոջից երեխա ունի։ Չնայած՝ պնդում էր, թե իրենը չէ, բայց դա ոչինչ չէր փոխում։ Երբ ասում էի՝ «դու ինձ դավաճանում ես», ավելի ուժգին էր սկսում հարվածել»,- հիշում է Արաքսյան։

 

 

Բռնությամբ, ստորացումներով լեցուն համատեղ կյանքը տևեց երեք տարի։ Այդ ընթացքում Արաքսյան մեկ անգամ փորձել է հեռանալ ամուսնուց, բայց կարճ ժամանակ անց վերադարձել է՝ ուղղվելու խոստումներին հավատալով և ընտանիքը փրկելու հույսով, սակայն վեճերն ու բռնությունը չեն դադարել անգամ դրանից հետո․

 

 

«Ամուսինս ինձ ճնշում էր նաև հոգեպես։ Այդ ընթացքում ես ինձ չէի հետևում, ինձ համար ամեն բան մեկ էր, նույնիսկ երեխայիս ձայնն էր վրաս ազդում․․․ Քայքայվել էի հոգեպես։ Երբ խոսում էի իր դավաճանության մասին, ամուսինս ասում էր՝ «քեզ հայելու մեջ նայե՞լ ես», և նման տհաճ այլ արտահայտություններ»,- պատմում է նա։

 

 

Ամուսնուց վերջնականապես հեռանալու որոշումը իր ու երեխայի միակ փրկությունը դարձավ Արաքսյայի համար։ Ծնողների տուն վերադարձը լուծում չէր, գիտեր՝ ամուսինն իրեն նորից կգտնի։ Հայաստանում այլ աջակցություն չփնտրելով՝ Արաքսյան ստիպված էր փախչել երկրից․

 

 

«Երբ ասացի, որ այլևս չեմ վերադառնալու, նա չէր մտածում, որ ես երկրից դուրս կգամ, մտածում էր՝ ծնողներիս տանն եմ, ավանդապաշտ ընտանիք ենք, գյուղում ապրող, մի քանի օրից կվերադառնամ։ Բայց ծնողներս և եղբայրս գաղտնի կերպով զբաղվեցին երկրից մեկնելու՝ իմ թղթաբանությամբ, և ես մեկնեցի։ Ոստիկանություն դիմելն անիմաստ էր․ նրանք ազդեցիկ ընտանիք էին, ապահովված։ Ես գիտեի, որ բոլոր հարցերն իրեն ձեռնտու ձևով կլուծվեն, որ ես մեղավոր դուրս կգամ, ես միշտ էլ մեղավոր էի դուրս գալիս։ Բացի այդ, գյուղում ամուսնալուծված կնոջ կարգավիճակով ապրելը չափազանց դժվար էր լինելու՝ իմ, երեխայիս, ընտանիքիս համար, և ես դա հասկանում էի»,- պատմում է Արաքսյան։

 

 

Նրա խոսքով՝ ամուսնու ծնողները մի քանի անգամ փորձել են որդուն «ճիշտ ուղու վրա դնել» և փրկել իրենց ընտանիքը, բայց հետո հասկացել են, որ փրկելու այլևս ոչինչ չկա։

 

 

 

Արաքսյան միակը չէ, ով տուժել է ընտանեկան բռնությունից, և դրա մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը:  2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ,  որոնցով 145 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ  և 291 անձ ճանաչվել է տուժող:

 

 

Ընտանեկան բռնության պատճառով երկիրը լքած կանանց վերաբերյալ ամփոփ վիճակագրական տվյալներ չկան, սակայն «Կանանց աջակցման կենտրոնի» դիտարկումների համաձայն՝ վերջին 2 տարիների ընթացքում բռնության ենթարկված 452 կանանցից 20-ը՝ հասկանալով, որ իրենք Հայաստանում ապահովված չեն բռնությունից, հեռացել են երկրից։

 

 

Իրավապաշտպան, «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանի կարծիքով՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը բավականին ուշ է ընդունվել և միայն 2018 թ.-ին մտել ուժի մեջ, ուստի դեռևս բավարար ժամանակ չի եղել՝ ուսումնասիրելու, թե օրենքի ընդունումից հետո արդյոք պետությունը պատշաճ ջանասիրություն ցուցաբերո՞ւմ է։ Նա համոզված է, որ նախքան այդ էլ ոստիկանությունը և դատախազությունը պատշաճ կերպով չէին քննում ընտանեկան բռնության վերաբերյալ գործերը, և բռնարարները խիստ պատիժների չէին արժանանում․ 

 

 

«Երբ ուսումնասիրում էինք 2015-2016 թվականների հայաստանյան դատավճիռները՝ ընտանեկան բռնությունների վերաբերյալ, տեսնում ենք, որ դատարանները բավականին մեղմ պատիժներ են սահմանում բռնարարների համար, ինչը, բնականաբար, չի օգնի, որպեսզի մյուս բռնարարները զսպվեն»,- նկատում է իրավապաշտպանը։

 

 

Արման Ղարիբյանի դիտարկմամբ՝ բռնության դեմ պայքարի առաջին քայլը բռնության զոհի անվտանգությունը ապահովելը և նրան բռնություններից զերծ պահելը պետք է լինի, քանի որ ընտանեկան բռնությունն այն հանցատեսակն է, որը գրեթե միշտ կրկնվում է։

 

 

«Կանանց աջակցման կենտրոնի» փաստաբան Նոնա Գալստյանի խոսքով՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրառումն այս պահին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով խիստ սահմանափակ է։ Փաստաբանը նշում է, որ օրենքում բացերը բավականին շատ են և վերաբերում են ինչպես օրենքի տիրույթում պաշտպանություն հայցողների շրջանակին, այնպես էլ մեխանիզմների կիրառմանը։ Օրինակ՝ օրենքը նախատեսում է պաշտպանության միջոցի կիրառում, բայց հսկողության մեխանիզմներ, կառուցակարգերը, թե ինչպես պետք է ապահովվի այդ պաշտպանության միջոցի կիրառումը, չկան․

 

 

«Ապաստարանների հետ կապված խնդիր էլ ունենք, ունենք նաև այնտեղ գտնվող անձանց անվտանգությունն ապահովելու, թաքնվելու վայրը գաղտնի պահելու խնդիր»,- նկատում է փաստաբանը և հավելում, որ այժմ Հայաստանում գործող ապաստարանները հիմնադրվել են հասարակական կազմակերպությունների կողմից և, բնականաբար, խիստ սահմանափակ հնարավորություններ ունեն։

 

 

Նոնա Գալստյանի կարծիքով՝ ապաստարանը պետք է լինի ոչ թե զուտ թաքնվելու վայր, որտեղից բռնության ենթարկված անձը վաղ թե ուշ պետք է դուրս գա, այլ այնպիսի միջավայր, որտեղ անձը կկարողանա համապատասխան հմտություններ ձեռք բերել, որպեսզի հետագայում, երբ իր կյանքը շարունակի սոցիալական համապատասխան միջավայրում, պատրաստ լինի այն մարտահրավերներին, որոնց կհանդիպի։

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանի խոսքով՝ 2020 թ.- ին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ, գործարկվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ, որոնց ծառայություններից օգտվել է 1067 մարդ․

 

 

«Բռնության ենթարկված ցանկացած անձ կարող է դիմել աջակցության կենտրոններին և ստանալ օրենքով նախատեսված հոգեբանական, սոցիալ-տնտեսական աջակցություն՝ մինչև 150 հազ․ դրամի չափով, իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև՝ փաստաբանական ծառայություններից կարող են օգտվել, իսկ շատ հաճախ մենք օգնում ենք նրանց գտնել աշխատանք»,- ասում է Բոստանչյանը։

 

 

Նա նշում է, որ անցյալ տարվանից Հայաստանում գործում են նաև պետական 2 ապաստարաններ։ Այս ծրագիրն իրականացվում է «Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։ Կացարանում երեխաներն ապահովվում են հագուստով, սնունդով, ինչպես նաև ապահովվում է երեխաների կրթության իրավունքը։ Ապաստարանները հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար պահանջվող բոլոր հարմարեցումներով։ Եթե անձը ունի առողջապահական խնդիրներ, դրանց լուծման համար մասնագետների կողմից ուղղորդումներ է արվում բուժհաստատություններ։

 

 

Ըստ Բոստանչյանի՝ 2020 թ․-ի ընթացքում ապաստարանի ծառայությունից օգտվել է 135 անձ՝ 53-ը կին, 82 երեխա, իսկ ֆինանսական աջակցության համար դիմել է 15 քաղաքացի, չնայած, որ ծրագիրը նախատեսված է տարեկան առնվազն 100 հոգու համար։ Այս տարի արդեն ունեն 5 դիմում, որոնք ընթացքի մեջ են։

 

 

… Արդեն 5 տարի է, ինչ Արաքսյան որդու հետ ապրում է այլ երկրում: Սկզբնական շրջանում վախերն ու տագնապները հաղթահարելու, ինքնագնահատականն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերգտնելու համար ստիպված է եղել հոգեբանների հետ աշխատել։ Այսօր նա, ի վերջո, խաղաղություն ու աշխատանք ունի, ուրախ է, որ սարսափելի օրերն արդեն անցյալում են։ Չի զղջում, որ հեռացել է, ասում է՝ հիմա շատ ուժեղ և կայուն է դարձել։ Այս ընթացքում ևս ամուսինը մի քանի անգամ փորձել է գտնել նրանց, բայց դա Արաքսյային այլևս չի վախեցնում։

 

 

Մերի Մաթևոսյան

 

Դիտումների քանակը` 1693

Գլխավոր էջ