Անահիտ Վերանյան. «Չեղած տեղից պիտի աշխատատեղ ստեղծենք: Կյանքն ա ստիպում»

«Աշխատող ու ստեղծագործ մարդու համար դժվարությունները հաղթահարելի են, հատկապես երբ աջակցող ձեռք կա»,- ասում է Տավուշի մարզի Գոշ համայնքի «Մխիթար Գոշ» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ Անահիտ Վերանյանը:

 

2014 թ. Օքսֆամի հայաստանյան գրասենյակի «Պարենային անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակում կառուցվեց 400 քմ մակերեսով ջերմոց, որը կոոպերատիվի կանանց առ այսօր հնարավորություն է տալիս վաղ գարնանից մինչև ուշ աշուն ունենալ թարմ բանջարեղեն: Հիմնականում աճեցնում են լոլիկ, սեղանի, թթվի վարունգ, տաքդեղ, սմբուկ, ինչպես նաև կանաչիների տեսականի: Տիկին Անահիտի խոսքով` եկամուտը շատ չէ, քանի որ ջերմոցը ջեռուցում չունի, եթե այդ հարցն էլ լուծվի, ապա ողջ տարի կանայք թե՛ աշխատանք կունենան, թե՛ բերք ու բարիք կստեղծեն, հատկապես որ էկոլոգիապես մաքուր մթերքի կարիք բոլորն ունեն:

 

Կոոպերատիվի կանանց աճեցրած բերք ու բարիքից օգտվում են նաև Գոշ այցելող զբոսաշրջիկները: Տիկին Անահիտը վստահեցնում է՝ էկոլոգիապես մաքուր բանջարեղենի պահանջարկը մեծ է, և հետո՝ կանանցով միասին ավելի հեշտ են լուծում ցանկացած խնդիր: Տարեցտարի ավելացող բերքն անմիջապես իրացվում է համայնքում:

 

«Մեր արտադրանքն իր համ ու հոտով գրավում ա բոլորին: Ջերմոցի շահագործման առաջին տարին ստացանք 2,5 տոննա բերք, երկրորդ տարին՝ 3 տոննա: Հիմնականում աճեցնում ենք լոլիկ: Ամռան շրջանում Գոշավանք վանական համալիրի մոտ գործող իմ խանութում վաճառվող մեր աճեցրած լոլիկը զբոսաշրջիկները փաթաթում են անձեռոցիկի մեջ ու էդպես տանում: Զարմանալի ա՝ հենց մոտենում են մեր սեղանին, էդ լոլիկի հոտից խենթանում են և ցանկանում են անպայման գնել»,- պատմում է տիկին Անահիտը:

 

Մասնագիտությամբ ապրանքագետ տիկին Անահիտը թեև գյուղի կենտրոնում ունի խանութ, որտեղ վաճառում է ինչպես կոոպերատիվի, այնպես էլ իր տնամերձի բերքն ու բարիքը, այնուհանդերձ գերադասում է օրվա զգալի մասն անցկացնել ջերմոցում, կանանց հետ: Չի թաքցնում, որ կոոպերատիվի շնորհիվ դարձել է կայացած գործարար, որ դեռ շարունակում է սովորել ու իմացածը փոխանցել կոոպերատիվի կանանց:

 

Աշխատանքից չի հոգնում, կոոպերատիվից հետո շտապում է տուն, մի փոքր դադար առնում և արդեն մնացած էներգիան ծախսում է տնամերձում: Թեև ընտանիքի անդամները՝ ամուսինը, տղաներն ու հարսը, օգնում են, բայց իր անելիքն ինքն ավելի լավ գիտի: Իսկ ազատ ժամանակը, որը շատ քիչ է պատահում, սիրելի հարսի օգնությամբ թղթե գեղեցիկ տիկնիկներ է պատրաստում, դրանց ազգային տարազ հագցնում կամ հյուսում է գունագեղ ցանցեր գինու շշերի համար: Նա համոզված է, որ ձեռքի աշխատանքով ստեղծած իրերը զբոսաշրջիկներին կհետաքրքրեն: Ու չի սխալվում, սեզոնին դրանք եկամտի լրացուցիչ աղբյուր են դառնում: Նրա համոզմամբ՝ ինչ-ինչ, բայց մարզում զբոսաշրջությունը զարգացած է, և պետք է օգտվել այդ հնարավորությունից:

 

«Մեր սարերում հազար ու մի տեսակի ծաղիկներ կան, դրանք էլ հավաքում ու վաճառում ենք: Բնության տված բարիքից չպետք ա հրաժարվել, այն հարկավոր է խելացի տնօրինել: Էլի գաղափարներ ունեմ, ուզում եմ դիմել համայնքապետարան կամ մարզպետարան, որ մի տարածք տրամադրեն, հավաքեմ համայնքի ձեռքի շնորհք ունեցող կանանց, և հյուսեն, կարեն, թխեն, պատրաստեն, ու էդ բոլորը սեզոնին վաճառենք: Չեղած տեղից պիտի աշխատատեղ ստեղծենք: Կյանքն ա ստիպում»,- ասում է տիկին Անահիտը:

 

Այս տարի «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացմամբ Անահիտ Վերանյանը արժանացել է «Գյուղմթերքի կին հերոս 2018» կոչմանը:

Դիտումների քանակը` 2122

Գլխավոր էջ