Անահիտ Գոգյան. «Ֆիզիկան ինձ համար ե´ւ սիրելի զբաղմունք է, ե´ւ աշխատանք ու մասնագիտություն»
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Անահիտ Գոգյանը զբաղվում է քվանտային օպտիկայով եւ ինֆորմատիկայով, ատոմային ու լազերային ֆիզիկայով եւ մեկն է երիտասարդ գիտնականների այն շարքից, որոնք ներկայացվել են Մեդիամաքսի «Գիտամարդ» նախագծի ներքո: Խորագիրը պատմում է այն տղամարդկանց ու կանանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ: Առաջարկում ենք ծանոթանալ նրա պատմությանը Մեդիամաքսի լրագրող Մարի Թարյանի ներկայացմամբ:
Խորամանկություն` ֆիզիկոսների աշխարհ տեղափոխվելու համար
«Դպրոցում ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ մաթեմատիկա առարկաները մոտս լավ էին ստացվում։ 10-րդ դասարանում չգիտեի՝ որ ուղղությամբ գնալ: Ծնողներս ու եղբայրս մաթեմատիկոս են, խորհուրդ տվեցին ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուղղությունն ընտրել, եթե չցանկանամ, հետո կարող եմ փոխել մասնագիտությունս։ Ծնողներս մի քիչ թերահավատ էին, որ կկարողանամ ֆիզիկոս դառնալ։ Դիմեցի ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետ: Երկու օրից համալսարանից զանգեցին, ասացին` անունդ սխալ ես գրել, արի ուղղի։ Գնացի ուղղելու, ձեռքի հետ նաեւ ֆակուլտետը փոխեցի»,- պատմում է երիտասարդ ֆիզիկոսը։
Անահիտին սկզբում գրավել էր ոչ թե բուն ֆիզիկա գիտությունը, այլ ֆիզիկայով զբաղվող մարդիկ, ովքեր նրան շատ հետաքրքիր էին թվում: Դպրոցում էլ մաթեմատիկա առարկան ֆիզիկայից շատ էր սիրում, բայց համալսարանում սովորելու ընթացքում կամաց-կամաց հասկացավ, որ ֆիզիկան ավելի ու ավելի է գրավում իրեն:
«Ի տարբերություն ծնողներիս, ավելի շատ ընկալում էի ոչ թե մաթեմատիկայի, այլ ֆիզիկայի հմայքը, այն ինձ ավելի ստեղծագործ էր թվում: Ֆիզիկան ինձ համար ե´ւ սիրելի զբաղմունք է, ե´ւ աշխատանք ու մասնագիտություն: Ես հաճույք եմ ստանում ֆիզիկայի ոլորտում աշխատելով»,- ասում է նա:
Կոտրելով կարծրատիպերը
Համալսարանում սովորելու տարիներին Անահիտ Գոգյանը մասնակցեց Գերմանիայից եկած մի մասնագետի սեմինարի, որն էլ ի վերջո հանգեցրեց քվանտային ինֆորմատիկայով տարվելուն:
«Շատ հետաքրքրեց թեման, պարզեցի, թե ովքեր են մեզ մոտ դրանով զբաղվում: Տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Յուրի Մալաքյանի մոտ գնացի, ով զբաղվում էր քվանտային ինֆորմացիայով: Գնացի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ եւ նրան ասացի, որ իր մոտ ուզում եմ կիսամյակային աշխատանք գրել: Իր ասպիրանտին հանձնարարեց, որ ինձ օգնի»,- ասում է նա:
Անահիտը որոշեց կոտրել տարածված կարծրատիպը, թե աղջիկները մեծամասամբ չեն հետաքրքրվում ֆիզիկայով եւ երկրորդ անգամ թակեց Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի դռները: «Երբ արդեն պիտի կուրսային աշխատանք գրեի, նորից գնացի նրա մոտ, ասաց` վայ, նորից եկե՞լ ես: Չէր սպասում, որ կվերադառնամ: Հնարավոր է, որ մտածել էր` աղջիկ է, կգրի աշխատանքը, կգնա, դժվար շարունակի հետաքրքրվել այս թեմայով եւ ուզենա աշխատել գիտության ոլորտում: Երբ սկսեցի ֆիզիկայով զբաղվել, ինստիտուտում այդքան շատ աղջիկներ չկային: Իմ գնալուց հետո արդեն շատերն ուզում էին աղջիկ ուսանողներ վերցնել: Ասում էին` աղջիկներն ավելի պատասխանատու են, ավելի լավ են գործ անում, ավելի հավանական է, որ կմնան գիտության մեջ: Քանի որ տղաները մեծամասամբ որոշ ժամանակ անց գնում են ծրագրավորմամբ զբաղվելու, հիմա փորձում են ավելի շատ աղջիկների վերցնել աշխատանքի»:
Հայաստանում եւ Ֆրանսիայում համատեղ ասպիրանտուրայում սովորելուց մի քանի տարի հետո Անահիտը նաեւ ստանձնեց ինստիտուտի գիտքարտուղարի պաշտոնը:
«Գիտական քարտուղարի պաշտոնում աշխատելու առաջարկ ստացա: Ուսումնասիրեցի եւ հասկացա, որ կարող եմ անել այդ գործը: Միայն, ցավոք. այդ աշխատանքը գիտությամբ զբաղվելու ժամանակից շատ է խլում, պարբերաբար շեղում է գիտությունից»:
Արդեն չորս տարի է՝ Անահիտ Գոգյանը ԵՄ-ից պարբերաբար հրավերներ է ստանում մասնակցելու Եվրոպական միասնական դրամաշնորհային ծրագրերին ներկայացվող նախագծերի գնահատմանը: Աշխատանքը, ինչպես ասում է, շատ հետաքրքիր է եւ ծանրաբեռնված. «Հաճախ անհրաժեշտ է գնահատել նախագծեր, որոնք ներկայացնում են քվանտային ինֆորմացիոն գիտության, ատոմային եւ լազերային ֆիզիկայի առաջատարները»:
Ապագայի համակարգիչներն ու քվանտային ֆիզիկան
Գիտական այս ուղղությունն ամբողջ աշխարհում շատ արագ է զարգանում, այն գրավում է ապագան, իսկ Հայաստանում ընդամենը երկու-երեք գիտական խմբեր են դրանով զբաղվում: Ամբողջ աշխարհում սթարտափեր են հիմնադրվել, կան ընկերություններ, որոնք զբաղվում են նաեւ քվանտային ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) սարքերի արտադրմամբ:
«Այժմյան համակարգիչներում ու հեռախոսներում ինֆորմացիան պահվում է 0-երի եւ 1-երի կոմբինացիայով, այսինքն` ինֆորմացիան գրվում է բիտերի վրա` 0-ի եւ 1-ի տեսքով, ֆիզիկայի տեսանկյունից, օրինակ, դա կարող է համապատասխանել լիցքի լինելուն կամ չլինելուն: Իսկ քվանտային ֆիզիկայում պարզվում է, որ օբյեկտը կարող է միաժամանակ մի քանի վիճակում լինել, օրինակ` ֆոտոնը միաժամանակ կարող է լինել մի քանի վիճակներում: Ավելի պարզ, մեկ ֆոտոնը կարող է միաժամանակ ունենալ երկու տարբեր բեւեռացումներ, եթե այդ բեւեռացումները պայմանականորեն անվանենք 0 եւ 1, ֆոտոնը միաժամանակ կարող է գտնվել եւ 0 եւ 1 վիճակում, կամ այլ կերպ ասած, 0-ի եւ 1-ի սուպերպոզիցիոն վիճակում: Այդ սկզբունքի վրա հիմնվելով` աշխատում է ողջ քվանտային ինֆորմացիոն տեսությունը:
Ինֆորմացիայի կրողները, օրինակ` ֆոտոնները, ատոմներն ու էլեկտրոնները կոչվում են քվանտային բիտեր, քուբիտներ: Սովորական բիտի համեմատ` քուբիտի մեջ կարող ես տեսականորեն անվերջ քանակով ինֆորմացիա պահել, եւ դա հսկայական հնարավորություններ է բացում: Արդյունքում դա թույլ է տալիս, որ քվանտային համակարգիչները, որոնց աշխատանքի հիմքում ընկած են քվանտային ֆիզիկայի օրենքները, հաշվարկներն ավելի արագ կատարեն: Խնդիրներ կան, որոնք սովորական համակարգիչները չեն կարող լուծել կամ լուծելու համար հսկայական ժամանակ է հարկավոր, իսկ քվանտային համակարգիչները շատ արագ կանեն դա»:
Խոսելով գիտական այս ուղղության ապագայի մասին, Անահիտի Գոգյանը նշում է, որ հատկապես քվանտային կրիպտոգրաֆիան ինֆորմացիայի անվտանգության հիմքն է լինելու: Նրա խոսքով, երբ քվանտային համակարգիչներն արդեն կիրառության մեջ լինեն, զուգահեռաբար անվտանգության խնդիրներ են առաջ գալու: Նույնիսկ, բանկային քարտերի ծածկագրերը կարելի կլինի հեշտությամբ կոտրել:
«Եթե Հայաստանը չի ցանկանում 20 տարուց հայտնվել լուսանցքից դուրս, կանգնել անվտանգության լուրջ խնդիրների առաջ, ապա պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկի, եւ երբ այդ համակարգերն արտասահմանում գործարկվեն, Հայաստանը եւս պատրաստ լինի դրանք ներդնելուն»:
HP-ն, Google-ը, այլ ընկերությունները փորձում են քվանտային համակարգիչներ ստեղծել իրենց համար։
«Իրենք հասկանում են, որ դա իրենց բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ է։ Այլապես, կապրեն այսպես հինգ-տասը տարի, բայց եթե ավելի հեռու ապագայի մասին են մտածում, ապա պետք է գիտության մեջ էլ ներդրում անեն։ Հայաստանում շատ բիզնեսմեններ հակառակ մտածողության են»,- ասում է ֆիզիկոսը:
Գիտությամբ զբաղվողի խնդիրները
«Ժամանակին, երբ ինչ-որ գիտական հոդված է հարկավոր կարդալ, ցանց մուտք գործելու եւ դրանք ազատ վերցնելու հնարավորություն չկար, քանի որ Հայաստանը շատ ամսագրերի բաժանորդագրված չէր: Այժմ այդ հարցը լուծվում է ոչ օրինական կայքի միջոցով, որտեղ տեղադրվում են բազմաթիվ գիտնականների հրապարակումներ: Գլոբալ առումով դա չլուծված հարց է, քանի որ ցանկացած պահի կայքը կարող են փակել: Այդ ժամանակ Հայաստանի գիտնականները խնդրի առջեւ կկանգնեն», – պատմում է գիտնականը:
Տեսաբան Անահիտ Գոգյանին նման ցանցի առկայությունը որոշ չափով բավարար է իր գիտությամբ զբաղվելու համար, սակայն փորձարարական գիտության մեջ լուրջ խնդիր են լաբորատորիաներն ու սարքավորումները: Նա նշում է, որ այժմ հայ գիտնականներն օգտագործում են խորհրդային տարիների հնացած սարքավորումներ:
«Արտասահմանյան լաբորատորիաներ ենք մտնում, տպավորությունն այնպիսին է, ասես աֆրիկյան սոված գյուղից գնացել ես զարգացած երկրներ: Հսկայական տարբերություն կա Հայաստանի ու Եվրոպայի լաբորատորիաների միջեւ: Մի քանի ամիս ԱՄՆ-ում աշխատել եմ Բերքլիի համալսարանում, այնտեղ լաբորատորիայում աշխատող նույնիսկ մագիստրանտն իրավունք ուներ որոշակի գումարի սահմաններում առանց որեւէ թույլտվության գնումներ կատարել իր փորձի համար: Իսկ Հայաստանում, եթե ինչ-որ բան գնելու համար նույնիսկ 10 դրամ ես ծախսում, պետք է երկար թղթաբանությունների միջով անցնես: Հաճախ գումարներն այնքան փոքր են, որ գիտնականները չեն էլ կարող մտածել անհրաժեշտ սարքավորումները գնելու մասին»:
Ինչպես նվաճել հանրության հետաքրքրվածությունը
Երիտասարդ ֆիզիկոսը կարծում է, որ հասարակության շրջանում գիտության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու գործում գիտնականները պետք է ակտիվ ներգրավված լինեն: Նա հիշում է, որ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն էլ որոշ քայլեր արել է այդ ուղղությամբ:
«Ինստիտուտի որոշ աշխատողներ ֆիզիկայի փորձերի փողոցային ցուցադրություններ էին իրականացնում: Երբեմն ուսանողներ եւ դպրոցականներ են գալիս ինստիտուտ եւ ծանոթանում մեր մոտ կատարվող փորձերին: Մոտ երկու տարի առաջ ծրագիր կար. տասը երիտասարդ գիտաշխատողներով շաբաթ ու կիրակի օրերին գնում էինք մարզերի դպրոցներ, ավարտական դասարանների աշակերտներին պատմում էինք գիտության նոր ճյուղերի մասին: Բավականին մեծ ոգեւորություն կար, տխուր էր, որ ոչ բոլոր դպրոցներին էր դա հասանելի: Ամեն տեղ էլ խելացի ու հետաքրքրասեր երեխաներ կան, բայց իրենց գտնելը, բացատրելը, որ գիտությունը հետաքրքիր է, գործ է, որ պետք է արվի»:
Անահիտ Գոգյանը Գերմանիայի Լինդաու կղզում մասնակցել է 1952թ.-ին հիմնադրված եւ արդեն ավանդույթ դարձած` Նոբելյան մրցանակակիրների եւ աշխարհի տարբեր երկրների երիտասարդ գիտնականների հավաքին: Նոբելյան մոտ 50 մրցանակակիր եւ մոտ 400 երիտասարդ մեկ շաբաթ շարունակ սեմինարների են մասնակցում, շփվում են, կիսվում փորձով, ստանում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
«Սա շատ լավ հնարավորություն է, երբ երիտասարդ գիտնականը կարող է նստել Նոբելյան մրցանակակրի կողքին, նրան հարցեր տալ ու կիսվել իր ունեցած դժվարությունների մասին, լուծումներ եւ խորհուրդներ ստանալ»,- ասում է նա:
Նյութը ամբողջությամբ Մեդիամաքս-ի կայքում:
Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի եւ Անահիտ Գոգյանի արխիվից
Կարդացեք թեմայի շուրջ
Փետրվարի 11-ը գիտության մեջ կանանց եւ աղջիկների միջազգային օրն է
Նորարար կանայք, ում մասին արժե պատմել ձեր աղջկան
«Nature» հանդեսը պարզել է, կա արդյոք կանանց նկատմամբ խտրականության գիտության մեջ
Անահիտ Գոգյան. «Ֆիզիկան ինձ համար ե´ւ սիրելի զբաղմունք է, ե´ւ աշխատանք ու մասնագիտություն»
Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում
Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը
Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում
Կին գիտնականներ եւ նորարարներ / ֆոտոռեպորտաժ
Самые знаменитые женщины-ученые.
Филдсовскую медаль по математике впервые в истории получила женщина
Лучшие изобретения женщин в истории
Самые известные изобретения женщин.
10 женщин-учёных, изменивших мир
Хэди Ламарр – изобретательница Wi-Fi
10 сделавших инновационные открытия женщин-учёных, которые были вычеркнуты из истории
Կանանց դար. Ատոմային կանայք / վիդեո
Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները / վիդեո
Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը
Դիտումների քանակը` 3115