Անահիտ Բախշյան. “Նեղացած լինելու մասին խոսք անգամ լինել չի կարող”…

Այն պահից, ինչ հրապարակվեց «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ»
միասնական համամասնական ցուցակը, հանրության մոտ մի շարք հարցեր առաջացան, որոնցից հիմնականը` թե այդ ինչպե՞ս եղավ, որ վերջին հինգ տարիներին օրենսդիրում մարտնչող գործիչները, մասնավորապես `Անահիտ Բախշյանը (ցուցակում 14-րդը), Արմեն Մարտիրոսյանը (16-րդը ) և Լարիսա Ալավերդյանը (41-րդը) անգամ առաջին տասնյակում չեն ընդգրկվել:

Անահիտ Բախշյանը  մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը ամենևին էլ նեղացած չի.

«Այսօր շատ ենք լսում մտահոգություններ այն մասին, թե ինչու ես, Արմենը
կամ Լարիսան, այսպես կոչված,  անցողիկ տեղերում չենք ներկայացվել, փոխարենը ընդգրկվել ոչ այնքան հայտնի մարդիկ: Իրականում դրա պատասխանը անցյալում է` 2007-ի ընգտրություններին ընդառաջ ներկայացրած ցուցակում», – նշեց տիկին Բախշյանն ու հիշեցրեց, որ Ազգային Ժողովի նախորդ ընտրությունների ժամանակ ներկայացրած ցուցակում առաջին տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն էր, երկրորդում` Լարիսա Ալավերդյանն ու գալիս էին նաև մնացածները` այդ թվում և ինքը չորրորդ հորիզոնականում:  Եվ այն ժամանակ հասարակությանն այդ ցուցակից հայտնի էին միայն Ր.Հովհաննիսյանն ու Լ.Ալավերդյանը, իսկ մնացածները գրեթե հայտնի չէին:

 

«Րաֆֆին մեզ վստահեց, բերեց Ազգային Ժողով և հանրությանը ցույց տվեց, որ
հարցադրումը  – թե` սրանք ով են, որ ցուցակում լինեն –  չի կարելի անել: Եվ
այսօր մենք շնորհակալ ենք հասարակությանը մեր աշխատանքը գնահատելու համար», -ասաց նա:

 

Տիկին Բախշյանը հիշեցրեց նաև, որ «Ժառանգությունը» թերևս այն եզակի
կուսակցություններից է, որում գործում է ռոտացիոն սկզբունքը և անցած հինգ
տարիների ընթացքում բազմիցս ենք դրանում համոզվել. օրինակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնում հերթով եղան թե’ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե’ Արմեն Մարտիրոսյանը, թե’ Ստյոպա Սաֆարյանը:

 

«Րաֆֆիի այս կադրային քաղաքականությանը պետք է վստահել, ինքն անընդհատ
հասարակությանն ասում է, որ չպետք է նույն մարդկանց վրա հենվել, պետք է
միշտ նոր մարդկանց բերել: Դրանով հենց մենք ենք ուժեղանում: Հիմա եթե
հասարակությունն այդ հինգիս հավատում ու երաշխավորում է, անկախ նրանից,
թե որ տեղում ենք` մենք կլինենք այնտեղ, որտեղ պետք է լինենք»,- ընդգծեց
Ա.Բախշյանն ու հավելեց, որ այս ամենում նաև խորը գաղափար է դրված, քանի
որ լինելով այն հորիզոնականներում, որտեղ ինքն ու Ա.Մարտիրոսյանն են,
իրենք ավելի են պարտավորված պայքարելու:

 

Նշենք, որ Ա.Բախշյանը նաև մեծամասնական ընտրակարգով էլ է առաջադրվելու և ավելի քան վստահ է, որ կհաղթի ու ամենևին էլ չի վախենում մրցակցությունից, քանի որ, իր կարծիքով,  հասարակությունը շատ լավ գիտի ո՞վ ո ՞ վ է և  ի ՞ նչ է արել վերջին հինգ տարիների ընթացքում: Այնպես որ նեղացած լինելու ու ընտրապայքարից դուրս գալու մասին անգամ խոսք լինել չի կարող, հակառակը` առջևում լարված, բայց ի տարբերություն այլոց` գաղափարական պայքար է սպասվում, եզրակացրեց  նա:

 


Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 4781

Գլխավոր էջ