Անահիտ Բախշյան. «Հույս ունեմ, որ գոնե «Ժառանգությունը» չի իջեցնի նշաձողը, ոչ մի միլիմետր»…
Անցած խորհրդարանական ընտրությունների ամենամեծ հիասթափությունը թերևս այն էր, որ «Ժառանգությունն» «Ազատ դեմոկրատների» միասնության արդյունքում ներկայացված կլինի ոչ այն դեմքով, որին հասցրել էր սովորել հասարակությունը: Խմբակցության կազմում չեն լինի Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը և Անահիտ Բախշյանը, որոնք անցած հինգ տարիների ընթացքում կանգնած են եղել ժողովրդի կողքին, պաշտպանելով մարդկանց ոտնահարված իրավունքները և՛ խորհրդարանի ամբիոնից, և՛ դրսում, լինի դա փողոցում, բանտում, դպրոցում, ամենուր… Գուցե հինգ տարի առաջ նրանցից շատերի անունները այդքան էլ հայտնի չէին լայն հասարակությանը, բայց իրենք այս ընթացքում արեցին կուսակցության համար ավելին, քան կարելի էր սպասել ԱԺ-ի ամենափոքրաթիվ խմբակցությունից…
Այս օրերին նրանք զբաղված են խորհրդարանում աշխատասենյակներն ազատելով, ինչին ականատես եղանք նաև տիկին Բախշյանի հետ հարցազրույցի գալով վերջինիս աշխատասենյակում…
-Տիկին Բախշյան, ի՞նչ ընտրություններ էիք ակնկալում ու ի՞նչ ունեցանք արդյունքում:
– Ըստ իս, բոլոր տեսակի կեղծիքներն այս անգամ արվեցին շատ ավելի վարպետորեն ու թերևս դրանով են այս ընտրությունները տարբերվում նախորդներից: Մարդկանց ձայները առան և արդյունքում ինչքան չաշխատող, օլիգարխ պատգամավոր կար, նրանք նորից կլինեն խորհրդարանում : Բոլոր մականունավորները, բոլոր նրանք, ում ձեռքին կուտակված է Հայաստանի հարստությունը ` այդ մարդիկ նորից եկան խորհրդարան պաշտպանելու իրենց սեփական շահերը… Այո, մեր հասարակությունը քվեաթերթիկներով կատարեց ընտրությունը, բայց գերադասեց չաշխատող, իրեն հարստահարող ու մարդկանց ստրկության մատնող պատգամավորին աշխատող, իր շահերն ու իրավունքները պաշտպանող օրենսդիրներին…
-Խոսքը նաև այն ընտրատարածքի մասին է, որտեղ Դուք էիք առաջադրել Ձեր թեկնածությո՞ւնը:
– Այո, իհարկե, իմ ընտրատարածքի մասին է, ինչպես նաև բոլոր այն ընտրատարածքների, որտեղ առաջադրվել էին իմ գործընկերները ու դարձյալ հաջողություն չարձանագրել: Ահռելի քանակությամբ ընտրակաշառք է բաժանվել և սա, ինչպես իմ գործընկեր Ստյոպա Սաֆարյանն է ասել, թրաֆիկինգի լիարժեք սահմանման մեջ տեղավորվող երևույթ էր՝ մարդկանց ձայները գնելու ու այդ ճանապարհով նրանց սրտրկացնելու առումով: Ցավոք, այդ առևտուրը կասեցնող կամ դրա դեմ պայքարող որևէ քայլ ես Հայաստանում չեմ տեսնում:
-Մինչև վերջերս թվում էր, որ կանայք վերջնականապես երես են թեքել մեծամասնական ընտրակարգից, բայց այս ընտրություններին մեծամասնականով առաջադրված կանանց թիվի զգալիորեն շատ էր…
-Գուցե ավելի շատ էր, բայց փաստ է, որ կին թեկնածուները դարձյալ մնացին մեն-մենակ իրենց խնդիրներով ու ամեն ինչով: Բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք անընդհատ խոսում էին , թե կանանց պետք է սատարել և այլն, այդ կազմակերպությունները ոչ մի կերպ չկանգնեցին կին թեկնածուների կողքին թեկուզ ընտրությունների օրը: Գոնե իմ մասով հստակ կարող եմ ասել` ոչ մի ՀԿ ինձ օգնելու պատարաստակամություն չհայտնեց: Հետևաբար , ստացվում է, որ ՀԿ-ների այն հատվածը, որը միտված է պաշտպանելու կանանց շահերը, միայն դրա մասին խոսում է և կոնկրետ առաջարկություն կամ կոնկրետ գործ այդ ուղղությամբ իրենց կողմից գոնե ես չեմ տեսել:
-Թիվ 12 ընտրատարածքում Ձեր մրցակիցների թվում կար նաև կին թեկնածու` Գոհար Վեզիրյանը: Ինչպիսի՞ն էր պայքարը Ձեր միջև:
-Ընտրապայքարում կին-տղամարդ տարբերություն չկար, անձերի հարց էր և այդ առումով ՝ կին մրցակիցս ինձ ավելի շատ «խբեց», քան տղամարդիկ: Տղամարդկանց կողմից ես ոչ մի արտահայտություն ու հայտարարություն իմ հասցեին չեմ լսել: Բայց, ցավոք սրտի, ընդդիմություն ներկայացնող լրագրող գործընկերուհիս, բոլորից շատ «աշխատեց» իմ դեմ, հատկապես «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում իր կողմից զետեղված այն մտացածին լուրով, թե իբր ես ընտրակաշառք եմ բաժանում «Second hand»-ի ապրանքի տեսքով: Այդ քայլը իմ լեզուն ուղղակի կարճացրեց, որովհետև դրանից անմիջապես հետո դատախազությունից ինձ զանգահարեցին, հետաքրքրվեցինք դա այդպես է, թե ոչ և երբ պատասխանեցի, որ բնական է լուրը իրականությանը չի համապատասխանում, ինձ հակադարձրեցին ` տեսնում եք, եթե ձերը սուտ է, ապա ձեր ահազանգերը ընտրակաշառքների մասին ևս սուտ են: Եվ ինձ մինչև հիմա շատ հետաքրքիր է` ի՞նչ շահեց այդ թերթը դրանից, առավել ևս, որ դա որևէ ազդեցություն չունեցավ նրա ստացած ձայների վրա…
-Ի՞նչ եք ակնկալում նոր խորհրդարանից:
– Կանանց ներկայցվածության առումով , խմբակցությունների կազմը դեռ հայտնի չէ ու դժվար է ասել, թե այս Ազգային Ժողովում որքա՞ն կին պատգամավոր կունենանք: Իսկ ընդհանուր առմամբ, ցավոք, մեր երկրում հասարակությունը ոչինչ չի ակնկալում խորհրդարանից, նույնիսկ երբ մենք էինք այնտեղ: «Ժառանգության» իմ գործընկերների հետ միասին փորձեցինք ցույց տալ, թե ինչպիսի՞ն պետք է լինի պատգամավորը, ինչի հետ, պարզվեց, շատերը համաձայն չէին: Ստացվում է, որ պատգամավորի գործը չէ գնալ փողոց, կանգնել մարդկանց կողքին ու բարձրաձայնել նրանց խնդիրները: Բայց մենք այդպես ենք աշխատել, քանի որ դա նաև «ԱԺ կանոնակարգ օրենքի» պահանջն է եղել ու չեմ փոշմանում: Եվ հույս ունեմ, որ այս նշաձողը գոնե «Ժառանգությունը» չի իջեցնի ոչ մի միլիմետր:
-Բայց այն կազմը, որ գալիս է Ձեր փոխարեն, նա կարո՞ղ է պահել այդ նշաձողը:
-Կտեսնենք: Ես ոչ մի երաշխիք չունեմ այսօր ճիշտ այնպես, ինչպես հինգ տարի առաջ, երբ եկավ մեր թիմը: Մենք ոչ մեկս այն ժամանակ չգիտեինք ինչ-ինչոց է ու շատերս միմյանց հետ այդ ժամանակ ենք հենց ծանոթացել: Բայց ես հույս ունեմ, որ այդ օրինակը իրենք պետք է պահեն:
– Ինչպասի՞ն են հետագա աշխատանքի ձեր պլանները, որվագծվե՞լ են արդեն:
-Այս պահին չգիտեմ, թե կոնկրետ ի՞նչ եմ անելու… կան ծրագրեր, բայց չկա ուրվագծված կոնկրետ քայլ, թե ի՞նչ եմ անելու դրանք իրագործելու համար: Բայց այն, որ շարունակելու եմ կրթության քաղաքականության մեջ շատ գործուն մասնակցություն ունենալ ինձ համար ակնհայտ է: Այն հարցերը, որ ես հինգ տարի բարձրացրել եմ ու նաև օրենքի այն նախագիծը, որի համահեղինակներից եմ ու որն արդեն ԱԺ օրակարգում է (խոսքը՝ Հայաստանում համընդհանուր ներառական հանրակրթության մասին օրինագծին է վերաբերում), ես դրա ճիշտ, առանց խեղաթյուրումների ընդունման գործում ակտիվ մասնակցություն պետք է ունենամ: Ես չեմ կարող «անտեր» թողնել այդ օրինագիծը, որի նախաձեռնողներից մեկը ես եմ…
-Իսկ կուսակցական գործունեության առումով փոփոխություններ նախատեսո՞մ եք: Շարունակելո՞ւ եք «Ժառանգության»վ շարքերում մնալ:
-Այո, ես չեմ պատրաստվում դուրս գալ կուսակցությունից:
-Այսինքն` կմասնակցեք նաև հունիսի 2-ին կայանալիք «Ժառանգության» համագումարին:
-Անպայման…
Զրուցեց Էնզելա Մակարյանը
Դիտումների քանակը` 4129