Այրիները աշխարհում և Հայաստանում

Արդեն ինը տարի է՝ ՄԱԿ-ի որոշմամբ հունիսիը 23-ը նշվում է որպես այրիների օր։  Այն նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել խնդիրների վրա, որոնց բախվում են այրիները աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ 

 

ՄԱԿ-ում մտադիր են հասնել նրանց իրավունքների ամբողջական ճանաչմանն ու սոցիալական, տնտեսական դրության բարելավմանը։ Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, այսօր աշխարհում ապրում է մոտ 285 մլն այրի, յուրաքանչյուր տասներորդն ապրում է ծայրահեղ աղքատության պամաններում։

 

2010-ի տվյալների համաձայն, 55-59 տարեկան կանանց 14.6 տոկոսը այրիներ են, սակայն սա չի արտացոլում ամբողջական պատկերը։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում այս տարիքային խմբում այրի են կանանց 15 տոկոսը, կնակորույս՝ տղամարդկանց 2.3 տոկոսը։

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այդ օրվա առթիվ հղած ուղերձում ահազանգել է՝ աշխարհի շատ երկրներում այրիները բախվում են խտրականության, շատ դեպքերում նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը կրոնական կամ էլ մշակութային նորմ է, իսկ իրավախախտները մնում են անպատիժ։

 

«Շատ երկրներում կանանց սոցիալական կարգավիճակը կախված է նրա ամուսնու ստատուսից, և վերջինի մահվան դեպքում կինը զրկվում է պաշտպանությունից։ Այրիներին հաճախ դուրս են հանում իրենց սեփական տնից, ենթարկում  ֆիզիկական բռնության։  Որպեսզի այրին վերականգնի իր կարգավիճակը, հաճախ ստիպված է լինում ամուսնանալ ամուսնու հարազատներից մեկի հետ, շատ դեպքերում դա լինում է հակառակ իր կամքին։ Աֆրիկայի ու Ասիայի շատ երկրներում այրիները դառնում են ֆիզիկական, հոգեբանական, սեռական բռնության զոհեր։  Նման դաժան վերաբերմունքի պատճառ հաճախ դառնում են ժառանգության հետ կապված վեճերը, գույքի հետ կապված իրավունքները։ Ավանդական հասարակություններում այրիները ժառանգության ու սեփականության իրավունքներ կամ չունեն, կամ էլ դրանք սահմանափակ են։  Ամուսինների մահից հետո նրանք մնում են առանց տանիքի»,-նշել է ՄԱԿ-ի ղեկավարը։

 

 

Շատ երկրներում այրիները ստիպված են կատարել նվաստացուցիչ ու վտանգավոր աշխատանք, օրինակ, ըստ ՄԱԿ-ի պաշտոնական էջի, նրանց ստիպում են խմել այն ջուրը, որում լողացրել են հանգուցյալին, որոշ երկրներում էլ նրանք համարվում են անիծվածներ։ Օրինակ, Տանզանիայում իրականացրած հետազոտություններից մեկի համաձայն, այդ երկրում հարյուրավոր կանանց՝ հիմնականում այրիների սպանել են կախարդություն անելու համար։

 

 

ՄԱԿ-ը կոչ է անում կառավարությունուններին միջոցներ ձեռնարկել այրիների իրավունքների պաշտպանության համար, որոնք կհամապատասխանեն մարդու իրավունքներին, միջազգային նորմերին, մասնավորապես Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի չեզոքացման կոնվենցիայի պահանջներին։

 

 

ՄԱԿ-Կանայք  կառույցի գործադիր տնօրենը Ֆումզիլե Մլամբո-Նգյուկանն իր հերթին կոչ է արել երկրների ու կառավարությունների ղեկավարներին գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի այրիները կարողանան իրացնել իրենց իրավունքները։ «Այս պայմաններում այրիներին և նրանց երեխաներին աջակցությունն օգնում է նրանց դուրս բերել անբարենպաստ կենսապայմաններից», – նշել է նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել այրիներին ավելի լավ պաշտպանելու և ապահովելու համար:

 

Այրիները՝  Հայաստանում

 

Ըստ ամուսնական կարգավիճակի Հայաստանի բնակչության վերաբերյալ ամենաթարմը 2011-ին անցակացված մարդհամարի տվյալներն են։ WomenNet.am-ի հետ զրույցում Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ այրիների վերաբերյալ տեղեկատվությունը արմացվում է մարդահամարից մարդահամար։ Հիշեցնենք, որ հաջորդը կանցկացվի 2021 թվականին։ Իսկ մինչ այդ հղում կատարենք նախորդի տվյալներին.

 

Հայաստանում  նույնպես  այրիների հետ կապված բազում խնդիրներ կան: Մեր երկրում, 2011 թվականի մարդահամարի տվյալներով, բնակչության 8,9 տոկոսը  կամ  218,584 քաղաքացիներ են այրի  կամ կնակորույս: Նրանցից 36371-ը տղամարդիկ են, իսկ կանայք`182, 213: Ընդ որում,  գյուղերում գերակշռում են կնակորույսները, քաղաքներում՝ այրիները։

 

 Այրիների մեծ մասը 70 տարեկանից բարձր են, այսինքն  տնտեսապես ոչ ակտիվ են,  մինչև 35 տարեկան հասակում այրիացել է բնակչության 0,8 տոկոսը։ Ուշագրավ է, որ 15-19 տարեկանների խմբում այրի է կանանց 0.1 տոկոսը, տղամարդկանց՝ 0 տոկոսը։ Նկատենք, որ այրի կանանց գերակշռող մասն անաշխատունակ տարիքում է, դա նշանակում է, որ նրանք առավել խոցելի են ու լրացուցիչ սոցիալակական պաշտպանության կարիք ունեն։

 

Այրիների  զբաղվածության վերաբերյալ առավել թարմ տվյալներով , ( Հայաստանի կանայք և տղամարդիկ- 2018 )  Հայաստանում  զբաղված են այրի կանանց 40 տոկոսը, կնակորույս տղամարդկանց՝ 41 տոկոսը։ 

 

Այրիների մասին հաճախ խոսվում է աղքատության համատեքստում , հատկապես   դա վերաբերվում է միայնակ ծերերին և  այն  այրիներին, որոնք փոքր երեխաներ ունեն: Նրանք բոլորն էլ  աղքատության տեսանկյունից առավել խոցելի խմբում են գտնվում:

  

Այրի կանայք  հաճախ կեղծ ադաթների զոհ են դառնում՝ զրկվելով անձնական կյանք ունենալու իրավունքից, հոգեբանական բարդույթներ ունենում՝ վախենալով շրջապատի ասեկոսներից կամ տարբեր կարգի ճնշումների են ենթարկվում, մանավանդ եթե շարունակում են ապրել ամուսնու ծնողների հետ:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1563

Գլխավոր էջ