Այս տարվա սկզբից Հայաստանում գրանցվել է մայրական մահացության տասը դեպք
Թեմային անդրադառնում է Panorama.am-ի լրագրող Լալա Տեր-Ղազարյանը՝ փորձելով գտնել «Ինչո՞ւ են Հայաստանում մայրացող ու մայրացած կանայք մահանում» հարցի պատասխանը:
Սեպտեմբերի 2-ին Մարգարյան հիվանդանոցում հղիության 36-րդ շաբաթում գտնվող կինը մահացել է։ Ընդհանուր անզգայացմամբ կեսարյան հատումից հետո նրան փրկել չի հաջողվել։ Առաջնեկին լույս աշխարհ բերած 24-ամյա ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին, պնդում են՝ բժիշկների անուշադիր են եղել ու ոչ պրոֆեսիոնալ։ Ծննդկանի մահվան փաստով գործը երեկ է հասել քննչական կոմիտե։
«Քննչական կոմիտեն ստացել և վարույթ է ընդունել ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քրեական գործը հարուցվել է քրեական օրենգրքի օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով»,-Panorama.am-ին ասացին քննչական կոմիտեից։
Այդ հոդվածը սահմանում է՝ «Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»։
Վերջին մեկ ամսվա ընթացքում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտոկան կենտրոնում գրանցվածը մայրական մահացության երկրորդ դեպքն է։ Դրանից առաջ օգոստոսին Վեդիի բժշկական կենտրոնում փրկել չէր հաջողվել 29-ամյա կնոջ կյանքը։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, այս տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է մայրական մահացության տասը դեպք։
«2018-ի ընթացքում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք, 2017-ին՝ 4 դեպք, 2016-ին՝ 12 դեպք»,-ասաց նա՝ ավելացնելով, որ առաջիկայում մանրակրկիտ վերլուծություն է լինելու մայրական մահացության բոլոր դեպքերի վերաբերյալ։
Առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, նախարարությունում մտահոգված են մայրական մահվան ցանկացած դեպքով, բոլորը դեպքերը դատաբժշկական վարույթում են, քննչական մարմինների կողմից յուրաքանչյուր դեպքի համար նշանակվել է փորձաքննություն։
«Մենք չունենք իրավասություն որևէ մեկնաբանություն տալու, քանի որ պատճառները դեռ բացահայտված չեն»,-ասաց նախարարության մասնագետը։
Գայանե Ավագյանն ասում է, մահվան տասը դեպքերից շատերի դեպքում եղել են հանկարծակի մահեր, օրինակ սրտամկանի ինֆարկտից, էպիլեպսիկ ստատուսի հետևանքով առաջացած շնչահեղձությունից, մյուս դեպքում՝ տրոմբոէմբոլիա է եղել։
«Ծննդաբերությունից հետո 17-րդ օրը իրենց տանը նստած կատարվել է տրոմբոէմբոլիայի երևույթ ու կինը մահացել է։ Այս դեպքերը կարող էր պատահել ցանկացածի հետ, կապ չունի հղիության կամ ծննդաբերության հետ, սրանք ԱՀԿ կողմից համարվում են մայրական մահացության անուղղակի պատճառներ»,-նշում է նա։
Մայրական մայացության մի դեպքն էլ եղել է երկկողմանի թոքաբորբի հետևանքով, մեկը՝ ատամը հեռացնելուց ներարկման հետևանքով անաֆիլակտիկ շոկից, մյուսն ընդունվել է ծննդատուն սեպսիսի արտահայտված նշաններով։ Մահվան մյուս դեպքում էլ ծննդաբերությունից հետո առաջացել է ինսուլտի մեծ օջախ։
Հիշեցնենք, քանի դեռ չկան դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, դրանք համարվում են նախնական պատճառներ մինչև գործի ավարտը։
«Մենք ունենք մայրական պատճառներով պայմանավորված մահվան երեք դեպք՝ երկուսը Երևանում, մեկը Վեդիում, սա մեզ համար նույնպես արտակարգ իրավիճակ է համարվում»,-մանրամասնում է նա։
Բացի մահվան անուղղակի պատճառներից, որպես հանգստացնող փաստ, նախարարության պաշտոնյան վկայակոչում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումը, երբ մինչև հինգ մլն բնակչություն ունեցող երկրների համար մայրական մահացությունը հաշվարկվում է ոչ թե տարեկան, այլ երեք տարվա կտրվածքով։
«Եթե մենք երեք տարվա կտրվածքով վերցնում ենք, ապա այն չի գերազանցում 20-ը 100 հազար կենդանածնի հաշվով։ Վերջին երեք տարիների ընթացքում այս ցուցանիշը կայուն է՝ մինչև 20։ Մենք չենք համարում, որ դա լավագույն ցուցանիշն է, բայց եթե ԱՊՀ երկրներում միջին ցուցանիշը 29.4 է, Հայաստանը միջին տեղ է գրավում։ Իհարկե Եվրոպայի համեմատ բարձր է»,-տվյալներ հրապարակեց նա՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է, քննարկվում, նշանակվում ծառայողական քննություն։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, մայրական մահացության գործակիցը 2018թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 21.9 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով:
Հղիության ընթացքում մայրերի մահերը կանխելու համար ստեղծվել է արագ արձագանքման ծառայություն, դրանք տեղակայաված են Էրեբունի ու Հանրապետական հիվանդանոցներում։
«Քանի որ մահերի մեծ մասը կապված է կնոջ առողջական վիճակի հետ, ապա մենք հիմա ծրագրեր ենք իրականացնում մինչև 15 տարեկան աղջիկների համալիր հետազոտության ու բուժման համար։ Հիմա մինչև 18 տարեկանների բուժումը դարձել է պետպատվերի շրջանակում, մեր ջանքներն ուղղված են պոտենցիալ մայրերի առողջությանը»,-ներկայացրեց Panorama.am-ի զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «մայրական մահացությունը» բնորոշում է որպես հղիությամբ պայմանավորված կնոջ մահ՝ անկախ հղիության տևողությունից, որը վրա է հասել հղիության ընթացքում կամ նրա ավարտից հետո 42 օրերի ընթացքում, հղիության հետ կապված որևէ պատճառից, բարդացած վերջինիս առկայությամբ կամ վարման գործընթացով, բացառությամբ դժբախտ պատահարի կամ հանկարծակի առաջացած պատճառի:
Աղբյուրը` Panorama.am
Դիտումների քանակը` 2201