Այս պահին Հայաստանում ընդամենը 18 կին գյուղապետ կա
Հայաստանում այս պահին 866 գյուղական համայնքներից միայն 18-ն են ղեկավարում կանայք, քաղաքային 49 համայնքապետների շարքում կանայք չկան: Այս թիվը փոփոխության չի ենթարկվել նաեւ 2016-ին արդեն իսկ կայացած 7 ընտրություններից հետո, թեպետ դրանց արդյունքում երկու կին գյուղապետ ընտրվեց:
Մինչ սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ հերթական ընտրությունները հանրապետության տարածքում արտահերթ ու հերթական ընտրություններ էին կայացել մի շարք համայնքներում:
Հունվարի 4-ին Լոռու մարզի Դարպաս գյուղում համայնքապետի արտահերթ ընտրություններում առաջադրված չորս թեկնածուների թվում ոչ մի կին չկար:
Հունվարի 24-ին նույն մարզի Մղարթ համայնքում արտահերթ ընտրություններում գրանցված երկու թեկնածուներից հաղթանակ տոնեց Արմինե Մամաջանյանը: Նա մինչ այդ գյուղի դպրոցում ուսուցչուհի էր: ՀՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված թեկնածուն ստացել էր 174 ձայն:
Փետրվարի 14-ին համայնքապետերի ընտրությունները էին խոշորացված Թումանյան, Տաթև, Դիլիջան համայնքներում: Առաջադրվածների թվում կանայք չկային:
Մարտի 20-ին Արմավիրի մարզի Նոր Արտագերսում գյուղապետի ընտրություններում երեք թեկնածու կար, այստեղ էլ կանայք չկային:
Ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի 36 համայնքներում: Դրանցից 33-ում համայնքապետ էին ընտրում: 33 համայնքներից միայն մեկում կին թեկնածուն է հաղթանակ տոնել: Լոռու մարզի Դաշտադեմ համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-անդամ Մարինե Խռոյանը: Նրա միակ մրցակիցը՝ անկուսակցական Վահան Աղայանն ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:
Կին թեկնածուներ էին առաջադրվել նաև Լոռու մարզի Խնկոյան, Սարչապետ, Արմավիրի մարզի Այգեկ համայնքներում: Խնկոյան համայնքում կին թեկնածուն՝ Ռուզաննա Համբարձումյանը գործող գյուղապետի եղբոր աղջիկն էր, նա մինչ քվեարկության օրը ինքնաբացարկ էր հայտնել: Ինքնաբացարկ էր ներկայացրել նաև նույն մարզի Սարչապետ համայնքում առաջադրված կին թեկնածուն՝ անկուսակցական Անժելա Մարտիրոսյանը: Նա աշխատում է գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար:
Հուլիսի 3-ին Արագածոտնի մարզի Թթուջուր և Օթևան համայնքներում էին գյուղի ղեկավար ընտրում: Օթևանում երկու թեկնածուներից մեկը կին էր՝ անկուսակցական , ինքնաառաջադրված Գոհար Սայադյանը: Նա ստացավ հինգ ձայն՝ պարտվելով 17 ձայն ստացած ՀՀԿ առաջադրած թեկնածուին՝ Ջամալ Սալմոյանին:
Հուլիսի 10-ին համայնքապետի արտահերթ ընտրություններ անցկացվեցին Սյունիքի մարզի երկու գյուղերում՝ Դարբասում և Ախլաթյանում: Ընդհանուր առմամբ, 5 թեկնածուների թվում կանայք չկային:
***
Ամփոփելով 2016-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները փաստենք, որ այս տարի հանրապետության 43 համայնքում տեղի էին ունեցել համայնքապետի ընտրություններ: Դրանցից միայն երկուսում են կանայք հաջողության հասել՝ Մղարթում ու Դաշտադեմում:
Հանրապետության որևէ քաղաք կին չի ղեկավարում, կանայք ներկայացված են միայն գյուղական համայնքների ղեկավարների պաշտոններում: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության տրամադրված տվյալների համաձայն այս պահին կանայք ղեկավարում են.
Արարատի մարզի՝ Վ. Դվին,
Արմավիրի մարզի Արևաշատ և Արտամետ,
Գեղարքունիքի մարզի՝ Գեղաքար, Ծափաթաղ,Շատջրեք,
Լոռու մարզի Բազում, Դաշտադեմ, Մեղվահովիտ, Պաղաղբյուր, Մղարթ,
Կոտայքի մարզի՝ Նոր Երզնկա, Շիրակի մարզի Ախուրիկ, Արեգնադեմ,
Սյունիքի մարզի՝ Հացավան,Շրվենանց, Տորունիք, Քարահունջ համայնքները:
Հայաստանի երեք մարզերում՝ Արագածոտնում, Տավուշում և Վայոց ձորում կին համայնքապետներ չկան:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են
ՏԻՄ ընտրություններ. համայնքապետի պաշտոնում 21 կին է առաջադրվել
Դիտումների քանակը` 3922