Այդ տղամարդիկ վախենում են «իրենց կնիկներից»…

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ առաջացած աղմուկի մասին  հարցազրույց է տվել «Առավոտ»  օրաթերթին

 

 

Հայ հասարակությանը «փոթորկել» է օրենսդիր մարմնի` մայիսի 20-ին ընդունած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը: Այն անգամ որակվեց հայ ընտանիքի եւ մեր ազգայինհոգեւոր արժեհամակարգի համար վտանգներ պարունակող: Գիտակցո՞ւմ են այդ վտանգն օրենսդիրները, ի՞նչ փուլեր է անցել նախագիծը՝ նախքան ընդունվելը, եւ ի՞նչ քայլեր են նախատեսվում ընդհանուր համաձայնության գալու համար:

 

– Առաջինը, ինչին կուզեի անդրադառնալ, որոշ ելույթների  վերտառություններն են` ինչպես, օրինակ, «Ազգային ժողովը «գաղտնի» օրենք է ընդունել»: Դրա հեղինակների մի մասը մարդիկ են, ովքեր նախկինում Ազգային ժողովի պատգամավորներ են եղել, հրաշալիորեն տեղյակ են օրենքների ընդունման բոլոր ընթացակարգերից, եւ պետք էլ չէ նրանց որեւէ բան պարզաբանել կամ սովորեցնել:  Այսինքն` սա ասում են կամ պարզապես հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու նպատակով, կամ էլ, մեղմ ասած,  ինչպես ռուսները կասեին` лукавят: Ազգային ժողովը գաղտնի որեւէ օրենք չի ընդունում. յուրաքանչյուր օրենք, առավել եւս, այսպես կոչված՝ «մայր օրենք»՝ բացի երկու անգամ հանձնաժողովի նիստում քննարկվելուց, նաեւ երեք ընթերցում է անցնում լիագումար նիստում: Կոնկրետ այս` «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը երկար ճանապարհ է անցել: Այն առաջադրվել եւ առաջին ընթերցումն անցել է նախորդ գումարման խորհրդարանի ժամանակ, իսկ երկրորդ եւ երրորդ ընթերցումներն անցել են, եւ վերջնական տեսքով օրենքը քվեարկվել եւ ընդունվել է արդեն ներկայիս խորհրդարանի կողմից՝ 2013 թ.-ի մայիսի 20-ին: Բոլոր ընթերցումների ժամանակ քննարկումներին մասնակցել են բազմաթիվ պատգամավորներ բոլոր խմբակցություններից` ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն»: Օրենքի գլխադասային հանձնաժողով է նշանակված եղել  Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Եվ այսօր հայտարարել, թե օրենքում տեղ գտած որոշ ձեւակերպումներին ուշադիր չենք եղել, մեղմ ասած,  ճիշտ չէ. այդ դեպքում պարզապես պետք է ուշադիր լինեին: Ի դեպ, նշեմ, որ երեք ընթերցումների ժամանակ էլ այդ հոդվածն առկա է եղել: Ասեմ ավելին` սա այն օրենքներից է, որի համար խորհրդարանի երկու՝ Եվրոպական ինտեգրման հարցերի (նախագահ՝ Նաիրա Զոհրաբյան) եւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  (նախագահ՝ Էլինար Վարդանյան) մշտական հանձնաժողովները հրավիրել են խորհրդարանական լսումներ՝ հարյուրից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ոչ միայն կանանց հարցերով զբաղվող հ/կ-ներ, այլեւ ընդհանրապես հարցերի լայն շրջանակ ընդգրկող: Բացի դրանից, օրենքն անցել է մարզային քննարկումների ծավալուն փուլ, այսինքն` բոլոր մարզերում կազմակերպվել են դրա քննարկումները` մունիցիպալ պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչների եւ համայնքի բնակչության համար: Այդ քննարկումներին մասնակցել են մշակույթի, արվեստի, գրականության, կրթության եւ այլ ոլորտների  ներկայացուցիչներ՝ ուսումնասիրելով օրենքը ողջ գաղափարախոսությամբ եւ հոդված առ հոդված: Օրենքի վրա աշխատել են լուրջ մասնագետներ, գիտնականներ, իսկ հասարակական կազմակերպությունները, որոնք մասնակցել են, բոլորովին չեն բնութագրվում գրանտակերությամբ, այլ երկարամյա կենսագրություն եւ անբասիր հեղինակություն ունեն. մարդիկ, ովքեր ինտելեկտով ու հայրենասիրությամբ որեւէ մեկին չեն զիջում: Ընդհանրապես ասեմ, որ, շատերի նման եւ դեռ մի բան էլ ավելի, չեմ ընդունում գրանտակեր, պատվերներով իրենց ազգը ամեն պահի 30 արծաթով ծախողներին, որոնց մի մասը կենտրոնացել է տարբեր ՀԿ-ների ցուցանակների տակ, թող ներեն ինձ իմ կողմից շատ հարգված քաղաքացիական ինստիտուտների բազմաթիվ ազնիվ ներկայացուցիչներ, մտավորականներ, ու անվանարկում են եւ՛ մեր ազգը, եւ՛ հանրային կյանքի կարեւորագույն ինստիտուտներից մեկը` հ/կ-ները: Բայց նորից եմ ուզում շեշտել, որ այս օրենքի վրա աշխատել են շատ հասարակական կազմակերպություններ, որոնք բարձր հեղինակություն ունեն, երկար տարիների անցած ճանապարհ, հայտնի են մեր երկրում լավ վարկանիշով եւ բոլորովին էլ չեն համալրում գրանտակերների ցուցակը:

 

Տարբեր հրապարակումներում` էլեկտրոնային մամուլում եւ սոցիալական ցանցերում, բավական մեծ աղմուկ բարձրացրեց «գենդեր» հասկացությունը սահմանող հոդվածը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

 

– Մեր հասարակությունում գենդերային հավասարության գաղափարի դեմ պայքար եղել է եւ բավական էական, ու մինչ օրս էլ տարբեր տեղերում դեռ հայտնաբերվում են այդ մտածելակերպը ունեցողների բարձրագոչ մտքերը: Հատկանշական է, որ հատկապես կարծրատիպերով ներշնչված տղամարդիկ են ընդգրկված այս պայքարում, ովքեր վախենում են «իրենց կնիկների» նկատմամբ իրենց ճղճիմ իշխանության համար կամ իրենց տաքուկ տեղերը կորցնելուց: Մեկ բան անկասկած է՝ կան ճշմարտություններ, որոնք ապացուցման կարիք չունեն, քանզի արմատավորված են քաղաքակիրթ մարդկության մշակույթի եւ կենսափորձի մեջ` կանայք, ի տարբերություն տղամարդկանց, հանրային կյանք են բերում ավելի շատ մարդասիրություն, բարություն, բարոյականություն, եւ սա աներկբա է բոլոր երկրների եւ ժամանակների համար: Բայց գաղափարի ընդդիմադիրները բոլոր դեպքերում կիրառում են իրենց հիմնական մոտեցումը` հասկացությունների փոխատեղում, ձեւացնելով, թե չեն հասկանում, որ գենդերի մասին խոսելիս անդրադառնում ենք ոչ թե ֆիզիոլոգիային, կենսաբանական սեռին եւ սեքսուալ վարքագծին, այլ իրավական, հանրային, սոցիալական հարաբերություններին:

 

Ինչպե՞ս կարելի է բացատրել այս ալիքը, որ բարձրացավ  օրենքի շուրջ:

– Այստեղ գումարվել են մի քանի հանգամանքներ. անգործ մնացած պարապ մարդիկ, ովքեր անելիք չունեն, մարած պարտատոմսեր, որ մտածում են, թե ինչպես վերականգնվեն եւ քաղաքական աղբանոցից փորձեն վերադարձնել իրենց: Ես չեմ անդրադառնում այն ուղեղներին, որոնք տառապում են «պերմանենտ դավադրության տեսություններով» կամ ամենուրեք մեզ համար հակառակորդներ են փնտրում` ներսում, դրսում, յուրաքանչյուր քայլափոխի: Մենք մեր հակառակորդներին գիտենք, նրանք հայտնի են, եւ պետք չէ նորանոր ավանդություններ հյուսել նրանց շուրջ: – Շատ խոսվեց դրսից պարտադրանքների մասին: – Այս առնչությամբ վստահաբար կարող եմ ասել, որ չկան նման պարտադրանքներ: Այն ճանապարհը, որով մենք գնում ենք, ուղղված է կանանց տեղը եւ դերակատարությունը մեր կյանքում ավելացնելուն, արժանի մակարդակի հասցնելուն, ընդլայնելու կանանց մասնակցությունը որոշումների կայացման տարբեր մակարդակներում: Օրենքի բուն նպատակները հենց սրանք են: Պարտադրանք չկա, սա գիտակցված որոշում է պետության կողմից, եւ այն մեր երկրի համար ուղղակի այլընտրանք չունի, քանզի երկրի բարձր որակավորում ունեցող, արդյունավետ աշխատող ներուժի մի զգալի մասը ամբողջությամբ չի ծառայում ազգային-պետական խնդիրների լուծմանը եւ ազգային պետության կերտմանը:  Պարզ է, որ սա կոնտր-արդյունավետ է ընդհանրապես մեր ժողովրդի ու հասարակության համար: Ողջ օրենքի բովանդակությունը հենց այս շնչով ու գաղափարով է համակցված: Դրանից առաջ` 2010-ին, մենք ընդունել ենք գենդերային քաղաքականության հայեցակարգը: Խնդրեմ, վերցրեք նայեք եւ կտեսնեք, որ բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, առողջապահական, սոցիալական եւ այլն, առաջադրված են խնդիրներ, որոնք միտված են ազգի, պետության, ընտանիքի, մայրության, մանկության պաշտպանությանը, կանանց դերի բարձրացմանը, հանրային-քաղաքական կյանքին հավասար մասնակցությանը եւ հավասար հնարավորություններին: Այսինքն` այն սին մեղադրանքները, թե օրենքով այլասերվածություն է տարածվում, ընդամենը հիվանդ, մտասեւեռված ուղեղների գործունեության արդյունք է: Տարրական բան` կարելի էր ոչ թե կառչել 3-րդ հոդվածից,  այլ կարդալ օրենքը մինչեւ վերջ, հասկանալ ողջ նպատակը, բայց սա, կարծես, ձեռնտու չէ, այդ պատճառով էլ չի արվում:

 

Դուք ի՞նչ եք առաջարկում:

 

– Վստահ եմ, որ օրինագծի հեղինակները եւ աջակցած ու կողմ քվեարկած մարդիկ շահագրգիռ են ու պատրաստակամ խնդրին առարկայորեն մոտենալու հարցում: Քանի որ հասարակությունը փոթորկած այսպիսի հրապարակումներ եղան եւ փորձ արվեց այս հիմքի վրա բաներ ներկայացնել, որոնք չկան իրականության մեջ, եւ շահարկել այս թեման, այդ իսկ պատճառով քաղաքական մեծամասնության կողմից կարող եմ հայտարարել, որ մենք կողմնակից ենք փոխհամաձայնության եզրեր գտնելու: Այս օրենքը հանրությունը բաժանող, հանրությունը իրար դեմ հանող օրենք չէ, եւ այն գաղափարախոսությունը, որն ընկած է օրենքի հիմքում, համաձայնության, միասնականության գաղափարախոսություն է եւ ոչ` պառակտող: Եթե որեւէ մեկի մոտ կասկած կա, եւ գուցե հանկարծ հետագայում փորձ կատարվի այս ձեւակերպումներն օգտագործել ինչ-որ չարամիտ նախաձեռնությունների համար՝ շահագրգիռ լինելով նման հավանականությունը արմատախիլ անելու, այս ամենը բացառելու եւ կանխելու համար, մենք պատրաստ ենք այլ ձեւակերպումներով հանդես գալ, պատրաստ ենք գնալ ընդառաջ, բարեփոխել կամ տալ այնպիսի պարզաբանումներ, այնպիսի մեկնություններ, որոնք կասկած ու տարընթերցումներ չհարուցեն, եւ որեւէ մեկի համար երբեւիցե հիմք չլինի այս օրենսդրության կամ քաղաքականության մեջ փնտրել ու գտնել մեզ համար բացարձակ անընդունելի երեւույթների եւ այլասերումների տարածման հնարավորություն:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ 

 

 

Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»

 

Ֆիլարետ Բերիկյան. «Օրենքի սխալ մեկնաբանման վրա ծախսած գումարները լավ կանեին սոցիալական նպատակներով ծախսեին»

 

Ուրվականները վախից են ծնվում, ոչ թե սեքսից

 

Ն.Զոհրաբյան. Կառավարությունն էլ, ինչպես միշտ, «քոփի -փեստ» է անում եվրոպական այս կամ այն երկրի նմանատիպ օրենսդրությունը

 

Կանանց ու տղամարդկանց իրավունքները հավասար են Սահմանադրությամբ, իսկ հնարավորությունները՝ առանձին օրենքով

 

Զարուհի Փոստանջյան. «Ես կողմնակից եմ, որ օրենքները կիսատ չընդունվեն»

 

«Կոտրել տաբուները» նախ մեր գիտակցության մեջ. Նաիրա Զոհրաբյան

 

Ազգային ժողովն ընդունեց գենդերային արդարություն հաստատող օրենքը

 

Արծվիկ Մինասյան. Մեր «դեմ» դիրքորոշումը շատ հստակ հիմնավորում ունի…

 

Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»

 

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրինագիծը

 

Բազմաչարչար օրինագիծը վերադարձավ Ազգային Ժողով…/ լրացված

 

Օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, վստահեցնում է Ֆիլարետ Բերիկյանը

 

Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները

 

«Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը խորթ չէ մեր ազգային նկարագրին»

 

Դիտումների քանակը` 4044

Գլխավոր էջ