«Այդ ինչու Փարիզի քաղաքապետը կարող է կին լինել, իսկ Երևանինը՝ ոչ». բլից-հարցում տղամարդկանց շրջանում
Կիրակի օրը երևանցիները ավագանի են ընտրելու ու ըստ այդմ նաև նոր քաղաքապետի: Թեկնածուները երեքն են, այդ թվում նաև Զարուհի Փոստանջյանը, ում շատերը իսկապես պատկերացնում են Երևանի քաղաքապետ և պատրաստվում ընտրել իր ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցությունը: WomenNet.am-ը մի փոքր հարցախույզ անցկացրեց հանրությանը հայտնի մի քանի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների շրջանում` պարզելու համար ինչպիսին է տղամարդկանց տրամադրվածությունը կին քաղաքապետ ունենալու հեռանկարի նկատմամբ: Կարծիքները կիսվեցին, ինչը նշանակում է, որ կարծրատիպերը դեռ ակտուալ են ու հարցված տղամարդկանցից առնվազն կեսը պատրաստ չէ զիջել կանանց իրենց դիրքերը, պաշտոնները, անգամ ավտոմեքենայի ղեկը….
“Հասարակությունը վաղուց պատրաստ է դրան”
«Հայաստանում, այո, կին քաղաքապետ չունենք, բայց ունենք շուրջ երկու տասնյակ կին համայնքապետեր, որոնք իրենց օրինակով ապացուցել են, որ ոչ միայն կարող են համայնքի ղեկավար լինել, այլև դա շատ ողջունելի է, քանի որ համայնքը միայն շահում է դրանից: Եթե կինը պրոֆեսիոնալ է, մասնագիտական համապատասխան հմտություններով ու կառավարչական ջիղով է օժտված, ապա միայն ողջունելի է համայնքի ղեկավարի պաշտոնում նրան տեսնելու հեռանկարը: Մենք ունենք համայնքներ, որոնք կանայք են ղեկավարում ու համեմատելով նույն բյուջեով մյուս համայնքների հետ, որոնց ղեկավարները տղամարդիկ ենք, կարող եմ ասել, որ մի շարք առումներով երբեմն այդ համեմատությունը ոչ նրանց օգտին է: Եվ հասարակությունը վաղուց պատրաստ է դրան ու ինձ միշտ զարմացնում են այն հարցադրումները, թե արդյոք կընդունի հասարակությունը կնոջ առաջադրումը: Այդ ինչու Փարիզի քաղաքապետը կարող է կին լինել, իսկ Երևանինը՝ ոչ»:
Աշոտ Գիլոյան,
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության
Տեղական ինքնակառավարման վարչության պետ
“Կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը”
«Քաղաքապետի կամ ցանկացած այլ ղեկավար պաշտոնի համար սեռը բոլորովին կապ չունի: Առաջինի դեպքում կարևոր է, որ լինի մարդ, ով քաղաքային տնտեսությունից գաղափար ու պատկերացում ունի, ով կարող է գլուխ հանել ասֆալտապատումից, վերելակների աշխատանքից, արտաքին լուսավորությունից ու մնացածից, ինչը ուղղակիորեն կապ ունի քաղաքապետի պաշտոնի հետ: Առաջին ու ամենակարևոր գործոնն այստեղ պրոֆեսիոնալիզմն է, իսկ սեռը երկրորդական խնդիր է, առավել ևս հաշվի առնելով, որ աշխարհի շատ ու շատ երկրներում կանայք բարձր պաշտոններ են զբաղեցնում ու դրսևորում իրենց կարողությունները: Հայաստանում, ցավոք, կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին ու պաշտոններում ներկայացվածությունը դեռ բավականին համեստ պատկեր ունի, բայց սա ոչ թե այն պատճառով է, որ կանանց բավարար ռեսուրս չունենք, այլ որովհետև կանայք իրենք իրենց ուժերին չեն հավատում: Եվ ես այսօր իսկապես ոգևորված եմ, որովհետև ունենք կին, որը հավակնում է քաղաքապետի պաշտոնին՝ անկախ նրանից, թե նա ով է և իր հնարավորությունները որքան են: Երևանի ավագանու ընտրությունները ինչպես Օլիմպիական խաղերն են՝ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը»:
Ահարոն Ադիբեկյան, սոցիոլոգ
“Ես կին քաղաքապետ չեմ տեսել”…
«Ես այդ հարցին մի փոքր այլ մոտեցում ունեմ, որը հիմնված է իմ շրջագայությունների փորձի վրա: Ես եղել եմ աշխարհի տարբեր երկրներում և իմ համերգների ժամանակ գրեթե մեծամասամբ ներկա են գտնվել տվյալ քաղաքների քաղաքապետերը: Ես կին քաղաքապետ չեմ տեսել…. դրա համար ես կարող եմ ասել մեկ բան՝ իսկապես չգիտեմ՝ կին քաղաքապետը լա՞վ է քաղաքի համար, թե ոչ: Եթե մի բան չես տեսել, չես էլ կարող կարծիք ունենալ այդ երևույթի մասին: Բայց սա ինձ թույլ է տալիս ենթադրել, որ եթե քաղաքների մեծամասնությունում տղամարդիկ են քաղաքապետերը, ապա դա նշանակում է, որ այնտեղ էլ կիսում են այն տեսակետը, որ կինը պարտավոր է դառնալ մայր ու ընտանիք ղեկավարել: Համաձայն եմ նաև մտքի հետ, որ այսօրվա ժամանակներում այս երկուսը կարելի է նաև համատեղել՝ կարիերան ու ընտանիքը, բայց ես գտնում եմ, որ ղեկավար պաշտոնում տղամարդը ավելի է նայվում: Օրինակ, երբ տղամարդը ափերից դուրս է գալիս, նա կարող է իրեն թույլ տալ ջղայն նախադասություններ, իսկ կինը չի կարող, քանզի նուրբ ու փափուկ էակ է: Եվ ես հակված եմ, որ քաղաքապետի, առհասարակ՝ ղեկավար պաշտոնում պետք է տղամարդիկ լինեն»:
Արա Գևորգյան, երգահան
“Դրական եմ վերաբերվում քաղաքականության մեջ ներգրավված կանանց”
«Իհարկե կինը կարող է լինել քաղաքապետ, ինչպես նաև զբաղեցնել այլ պաշտոններ: Եթե կինն ունենա բավարար փորձառություն կառավարման ոլորտում և ունենա նաև տղամարդկանց մեջ անվիճելի հեղինակություն, ապա տղամարդիկ անշուշտ կենթարկվեն կին կառավարչին: Բայց, այդուհանդերձ, ես կարծում եմ, որ գոնե այս պահին տնտեսությունը կառավարելու համար պետք է ավելի շատ տղամարդկային հմտություններ, թեև ես ինքս բավականին դրական եմ վերաբերվում քաղաքականության մեջ ներգրավված կանանց ու ողջունում եմ նաև այն հանգամանքը, որ Հայաստանի համայնքները ունեն կին ղեկավարներ: Մեր հասարակությունում իսկապես կան կանայք, որոնք իրավմամբ կարող են առաջնորդի դերակատարում ստանձնել, որոնք պրոֆեսիոնալ են, իրենց ոլորտներում լավ արդյունքներ են արձանագրել»:
Մամիկոն Ասլանյան,Վանաձորի քաղաքապետ
“Քաղաքապետի գործառույթները տղամարդկային տոկունություն են պահանջում”
«Քաղաքապետի գործառույթները Երևան քաղաքի պարագայում խիստ բազմազան են, ենթադրում է գերծանրաբեռնված և գերլարված աշխատանք տարբեր ոլորտի մարդկանց հետ, այդ թվում նաև տղամարդկային տոկունություն պահանջող փոխհարաբերություններում, ուստի իմ կարծիքով կինը կդժվարանա լիարժեք իրականացնել այդ գործառույթները: Իսկ այլ ոլորտներում մենք ունենք և ունեցել ենք շատ հիանալի կին ղեկավարներ, որոնք բացառիկ կարևոր դերակատարություն են ունեցել այդ ոլորտի կայացման և զարգացման համար»:
Սևադա Հակոբյան, բժիշկ–սեքսոպաթոլոգ, դոցենտ
“Ղեկավար պաշտոններում կնոջը չեմ պատկերացնում”
«Ես մի փոքր բռնապետ եմ՝ ղեկավար պաշտոններում, ինչպես նաև քաղաքապետի պաշտոնում ես կնոջը չեմ պատկերացնում: Ես ընկերներ ունեմ, որոնց կանայք, դուստրերը ավտոմեքենա են վարում ու անգամ դա ինձ համար ընդունելի չէ, որովհետև կինը ի սկզբանե ղեկավարի ամենամեծ բարձունքն ունի՝ մայր կոչվածը, և դրանից ավելին չպետք է որևէ տեղ որևէ բան կառավարի: Ես ունեմ մտերիմ կանայք, որոնք ղեկավար մարմիններում են, բարձր պաշտոններ են զբաղեցնում, բայց միևնույնն է՝ ինձ համար դա անընդունելի է: Եվ Երևանն էլ, ինչպես նաև մյուս քաղաքները պետք է կառավարեն տղամարդիկ»:
Դավիթ Ամալյան, երգիչ– երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ
«Դեմ չեմ, որ ոչ միայն քաղաքապետը, այլև երկրի նախագահն էլ կին լիներ»
«Ես դեմ չէի լինի, որ ոչ միայն Երևանի քաղաքապետը, այլև երկրի նախագահն էլ կին լիներ։ Առաջինը, մարդս մարդ լինի։ Իսկ երկրորդը՝ հայաստանյան քաղաքականությունը չափազանց, այսպես ասած, գողականացված է, ինչը հենց չափից դուրս տղամարդկային տարրի ներկայությունից էլ է։ Այնպես որ կանայք պետք է ավելի շատ լինեն քաղաքականությունում: Այլ հարց է, որ այս պահի դրությամբ դրան պատրաստ է հասարակության միայն մի մասը, թեև սա, ըստ իս, ընդամենը ժամանակի հարց է»:
Սամվել Մարտիրոսյան, մեդիափորձագետ
Զրուցեց Լիա Խոջայանը
Դիտումների քանակը` 2614