Ամուսնալուծությունների պատճառները, ինչպիսին որ կան…

«Բոլոր ընտանիքները միանման են երջանիկ: Յուրաքանչյուր ընտանիք դժբախտ է յուրովի» –  Լ. Տոլստոյի  այս  հանրահայտ արտահայտությունը այն  փաստի արտացոլումն է, որ ամուսնալուծության պատճառները յուրաքանչյուր զույգի համար յուրովի են ու տարբեր: Այնուամենայնիվ , այս հարցում  էլ որոշակի օրինաչափություններ կան:

 

ՀՀ վիճագրական ծառայության   տվյալներով ՝  վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ամուսնալուծությունների թվի աճ:  Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում  գրանցվել է 897 ամուսնալուծություն, ինչը շուրջ 15 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամուսնալուծությունների թիվը  հատակապես բարձր է Լոռու և Վայոց ձորի մարզերում: Երևանում և Արարատի մարզում՝ դրանց թիվը նվազել է։

 

Ամուսնալուծությունների թվի աճին զուգահեռ  նվազել  է ամուսնությունների թիվը:  Տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4591 ամուսնություն, որը 1,6 տոկոսով քիչ է 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

 

Որո՞նք են արձանագրվող ապահարզանների պատճառները: Մասնագետների գնահատմամբ`ապահարզանների թվի աճ գրեթե բոլոր երկրներում է գրանցվում: Ըստ էության, դա ոչ միայն Հայաստանի, այլև համամարդկային առաջնահերթ խնդիրներից է: Սակայն ակնհայտ է, որ Հայաստանում վերջին տարիներին տեղի է ունեցել արժեքների վերագնահատում, փոխվել է ընտանիքի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Նոր սերունդը այլ վերաբերմունք և պահանջներ ունի ընտանիքից։  Մյուս կողմից, իր ազդեցությունն է թողնում  նաեւ  արտագնա աշխատանքը: Հայաստանի  մարզերում  ամուսնալուծությունների թվի աննախադեպ աճը մասնագետները կապում են հենց այդ գործոնի հետ:

 

2010-ին  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացված  « Ընտանեկան բռնությունը և ամուսնալուծությունը» հետազոտությամբ    փորձ է արվել պարզաբանել ընտանեկան բռնության և ապահարզանի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը Հայաստանում:

 

Հարցմանը մասնակցել են 20-70 տարեկան 79 կին և 21 տղամարդ: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ապահարզանների նկատմամբ  հասարակության վերաբերմունքը, ի տարբերություն ընտանեական բռնության, բավականին հանդուրժողական է:

 

Հարցվածների միայն 6 տոկոսն է նշել, որ բաժանումն անթույլատրելի է, 60 տոկոսը նշել է, որ դա ամուսիների անձնական գործն է, իսկ 34 տոկոսը որոշ դեպքերում բաժանումն անխուսափելի է համարել: Պարզվել է, որ հարցմանը մասնակիցների  91 տոկոսի շրջապատում կան բաժանված մարդիկ, և միայն 9 տոկոսն այնպիսի ծանոթներ չունի: Այս արդյունքները ցույց են տալիս, որ բաժանությունը բավականին տարածված երևույթ է և արդեն հիմնականում բացասական արձագանքներ չի առաջացնում:

 

Հարցվածները ամուսնալուծության համար որպես բավարար պատճառ  նշել են .

–         ամուսնու դավաճանությունը (27 տոկոս),

–         բնավորությունների անհամատեղելիությունը (20,2 տոկոս),

–         ամուսինը ծեծում է կնոջը (19,4 տոկոս),

–         սեռական անհամապատասխանությունը(12,5 տոկոս),

–         համատեղ երեխա ունենալու անկարողությունը (8,7 տոկոս),

–         ամուսինը չի կարողանում ապահովել ընտանիքի բարեկեցությունը (5,7 տոկոս),

–         մինչ ամուսնությունը կնոջ կույս չլինելը (4,6 տոկոս),

–         տղայի ծնողները չեն ընդունում հարսին (1,9 տոկոս):

 

 

Մեկ այլ հարցի՝  «Ունեք ծանոթներ, որոնք բաժանված են, եթե այո, ապա՝ ինչն էր պատճառը»  պատասխաններից պարզ է դառնում, որ իրականության մեջ  էլ ընտանիքի քայքայման առիթ հանդիսացող հիմնական   երեք պատճառները՝  ամուսնու  դավաճանությունն  է (28,2 տոկոս),  բնավորությունների անհամատեղելիությունը (19,5 տոկոս), բռնությունը կնոջ նկատմամբ (15 տոկոս): Բացի դրանցից   լուրջ ազդեցություն ունեն    ֆինանսական խնդիրները , համատեղ երեխա ունենալու անկարողությունը,  սեռական անհամատասխանությունը:  Տղայի ծնողների կողմից հարսին չընդունելը և նրա  կույս չլինելը  ամենավերջինն են  ամուսնուլուծությանը հանգեցնող պատճառների թվում:

 

Դրա հետ մեկտեղ, հարցին ՝ Կա՞ն արդյոք ձեր շրջապատում կանայք , որոնք ենթարկվում են բռնության և եթե այո, ապա ինչպե՞ս են նրանք լուծում այդ խնդիրը,  հարցվածների 35 տոկոսը պատասխանել են , որ իրենց ծանոթները  դիմանում են, քանի որ այլ ելք չունեն, իսկ  14 տոկոսը ասել են, որ  փորձում են բաժանվել:

 

Հայ հասարակությունը ավանդաբար շատ բարձր է գնահատվում ընտանիքի դերը, հետևաբար , փորձագետների կարծիքով, շատ կանանց համար ընտանիք կազմելը և երեխաների դաստիարակությունը կյանքի հիմնական իմաստն է: Դա է պատճառը, որ կինը ցանկացած գնով ձգտում է պահպանել ընտանիքը,և միայն իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում է սկսում մտածել ապահարզանի մասին: Շատ հաճախ կինը հիասթափվում է ամուսնության առաջին իսկ տարիներին, սակայն հանգամանքների բերումով, տուրք տալով հասարակական կարծիքին, շարունակում է կրել ստորացումները և աստիճանաբար հարմարվում է իր վիճակին:

 

Փորձագետները նաև ուշադրություն են դարձնում այն  հանգամանքի վրա, որ զոհի և բռնացողի հարաբերությունները այնքան էլ միանշանակ չեն, և այսօր բռնությանը դիմացող զոհը վաղ թե ուշ գրավում է ագրեսորի դիրք: Ամուսին-կին, սկեսուր-հարս, երեխաներ-ծնողներ ահա փոխարդացաբար փոխարինվող դերերի անվերջանալի շղթան: Դա նշանակում է  , որ չկանխվող  բռնությունը սերնդափոխության միտում ունի… Իսկ սա արդեն հասարակության խնդիրն է, որը պետք է կարողանա դաստիարակության և կրթության միջոցով արմատավորել  մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը՝ դրանով  իսկ ամրացնելով ընտանիքը:

 

Անդրդառնալով ամուսնալուծությունների այլ պատճառնրին նշենք, որ, մասնագետների կարծիքով,  վերջին տարիներին ողջ աշխարհում  ընտանիքների քայաքայումը պայմանավորող եւս մեկ գործոն է ի հայտ եկել: Դա սոցիալական ցանցերն են: Օրինակ, ըստ ուսումնասիրությունների   Facebook-ը  ապահարզանների 33 տոկոսի իսկ Twitter-ը  20 տոկոսի “մեղավոր”  է  համարվում։։ Ամուսինների վիճաբանության առիթ են հանդիսացել  հակառակ սեռից ստացված  “ինտիմ”  բնույթի  հաղորդագրություններն,  ինչպես նաեւ իրենց ամուսնական կյանքի մանրամասների քննարկումը ֆեյսբուքյան ընկերների հետ։

 

Ա. Հակոբյան

Դիտումների քանակը` 5567

Գլխավոր էջ