ԱՄՆ դեսպան. «Հայ կանայք տաղանդավոր են…»/ վիդեո
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Ջոն Հեֆերնը youtube-ի իր տեսաբլոգում անդրադարձել է գործարար հայ կանանց հիմնախնդիրներին եւ կանանց ձեռներեցության խթանման հնարավորություններին:
Տեսանյութում դեսպանը, մասնավորապես, պատմել է, թե ինչպես իր կնոջ՝ Լիբբի Հեֆերնի հետ, մասնակցել են մի շարք միջոցառումների, որոնք ուղղված են եղել կանանց ձեռներեցության խթանմանը Հայաստանում: ՙԴեսպանությունն աշխատում է ակտիվ քաղաքացիական կազմակերպությունների հետ, որոնք ձգտում են մեծացնել կանանց դերակատարումը բիզնեսում, գյուղատնտեսության ոլորտում և շուկայական տնտեսության մեջ: Ոչ մի երկիր չի կարող թույլ տալ, որ իր տաղանդների կեսը չօգտագործվի: Իսկ հայ կանայք տաղանդավոր են»,- ասել է դեսպանը:
Նրա գնահատմամբ՝ գործարար կանանց եւ ոչ միայն նրանց , անհրաժեշտ է, առաջին հերթին, առողջ գործարար միջավայր: Հիմնական պայմանը մրցակցությունն է, որը թույլ կտա զարգացնել փոքր և միջին բիզնեսը: Երկրորդը, անհրաժեշտ է հարկերի և մաքսային վճարումների թափանցիկությունն ու կանխատեսելիությունը ապահովել, եւ վերջապես , անկախ դատական համակարգի առկայությունն է կարեւոր գործն:
Սեպտեմբերի 29-ին դեսպանն ու իր կինը մասնակցել են Երևանում կայացած գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-վաճառքին, ուր ներկայացված էր հանրապետության տասը մարզերում գործող կին ֆերմերների արտադրանքը: «Մենք անցանք սեղանից սեղան, գնեցինք չրեր, դդումներ՝ առաջիկա տոնի համար, թարմ մրգեր ու բանջարեղեն և իհարկե մեղր»,- վիդեոբլոգում հիշել է Լիբբի Հեֆերնը:
Դեսպանն էլ հավելել է, որ սննդամթերք ու գյուղմթերք արտադրող կանայք անշուշտ զարգացնում են շուկայական հարաբերությունները. ապրանքների ներկայացման ու իրացման հմտություններին գերազանց տիրապետելով՝ կարողնում են շուկա իջեցնել քրտնաջան աշխատանքով ստեղծված բարիքները:
«Ապրանքներն իրացնելու կարողությունը արտադրական արժեշղթայի կարևորագույն օղակն է: Իսկ հայ կանայք դա կարողանում են վարպետորեն կատարել: ԱՄՆ դեսպանությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ունեն մի շարք ծրագրեր, որոնք ագրոտուրիզմի և գյուղմթերքների վերամշակման ասպարեզում օժանդակում են գործարար կանանց՝ հատկապես գյուղական բնակավայրում: Մենք ունենք նաև կանանց մենթորական ծրագիր, որին աշնանը կներգրավվեն Երևանից դուրս ապրող բուհերի ուսանողուհիներ»,- շարունակել է դեսպանը՝ եզրափակելով իր խոսքը հայերենով ՝ «Գործարար կանանց պետք է թափանցիկ գործարար միջավայր»:
Պատրաստեց՝ Հասմիկ Հարությունյանը
Դիտումների քանակը` 4796