Ամենաբարդը մեր երազած երկրում ապրելն է լինելու
«Անցնող 20 օրերին գրեթե բոլորը հստակ ձեւակերպեցին ինչ են ուզում եւ, որ ավելի կարեւոր է, ինչ այլեւս չեն ուզում: Ուզում են հավասարություն, համերաշխություն եւ արդարություն, չեն ուզում սուտ, կեղծիք, յուրայինների կլանային բաժանումներ ու ատելություն: Ամեն ինչ, կարծես, պարզ է: Ուզեցինք: Գուցե եւ ստանանք: Հետո՞: Իսկ հետո ամենաբարդն է: Հետո պետք է ապրենք այնպես, ինչպես ուզեցինք՝ արդար, օրինական, հանդուրժող երկրում՝ բոլորի համար», – գրում է լրագրող Սոնա Մարտիրոսյանը «Մեդիամաքսի» սյունակում:
Երբ Ազգային ժողովում 4 կուսակցություն ու դաշինք փոխած պատգամավորը ճառեր է կարդում հավատարմության եւ սկզբունքի մասին, կարելի է հասկանալ՝ իր գործը խոսելն է: Իսկ ի՞նչ պետք է անի այդ ճառը լսողը: Առնվազն կասկածի թե՛ հավատարմության, թե՛ սկզբունքի հարցում:
Կուսակցական տոմսերը պատռող ուսուցիչներով հպարտանալուց առաջ մտահոգվել է պետք՝ կրթության որակով եւ ուսուցիչների, ովքեր արժեհամակարգ են բերում դասարան: Համակարգային խնդիր լինելուց զատ ու, նույնիսկ առավել, սա բարոյական խնդիր է դառնում: Այդ ուսուցիչները բաց աչքով ու սթափ հոգեվիճակում են կուսակցական դարձել, մասնակցել ընտրություններին՝ ամեն մեկն իր չափով: Եվ հիմա՝ այս բարոյական զարթոնքի մասին թատերական ներկայացմամբ հիանալուց առաջ, ուղղակի մտածեք. սա դարձի ճամփա՞ն է:
… Սիրո եւ համերաշխության մասին խոսելն ամենաբարդն է: Որքան պահանջում ես, այդքան պետք է տաս: Ընդհանրապես, բարդ է քեզանից տարբեր որեւէ մեկին սիրելը, ինչպես անձը քո: Առաջարկում եմ ուղղակի հարգել: Հարգել նշանակում է չծաղրել մարդկանց արտաքին տեսքի, կրոնական, քաղաքական համոզմունքների, սեռական կողմնորոշման, մաշկի, աչքերի, մազերի գույնի համար: Բարդ բան եմ ասում, բայց հնարավոր: Ողջ մարդկանց անուններով սգո ժապավեններ փողոցում փակցնելով ոչինչ չի փոխվում, պաշտոնյայի երեխային վիրավորելով՝ առավել եւս:
Կհակադարձեք՝ իրենք են մեղավոր, իրենք են հասցրել այս աստիճանի: Եվ, գուցե, ճիշտ եք: Նրանք սխալ էին, բայց սխալը ուղղելու միակ տարբերակը ճիշտ վարվելն է: Ամենադժվարը դեռ նոր է սկսվում: Մենք պետք է փոխվենք՝ կողք կողքի ապրելու համար:
Նյութն ամբողջությամբ. Mediamax.am
Դիտումների քանակը` 2860