Ամալյա Եղոյանը  նշանակվել է ՏՏ ոլորտի  փոխնախարար

Այսօր  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Ամալյա Եղոյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար։ Մինչ այդ Եղոյանը զբաղեցնում էր Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը:  

 

Ուղիղ մեկ տարի առաջ WomenNet.am-ը  զրուցել էր Ամալյա Եղոյանի հետ , որպես նորարար գաղափարներ առաջ տանող կնոջ, ով հաջողությունների է հասել  ՏՏ ոլորտի  մենեջմենթում:  Այն ժամանակ  նա  Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենն էր: Իր խոսքով ՏՏ ոլորտում հայտնվել է «ճակատագրի բերումով», բայց երբեք, ոչ մի վայրկյան այդ ճակատագրից չի դժգոհել:

 

Մեզ հետ զրույցում  Ամալյա  Եղոյանը պատմեց, որ  մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժինը: 2006-ին ՝ ինստիտուտի վերջին կուրսում ընդունվել է աշխատանքի Գյումրիի ՏՏ կենտրոնում՝ որպես ղեկավարի օգնական: Առանձնապես մեծ հույսեր չի ունեցել, որ այս ոլորտում կհաջողեր, սակայն հարցազրույցների հաջող փուլից հետո հրավիրել են աշխատանքի: «Երեք փուլով հարցազրույց անցա՝ տնօրենի և հիմնադիրների հետ, ու չէի սպասում, որ արդյունքը դրական է լինելու: Սկզբում համակարգեցի կրթական ծրագրերը՝ ուսանող-դասախոս կապը»,- պատմում է  Ամալյա Եղոյանը:

 

Նշենք, որ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Այն այսօր դարձել է  տեխնոլոգիական և ստեղծագործական կենտրոն:  

 

Սկսելով իր աշխատանքը կենտրոնում  որպես ադմինիստրատիվ ասիստենտ, Ամալյա Եղոյանը քիչ անց  դառնում է  կրթական ծրագրերի համակարգող, այնուհետեւ  փոխտնօրեն, եւ վերջապես  ՝ գործադիր տնօրեն: Ամալյան խոտովանում է, որ սկզբնական շրջանում իր համար շատ դժվար էր, սակայն այդ ամենը հաղթահարեց լավ ղեկավարների, լավ կոլեկտիվի շնորհիվ: «Միայն աջակցություն եմ ստացել և նրանք ինձ թույլ չտվեցին, որ իմ վախերը խորանան: Ինձ համար ամենաբարդը տերմինոլոգիան էր»,- ասում է Ամալյա Եղոյանը:

 

Հարցին՝ կնոջ համար դժվար չէ՞ աշխատել ՏՏ ոլորտում աշխատել, Ամալյա Եղոյանը  պատասխանում է. « Ցանկացած ուժեղ կնոջ կողքին պետք է լինի հավատացող տղամարդ: Այդ առումով իմ բախտը բերել է այնքանով, որ իմ ղեկավարները ինձ  շատ օգնել են, աջակցել ու վստահել են,  եթե նրանք այդպիսին չլինեին, հաստատ դժվար կլիներ: Նրանք ինձ  նայել են որպես հավասարի»:

 

Այսօր  Ամալյա Եղոյանն ուրախությամբ փաստում է, որ կենտրոնի շրջանավարտների 100 տոկոսն աշխատում է  տեղեկատվական ոլորտում, իսկ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ շրջանավարտների 70 տոկոսն աշխատում է  Գյումրիում: Նրա խոսքերով՝ 12 տարիների ընթացքում ունեցել են 2000 շրջանավարտ, որոնք այսօր աշխատում են Հայաստանի լավագույն ընկերություններում:

 

«Մեր քաղաքի, ինչպես նաև մեր երկրի խնդիրը միշտ էլ եղել է աշխատատեղը, որովհետև մեր տաղանդաշատ երիտասարդներն, ավարտելով ինստիտուտը, չգտնելով համապատասխան աշխատանք համապատասխան մասնագիտությամբ, մեկնել են արտերկիր, Երևան, և Գյումրիից տեղի է ունեցել մեծ արտագաղթ, ուղեղների արտահոսք։ Այսօր ոչ մեծ չափով, այնքանով, որքանով կենտրոնն ունի հնարավորություն, կանխում է այդ արտագաղթը, ու դա ստացվում է, քանի որ  Գյումրիում   տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում  500-ից ավելի տեղացի մասնագետ է աշխատում , 25 ընկերություններ հենց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում են», -ասում է Ամալյա Եղոյանը։ 
 

 

Մի խոսքով,  Գյումրիում ՏՏ ոլորտը զարգանում է, վերջին տարիներին Հայաստանի երկրորդ մայրաքաղաքում բացվել են մի քանի հայտնի ընկերությունների մասնաճյուղերը, ինչն էլ ավելի է մեծացրել հետաքրքրվողների շրջանակը: «Ուրախ եմ, ոգևորված, որ ՏՏ ոլորտի ընկերությունները հենց Գյումրիում են բացվում: Առաջընթացը, զարգացումն անխուսափելի են»,- վստահ է Ամալյա Եղոյանը: Ասում է, հաջողության հասնելու համար պետք է հավատաս , որ կարող ես,  ամեն բան սիրով անես և լիարժեք՝ առանց ինքդ քեզ խաբելու…

 

Մ.Մարգարյան

 

Դիտումների քանակը` 4031

Գլխավոր էջ