Աղքատությունը թվերով

Հոկտեմբերի 17-ը աղքատության վերացման միջազգային օրն է։  

ՄԱԿ-ի տվյալներով , ողջ աշխարհում  250 տրիլիոն դոլարի հարստություն է արտադրվում, որի կեսը պատկանում է մարդկության 1%-ին, մյուս կեսը 99%-ին:  Օքսֆամի կողմից  հրապարակված զեկույցի համաձայն ,  աշխարհի 85 ամենահարուստ մարդկանց ունեցվածքն այնքան է, որքան 3.5 մլրդ ամենաաղքատներինը՝ միասին վերցրած:

 

Պաշտոնական տվյալներով,  Հայաստանում  բնակչության մեկ երրորդը կամ՝ ավելի քան 900  հազար մարդ աղքատ է: Նրանցից ավելի քան 400 հազարը շատ աղքատ է, իսկ ավելի քան 80 հազար մարդ՝ ծայրահեղ աղքատ է: Ոչ պաշտոնական գնահատականներով, աղքատությն մակարդակը Հայաստանում ավելի բարձր է:

 

Ամեն երրորդը աղքատ

 

2013թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 32 տոկոսըի կամ 967 հազար մարդու Աղքատներից 13.3 %-ը` շատ աղքատ է (402 հազար մարդ), 2.7%-ը` ծայրահեղ աղքատ (82 հազար մարդ):

Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի՝  2013թ.-ին իրենց  աղքատ են համարել  հարցվածների   18.0 %-ը  ` ծայրահեղ աղքատ են իրենց համարել 3.3%-ը: Իրենց կենսամակարդակը միջինից բարձր գնահատած տնային տնտեսությունները կազմել են 4.6%,իԻրենց հարուստ  են համարել հարցված բնակչության 0.1%-ը:

Նշենք, որ ԱՎԾ-ն աղքատության մակարդակի հաշվարկները իրականացնում է 5 184 տնային տնտեսություններում անցկացվող հարցումներով:

 

 

Աղքատությունը Երեւանում եւ մարզերում

 

Միջին հանրապետականից բարձր են ՀՀ Շիրակի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերի ցուցանիշները: ՀՀ Շիրակի մարզը շարունակում է մնալ ՀՀ ամենաաղքատ տարածաշրջանը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 46%-ը:

 

Ովքեր են աղքատ համարվում

 

2013-ին աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին` ընդհանուր գծից՝  39 193 դրամ:

Շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին` ընդհանուր գծից 32 հազար 318 դրամ, իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից, որը 2013 թվականին կազմել է 22 հազար 993 դրամ:

Աղքատության վերը նշված գծերը սահմանվում են ըստ առաջին անհրաժեշտության ապրանքերի գների եւ սպառման ծավալների: Այսպես. «Պարենային աղքատության գիծը» սահմանվում է մոտ մեկ տասնյակ անուն պարենային ապրանքների գներով եւ քանակներով: Օրինակ՝ մեկ շնչի հաշվով հացի սպառումը օրական պետք է կազմի նվազագույնը 461 գրամ, մսամթերքինը՝ 48.3 գրամ, ձկնամթերքինը՝ 2.5 գրամ, ձվինը՝ 18.6 գրամ, բանջարեղենինը՝ 203.7 գրամ, կարտոֆիլինը՝ 145.6 գրամ, եւ այլն: Ահա այս քանակությամբ ապրանքների գները համադրելով՝ ստացվում է «Պարենային աղքատության գիծը» եւ դրանից պակաս եկամուտ ունեցողները համարվում են ծայրահեղ աղքատ կամ այլ ձեւակերպմամբ՝ «թերսնվածներ»: Աղքատության մյուս՝ վերին եւ ստորին գծերը որոշելու համար պարենային վերը նշված ապրանքներին ավելացվում են նաեւ ոչ պարենային ապրանքներ եւ ծառայություններ՝ բնակվարձ, գազ, էլէներգիա, ջուր, դեղամիջոցներ, հագուստ, կոշիկ եւ այլն, որոնց նվազագույն քանակությունը անհրաժեշտ է մարդուն գոյատեւելու համար:

 

Բարձրագույն կրթությամբ աղքատները

 

Բարձրագույն կրթությամբ աղքատ լինելը նոնսենս է ցանակացած երկրի համար: Թեպետ բարձրագույն կրթություն ունեցող անձանց շրջանում աղքատության մակարդակն ամենացածրն է` այն մոտ 1.6 անգամ ցածր է  միջին հանրապետական ցուցանիշից եւ  գրեթե 2,3 անգամ  և 2.1 անգամ ցածր է, քան միջնակարգ եւ ավելի  ցածր կրթություն ունեցողներից:  Միջնակարգ ընդհանուր կրթությամբ անձինք աղքատ բնակչության շրջանում կազմում են ամենամեծ խումբը (48 %):

 

Աշխատող աղքատները

 

Ծայրահեղ աղքատ են գնահատվել զբաղվածների 1.5%-ը, գործազուրկների` 3.8%-ը: Աղքատ են գնահատվել զբաղվածների 25.6%-ը, գործազուրկների` 39.8%-ը:

 

Աղքատության ռիսկը մեծանում է, եթե

 

Մեծահասակների (60-ից բարձր տարիք) առկայությունն ավելացնում է ընտանիքների  աղքատության մակարդակը 1.5 անգամ: Դրա հետ մեկտեղ միայն տարեցներից բաղկացած տնային տնտեսության աղքատության մակարդակը 1.6 անգամ ցածր է միջին հանրապետական մակարդակից):

 

Երեխայի առկայությունն ավելացնում է աղքատության մակարդակը: Մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության մոտ 2 անգամ ավելի բարձր ռիսկ (64.7%)` հանրապետական միջին մակարդակի համեմատ (32.0%), ինչպես նաև ավելի բարձր ռիսկ այն տնային տնտեսությունների համեմատ, որտեղ առկա են թվով ավելի քիչ երեխաներ:

 

Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունների(դրանք հանրապետությունում  32.2%  -են կազմում ) աղքատության մակարդակը (36.4%)   բարձր է տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակից (` 30.5%):

 

 

Մանկական աղքատություն

 

Մինչև 18 տարեկան երեխաների 3.3%-ն ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 37.3%-ն ` աղքատության մեջ:

Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 47.5%-ը,իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 6.5%-ը

Մեկ կամ ավելի հաշմանդամություն ունեցո  երեխաներով  տնային տնտեսություններում ծայրահեղ աղքատության ռիսկն ավելի բարձր է: Նրանց 43.9%-ն աղքատ է, իսկ 6.7%-ը`ծայրահեղ աղքատ:

Երեխաների ընդհանուր թվաքանակի ավելի քան մեկ քառորդն (26.2%) ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 46.4%-ն աղքատ է, իսկ 4.9%-ը` ծայրահեղ աղքատ, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում այն կազմում է համապատաս- խանաբար` 36.1 և 2.9%:

2013թ.-ի տվյալները ցույց են տալիս մանկական աղքատության տարբերություններն ըստ սեռի` աղքատ է աղջիկների 39.2 և տղաների`35.7%-ը (բոլոր երեխաների 37.3%-ը):

Այսպիսով,  երեխաներն ավելի խոցելի են և ընդհանուր, և ծայրահեղ աղքատության ռիսկի նկատմամբ, քան բնակչությունն ամբողջությամբ վերցված:

 

Աղքատները աղքատանում, հարուստները՝ հարստանում

 

Հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսական աճի պայմաններում աղքատները շահում են, բայց ոչ այնքան, ինչքան հարուստները, իսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում (2009-2010թթ.), երբ տնտեսությունն  անկում է ապրում, ավելի շատ տուժում են հենց աղքատները, իսկ հարուստները, անգամ ճգնաժամի պայմաններում, հիմնականում շարունակում են հարստանալ:

 

Չքավորության եւ հարստության բեեւռներում

 

Հայստանում ` 10 տոկոս ամենաապահով բնակչության դրամական եկամուտները գերազանցում  են  10 տոկոս ամենաաղքատ խավի եկամուտները 15.9  անգամ, իսկ սպառողական ծախսերի մասով` 8.2  անգամ:

2013թ.-ին սպառման անհավասարությունը, որը չափվում է Ջինիի գործակցով, ավելացել է` կազմելով 0.271` 2008թ.-ի 0.242-ի համեմատ: Ըստ ամբողջական եկամուտների` անհավասարությունն ավելացել է` կազմելով 2013թ.-ին 0.372` 2008թ.-ի 0.339-ի համեմատ:

 

Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք

 

ՀՀ ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտության համաձայն, իրենց  կենսամակարդակը բարձրացնելու  ուղղությամբ ամենահաճախ պլանների մասին խոսելով տնային տնտեսությունների  16 և բարձր տարիքի անդամներից  34.3%) նշել են հետևյալը` ինձանից ոչինչ  կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանք և լավ պայմաններ, 24.3%-ն էլնշել են, որ պլաններ չունեն: Հարցվածների 12.5%-ը նշել է, որ փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում, իսկ  սեփական գործ ցանկանում է  սկսել Հայաստանում միայն 0.5%-ը:

Հարցվածների միայն  30.3%-ն են կարծում, որ  նոր սերունդն ավելի լավ կապրի, 27.9%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին, 21.7%-ի  կարծիքով նոր սերունդն ավելի վատ կապրի, մնացած 20.1%-ը ասել են`  նրանք կապրեն նույն ձևով:

 

Աղքատների միայն կեսն է օգտվում նպաստներից

 

Հայաստանում ընտանեկան եւ սոցիալական  նպաստ և միանվագ դրամական աջակցություն ստացող ընտանիքների թիվը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  2013-ի ամփոփ տվյալներով կազմում էր 114 005: Այդ ընտանիքների անդամների թիվը 418 002 է, որոնցից 240 378–ը կանայք են, իսկ 177 624–ը` տղամարդիկ։ Ըստ էության, աղքատության շեմից ներքեւ ապրող 980 հազար քաղաքացիներից միայն կեսն  են օգտվում ընտանեկան նպաստից:

 

Անվճառ բժշկական փաթեթից օգտվել է աղքատների 5.5 տոկոսը:

 

Հայաստանում անվիճելի է աղքատ տնային տնտեսությունների համար անվճար բժշկական փաթեթի կարևորությունը: 2013-ին պետական պատվերի իրավունք ունեցել է բնակչության միայն 7.1%-ը: Ըստ աղքատության մակարդակի` պետական պատվերի իրավունք ունեցել է ծայրահեղ աղքատների 3.6 %-ը, աղքատների (առանց ծայրահեղ աղքատների)` 6.2%-ը և ոչ աղքատների` 7.6%-ը:

Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների միայն 9.7%-ն է ունեցել այդ փաթեթից օգտվելու իրավունք, այդ թվում` ծայրահեղ աղքատների`5.3%-ը, աղքատների (առանց ծայրահեղ աղքատների)` 9.4%-ը և ոչ աղքատների` 10.6%-ը:

 

Որքան կարժենա աղքատության հաղթահարումը

 

2013-ի տվյալներով,  աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 83.9 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 2.0 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին: Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 2.7 մլրդ.դրամ կամ ՀՆԱ-ի 0.1 %-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության և ապահովելով բարձր հասցեականություն: Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են: Բարձր հասցեականություն ապահովելու նպատակով պահանջվող ռեսուրսների համեմատ, ազատական տնտեսակարգով երկրներում, աղքատության հաղթահարման համար պահանջվող նվազագույն ռեսուրսները հարկ է առնվազն կրկնապատկել:

 

 

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով,

«Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» , 2014

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Օքսֆամ. «Ունենալով ամեն ինչ, ցանկանում են ավելին»

 

«Աշխատելով մի քանիսի համար» – Օքսֆամը բացահայտում է անարդարությունը.

 

Ֆինանսական ճգնաժամից ի վեր միլիարդատերերի քանակն ամբողջ աշխարհում կրկնապատկվել է

 

Օքսֆամ.«Միասին կանգնեցնե՛նք խորացող անհավասարությունը»

 

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

 

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

 

Մանկական աղքատություն

 

Դիտումների քանակը` 5280

Գլխավոր էջ