Աղքատությունը ՝ դպրոցից դուրս մնալու պատճառ
Թեպետ Հայաստանում կրթության ոլորտը համարվում է երկրի զարգացման ամենաառաջնային գերակայություններից, իսկ բոլորովին վերջերս ամրագրվեց պարտադիր տասներկուամյա կրթությունը, սակայն վիճագրական տվյալների վերլուծությունը և բազմամթիվ փաստերը վկայում են , որ հանրակրթությունը այսօր մատչելի չէ բոլորի համար : Կրթություն ստանալու հնարավորությունները սահմանափակ են հատկապես գյուղական վայրերում ապրող երեխաների համար և նրանք անհավասար պայմաններում են գտնվոում քաղաքներում բնակվող երեխաների համեմատ :
ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների համաձայն՝ հինգ տարվա կտրվածքով 2007-2012թթ. ՀՀ պետական և ոչ պետական դպրոցներից հեռացել է և որևէ տեղ ուսումը չի շարունակել ավելի քան 22.3 հազար աշակերտ, որոնցից 60%-ը տղաներ են :
Դպրոցից դուրս մնալու գլխավոր պատճառը հանդիսանում է ընտանիքների սոցիալական անապահովությունը, ինչի հետևանքով երեխաները չունեն համապատասխան հագուստ կամ գրենական պիտույքներ, հաճախ սոված են լինում, ենթարկվում են ծաղրի հասակակիցների կողմից: Հիմնական դպրոցից հետո կրթությունը չշարունակողների մեծ մասը աղքատ ընտանիքների երեխաներն են : Հատկապես գյուղական վայրերում տղաներն ու աղջիկները վաղ հասակից են օգնում ընտանիքին, ընդ որում աշխատանքի բաժանումը կատարվում է ըստ կնոջն ու տղամարդուն ավանդաբար վերագրվող գենդերային դերերի. դպրոցահասակ աղջիկները երբեմն ստիպված են լինում ծանրաբեռնվել տնային տնտեսության և փոքիկ քույրիկների կամ եղբայրների խնամքի հոգսերով, իսկ տղաները ստանձնում են ընտանիքը կերակրողի պարտականությունը
Արմանի դեպքը
Ես Արմանն եմ, տասնհինգ տարեկան եմ: Ընտանիքում 6 երեխա ենք: Ծնողներս զբաղվում են անասնապահությամբ, նրանք էլ կրթություն չունեն: Մեծ քույրս արդեն տասնյոթ տարեկան է, դպրոց չի գնացել՝ միայն առաջին և երկրորդ դասարան: Մեզ հետ զբաղվում է անասնապահությամբ, ես նույնպես դպրոց չեմ գնում /գնացել է մինչև 5-րդ դասարան/: Երկու եղբայրներս փոքր են, մնացած երեխաները հաճախում են դպրոց: Ապրում ենք վագոն տնակում, որը պատկանում է ֆերմայի տիրոջը: Կցանկանայի, որ հնարավորություն լիներ դպրոց գնայի: Հագուստ չունեմ, դասարանի երեխաները միշտ ծիծաղում էին իմ վրա: Ես անասնապահությամբ եմ զբաղվում, այդ պատճառով հաճախակի էի բացակայում դպրոցից և այդպես էլ որոշեցի այլևս չգնալ դպրոց: …Որ դասերից շատ էի բացակայում, ուսուցիչներին հետաքրքիր չէր, ես կգնամ դպրոց թէ ոչ: Վատ սովորող երեխային ուսուցիչը ոչինչ չի ասում, որ բացակայում է, կարևորում են եթե դպրոցում լավ ես սովորում: Ես լավ չէի սովորում:
Ընտանիքի սոցիալական անապահովության գործոնը մեծ դեր է խաղում հատկապես ավագ դպրոցի դեպքում : ՀՀ Վիճագրական ծառայության կողմից անցկացված տնային տնտեսությունների կենսամակարդակի հետազոտությունները փաստում են, որ ավագ դպրոցում կրթությունը չեն շարունակում հիմնականում բնակչության ամենաաղքատ խավերն ու գյուղական բնակչությունը:
Փաստ
Ավագ դպրոցում ամենահարուստ խմբի երեխաների համախառն ընդգրկվածությունն ամենաաղքատից 1.3 անգամ ավելի բարձր է, հիմնական դպրոցն ավարտելուց հետո հանրակրթական համակարգից դուրս եկածների մեծ մասն աղքատ է
Գոռի պատմությունը
Երբ պետք է ավագ դպրոց գնայի, որոշեցի չգնամ: Ծնողներս չէին հասցնում մեր նյութական խնդիրները հոգալ: Չորս երեխա ենք, քույրիկներիս հազիվ ենք դպրոց ուղարկում: Դժվար է, շոր, կոշիկ, ամեն ինչ պետք է գնես իսկ գումար չկա: Ես որոշեցի մայրիկիս հետ շուկայում ապրանք վաճառել: Դպրոցում վատ չեմ սովորել, հաշվարկներում ինձ օգնում է դպրոցիս սովորած գիտելիքներնը: Կցանկանայի դպրոց գնալ, բայց միջոցներ չկա.. Հայրս ու մայրս ինձ փորձեցին համոզել ,որ դպրոցս շարունակեմ, բայց ես զգացի, որ շատ բաներով հետ եմ մնում իմ ընկերներից և ավելի լավ է, որ դպրոց չգնամ: Դպրոց էի գնում մաշված հագուստով, իսկ ընկերներս….նման շատ բաներ: Այս սեպտեմբերին մայրս ինձ համար համազգեստ էր գնել: Կոշիկ չկարողացանք գնել: Սիրում եմ դպրոցը, բայց… տանը գիշերներն եմ կարդում: … մտածում եմ, էդ անտեր գումարը շատ որոշիչ է: Մարդ գոնե պետք է օրվա հաց ունենա, որ դա իր կրթությանը չազդի: /Տավուշի մարզ՚ /
Աղքատության հետևանքով երեխաների դուրս մնալը ոչ միայն այսօրվա խնդիր է, այլև ապագայի: Այսօր լավ կրթությունը թանկ հաճույք է և բավականին մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում: Աղքատ ընտանիքի երեխան, մի կողմից, առանց լուրջ օգնության չի կարող հաղթահարել այս խոչընդոտը և, հետևապես, չի կարող դուրս պրծնել աղքատության ճիրաններից: Մյուս կողմից, կրթության առկայությունը աղքատությունը կրճատելու գործոն է հանդիսանում : Այս անելանելի շրջապտույտը հղի է վտանգներով ողջ հասարակության համար, քանի որ ձևավորված աղքատության մշակույթը կայունանում է և անընդհատ վերարտադրվում, նոր արգելք հանդիսանալով հասարակության զարգացման ճանապարհին:
Հանրակրթությունից դուրս մնալու հետևանքները տարբեր են աղջիկների և տղաների պարագայում: Աղջիկների դեպքում դա առավել հաճախ նշանակում է վաղ ամուսնություն և հետագայում կրթությունը շարունակելու հնարավորության կորուստ: Դա կորուստ է նաև հասարակության համար, քանի որ չկրթված մայրերի թվի ավելացումը իջեցնում է հաջորդ սերնդի ինտելեկտուալ մակարդակը: Դպրոցից դուրս եկող տղաների դեպքում ՝ մուտքը աշխատանքային շուկա չի բացառում որևէ արհեստ սովորելու հնարավորությունները: Սակայն հաշվի առնելով կրթական համակարգից մեծ թվով տղաների դուրս մնալու միտումը, ակնհայտ է հետագայում զգալի թվով ֆունկցիոնալ անգրագետ քաղաքացիների երևան գալու վտանգը:
Նշենք, որ անցյալ տարի Հայաստանում օրենքով ամրագրվեց տասներկուամյա պարտադիր կրթությունը՝ լինի դա ուսումնարան, քոլեջ կամ որեւէ այլ հաստատություն: Կառավարությունն իր այս նախաձեռնությունը հիմնավորում էր նրանով, որ ուզում է դպրոց վերադարձնել տարեկան 3-5 հազար երեխաներին, ովքեր տարբեր պատճառներով չէին շարունակում իրենց կրթությունը 9-րդ դասարանից հետո: Այլ հարց է, թե ինչպես է այդ մտադրությունը կյանքի կոչվելու հատկապես սոցիալական անապահով երեխաների դեպքում, որոնցից շատերն այսօր նույնիսկ առաջին դասարան գնալու հնարավորությունից են զրկված՝ շոր, կոշիկ, դպրոցական պարագաներ չունենալու պատճառով…
Ըստ «Կրթության մատչելիության գենդերային ասպեկտները»
հետազոտության տվյալների, 2014
Հ.Գ. Հետազոտությունը անցկացվել է 2014թ. Հայաստանի չորս մարզերում՝ Տավուշում, Վայոց ձորում, Լոռիում եւ Սյունիքում՝ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Դպրոց չհաճախող երեխաներ. Աշխարհում և Հայաստանում
«Եթե կա մի բան, որ պետք է պարտադրել, դա կրթությունն է»
Ճանապարհ դեպի դպրոց. ինչպիսի՞ն է այն Հայաստանում
Նախադպրոցական տարիքի երեխաների 80 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում
Դիտումների քանակը` 6392