Աղքատության դեմքը

Աղքատությունը կանանց դեմք ունի… Այդ են վկայում ներկայացվող  տեսանյութերը,  որոնք նկարահանվել են  «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից:  Կենտրոնի  աշխատակիցները գտնում եւ  այցելում են   Գյումրիում անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին ՝ ամերիկահայ բարերարների կողմից տրամադրված օգնությունը բաժանելու նպատակով։

 

«Տնակային ավանների աղքատ բնակիչների շրջանում մեծ թիվ է կազմում փլուզված ընտանիքները։ Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մանկահասակ երեխաներ ունեցող միայնակ մայրերի, և նույնիսկ երեխաներին գիշերօթիկ հաստատություններում տեղավորած կամ ծեր ծնողների խնամքին թողած ու արտերկրներ աշխատելու նպատակով մեկնած մայրերի։ Սակայն այս ամենից ամենասարսափելին այն է, որ հայ ընտանիքների ու երեխաների կործանվող ճակատագրերի նկատմամբ տիրում է համատարած անտաբերություն», –  նշում են տեսանյութերի հեղինակները։

 

 

 

Գյումրիում վերջին տարիներին նկատվում է ևս մեկ ցավալի երևույթ` կանանց ու հատկապես միայնակ մայրերի Թուրքիա և Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու դեպքերի աննախադեպ աճ: Եվ որպես կանոն, նրանցից շատերն իրենց մանկահասակ երեխաներին կամ տեղավորում են մանկատներում, կամ թողնում են տարեց տատիկների խնամքին:

 

 

 

… «Երկրաշարժից կիսախարխուլ շենքերում և տնակային ավաններում շրջագայելով` առաջին իսկ հայացքից անգամ աչքի է զարնում, որ այդ բնակիչների շրջանում մեծ թիվ է կազմում մանկահասակ երեխաներ մեծացնող միայնակ մայրերի ընտանիքները: Մեր դիտարկումերով և առանց չափազանցության Գյումրու անօթևան և աղքատ ընտանիքներից մոտ 40 տոկոսում բացակայում են տղամարդիկ:

Գյումրու` նախկին Լենինականի երկրաշարժի հետևանքով կիսափլված «Շինարարների» փողոցի վրա գտնվող դպրոցներից մեկում, ներկայումս բնակվում են մի շարք անօթևան ընտանիքներ, որոնց մեծ մասը անօթևանների հերթացուցակում հաշվառված չեն և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթական չեն: Կիսախարխուլ շենքում պատսպարված այդ ընտանիքների բնակարաններում բացակայում է կոմունալ կենցաղային բոլոր տեսակի պայմանները, չկա անգամ կոյուղի և ջուր…»:

 

Աղբյուրը՝  http://shirakcentre.org/

Դիտումների քանակը` 4289

Գլխավոր էջ