Աղջիկների ամուսնության տարիքը Հայաստանում. հնում ու այսօր
Աղջիկների ամուսնական տարիքը քննարկման առարկա դարձավ կառավարության վերջին որոշումից հետո, որով գործադիրը հավանություն տվեց տղաների եւ աղջիկների ամուսնական տարիքը հավասարեցնող օրինագծին: Ըստ այդմ, աղջիկների ամուսնական տարիքի շեմը բարձրացվել է, նախկին 17 տարեկանի փոխարեն սահմանվելով 18 տարեկան: Ի՞նչ են մտածում մասնագետները այս փոփոխության մասին: Արդարացված է արդյո՞ք այն բժշկության տեսանկյունից եւ ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս փոփոխությունը ամուսնությունների թվի վրա: Ո՞ր տարիքում են ամուսնացրել հայ աղջիկներին հնում, ո՞ր տարիքում են նրանք ամուսնանում այսօր:
Անշուշտ հետաքրքիր էր լսել այս հարցով նախ ազգագրետի կարծիքը: «Տարբեր ազգագրական աղբյուրների վկայության համաձայն, Հայաստանում մինչեւ տասնիներորդ դարի վերջը, աղջիկների համար ամուսնական տարիք է համարվել 11-12 տարեկան հասակը, ավելի ուշ`արդեն խորհրդային շրջանում այս շեմը բարձրացել է մինչեւ 17 տարեկանի եւ հարցը կարգավորվել է օրենքով», – WomenNet.am –ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը, ընդգծելով, որ վաղ տարիքում ամուսնությունը չի արտահայտվել սեռական կյանքով ապրելով: “Աղջիկները որոշ ժամանակ ադապտացվել են այդ ընտանիքին, նրանց պահել են երեխայի պես, այսպես ասած, մեծացրել որպես տան աղջիկ: Միայն սեռահասունացման տարիքից հետո նրանք սկսել են ապրել լիարժեք սեռական կյանքով”,- նշեց ազգագրետը:
Մեր ժամանակներում՝ Աոողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վերաարտադրության նպաստավոր տարիքն է համարվում 25-30 տարեկան հասակը: Կանանց առողջության պահպանման առումով բժիշկ-գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը երիտասարդ զույգերին խորհուրդ է տալիս երեխայի ծնունդը պլանավորել 20 տարեկանից հետո` հաշվի առնելով, որ վերարտադրության համար ամենանպաստավոր տարիքը՝ 20-25 տարեկանն է: Բժիշկ գինեկոլոգը նաեւ նշում է, որ 17 եւ 18-ամյա աղջիկների միջեւ բժշկական տեսանկյունից տարբերություն կա, ուստի կառավարության համապատասխան որոշումը ողջունելի է:
Այսօր Հայաստանում ամուսնության միջին տարիքը դե-ֆակտո, այսինքն ըստ Ազգային վիճծառայության (ԱՎԾ) տվյալների, աղջիկների համար 24.5-ը տարեկանն է համարվում, իսկ տղաների համար`28 տարեկանը:
ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի ներկայացմամբ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների համաձայն, վերջին 5 տարիներին վիճակագրությունը, մեկ տարում միջինը գրանցվել է 17 տարեկան աղջիկների ամուսնության 100 դեպք: Ի տարբերություն սրա, 18 տարեկանում ամուսնացող աղջիկների թվի աճ է նկատվում` տարեկան անցնելով 600-ի սահմանը:
Կարինե Կույումջյանի խոսքով, վերջին տարիներին 17-ամյա աղջիկների ամուսնության նվազման միտում է նկատվում, այնպես որ, հիշյալ փոփոխությունը ամուսնությունների թվի վրա էական ազդեցություն ունենալ չի կարող: 2010թ-ին գրանցվել է 17-ամյա աղջիկների 57 ամուսնություն, փոխարենը աճել է 18-19 տարեկան աղջիկների ամուսնության ցուցանիշը: Ինչ վերաբերվում է տղաներին, ԱՎԾ տվյալներով, 18-ամյա պատանիների ամուսնության ցուցանիշը տարեկան հասնում է 40-ից 50-ի:
Մտահոություն կարող է առաջացնել 17-18 տարեկանից ցածր ամուսնությունների թիվը, որոնց գրանցումը թեեւ օրենքով արգելված է, սակայն արձանագրվել են այդ տարիքում ամուսնության դեպքեր, երբ հարկ է եղել գրանցել երեխայի ծննունդը: “Անկախ այն հանգամանքից , որ չկան 15-ամյա աղջիկների ամուսնության գրանցումներ, սակայն նրանք երեխաներ են ունեցել և երեխաների ծնունդը գրանցվել է”,- նշում է ԱՎԾ մասնագետը: ԱՎԾ տվյալներով, 2010թ-ին 18 դեպք է գրանցվել, երբ 15 ամյա աղջիկները ծննդաբերել են, 16-ամյա աղջիկների ծննդաբերության դեպքերը հասնում են 96-ի, իսկ 17 տարեկաններինը` 300-ի:
Հոգեբանները ամուսնության համար նպաստավոր տարիք չեն նշում. ամեն ինչ կախված է անհատի հոգեբանական առանձնահատկություններից: Սեռահասունացման տարիքից բացի, ըստ հոգեբան Աննա Բադալյանի, երիտասարդ զույգը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի այդ քայլին: Հոգեբանի խոսքով, այս առումով, էական չէ, զույգը երիտասարդ է, թե հասուն:
Հոեգեբանը կարեւորում է նաեւ ավանդական ընտանիքներում մեծերի աջակցությունը երիտասարդ զույգին այս կամ այն խնդիրը հաղթահարելիս: Ինչ վերաբերվում է զույգերի տարիքային տարբերությանը, ապա հաշվի առնելով աղջիկների եւ տղաների ֆիզիոլոգիական եւ հոգեբանական հասունության հետ կապված առանձնահատկությունները, նախընտրելի է, որ տղան նվազագույնը 4 տարով մեծ լինի, իսկ մաքսիմալ տարբերությունը նրանց միջեւ կազմի 7-10 տարի:
Մարիաննա Ղահրամանյան
Լուսանակարը՝ Վահե Բաբայանի
Դիտումների քանակը` 8102