Աղունիկ Հազրյան. «Դժվար պայքար է լինելու , բայց պայքարելու եմ մինչև վերջ»:

WomenNet.am- զրուցակիցն է  Ամասիա համայնքի ղեկավարի  թեկնածու  Աղունիկ Հազրյանը:  

Ամասիայում  հոկտեմբերի 2-ին սպասվող ընտրություններն  այս անգամ խոշորացված կարգով են անցնելու:   Համայնքը խոշորացվել է՝ միավորելով 9 համայնք՝ այդ թվում նաև Արեգնադեմը, որը արդեն 11 տարի անընդմեջ  ղեկավարում է Շիրակի մարզի երկու կին  գյուղապետներից մեկը ՝  Աղունիկ Հազրյանը:

 

Աղունիկ Հազրյանի ընտանիքն առաջիններից էր, որ երկրաշարժից հետո վերաբնակվել է Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ գյուղում:

 

«Հնարավորություններ են եղել Երևանում կամ այլ տեղ բնակվելու, սակայն ամուսնուս հետ որոշեցինք հենց այստեղ մնալ: Առաջին հայ երեխան, որ ծնվեց այս գյուղում, առաջնեկս էր` Անդրանիկը: Շատ եմ սիրում իմ գյուղը և հենց սկզբից էլ ցավում էի, որ համայնքն առաջընթաց չէր ապրում, օր օրի եղածն էլ քանդվում էր:  Որոշեցի դառնալ գյուղի ղեկավար, որ առաջխաղացում լինի, զարգանա… »:

 

Այս տարիների ընթացքում շատ բան է հաղթահարել գյուղապետը: Ունեցել է և անձնական հաղթանակներ, գյուղն էլ իր գյուղապետի համառության շնորհիվ նույնպես ունեցել է ձեռքբերումներ…

 

Այս ընտրություններին  Աղունիկ Հազրյանը երկար ժամանակ կասկածներ ուներ իր առաջադրման հետ կապված, բայց ի վերջո որոշումը կայացրեց` առաջադրվում է: Համագյուղացիները պնդեցին՝ ասեցին, քվեաթերթիկի վրա գրիչով կավելացնեն նրա  անունը.
WomenNet.am- ի հետ զրույցում  տիկին Հազրյանը  նշեց, որ  իր կասկածների պատճառն էլ ոչ թե աշխատելու ցանկության բացակայությունն է, այլ խնդիրները, որ առաջ են եկել համայնքների խոշորացման հետևանքով:

 

«Հանգամանքներ կան, որ ստիպեցին ինձ երկար մտածել առաջադրվել-չառաջադրվելու շուրջ. խոշորացում է լինելու, իսկ դա նշանակում է տարբեր համայնքներ, տարբեր մարդիկ: Բայց ի վերջո փորձեցի ռիսկի գնալ և առաջադրվեցի»,- ասաց նա:

 

Նրա խոսքով, ժողովուրդն իրեն լավ ճանաչում է, այն ինը համայնքներում, որոնք միավորվում են, բոլոր տեղերում ծրագրեր արել է և մարդիկ իր աշխատելը տեսել են: Ինչ վերաբերում է ընդհանուր խոշորացման գործընթացին, ապա տիկին Հազրյանի խոսքով, այն իրենից վատ բան չի ներկայացնում, բայց   լավ կլիներ, եթե երեք-չորս գյուղ խոշորացնեիին, ոչ թե միանգամից տաս: Բացի այդ, խոշորացվում են բազում խնդիրներ ունեցող  համայնքներ` սահմանամերձ, սոցիալական խնդիրներով և այլն:

 

Թեպետ Աղունիկ Հազրյանը  ՀՀԿ անդամ է ,սակայն ինքնաառաջադրվել է:  Նա երկու մրցակից ունի, երկուսն էլ Ամասիայի բնակիչ են եւ անկուսակցական:  Նրանցից մեկը  կին է՝ 67-ամյա Ջեմմա Հարությունյանը , եւ ստացվում է , որ Ամասիան  այն եզակի համայնքներից է, որտեղ մրցակցությունը նաև կանանց միջև է լինելու: Աղունիկ Հազրյանն ասում է. «Դժվար պայքար է լինելու , բայց պայքարելու եմ մինչեւ վերջ»:

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 3113

Գլխավոր էջ