Ընտանեկան բռնություն. տասն օրում երրոդ կինն է սպանվում

Տասն օրում երեք կին սպանվեց` երկուսը ամուսիների, մեկը` սկեսրայրի կողմից: Ոճրագործություններն  իրենց դաժանությամբ չէին զիջում մեկը մյուսին:

 

Այսօր առավոտյան Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում ամուսինը՝ 50-ամյա Յուրիկ Բաբայանը փայտով ծեծել ու սպանել է  կնոջը՝ 50-ամյա կնոջը` Անահիտ Բաբայանին:  Ըստ շրջանառվող լուրերի, Յուրիկ Բաբայանը հարբեցող էր: Ամուսիններն ունեին երեք որդի, ցավոք նրանցից մեկը, ով նոր էր ծառայությունից վերադարձել` հունվար ամսին կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Գյուղում պատմում են, որ նրանք միջին կարգի ապրող ընտանիք են եղել, բայց  ընտանիքում միշտ էլ անհաշտություն է եղել` ծեծ, կռիվ, որն էլ հավանաբար նրանց որդու ինքնասպանության պատճառն է հանդիսացել:

Սպանությունը տեղի է ունեցել տան բակում, վաղ առավոտյան:  Ամեն ինչ սկսվել է կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունից…

Ոստիկանությունը զուտ պաշտոնական ու չոր տվյալներ է հրապարակում.  «Հուլիսի 3-ին`ժամը 9:10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում Յուրի Գրիշայի Բաբայանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Աղավնաձորի իրենց տանը ծեծի է ենթարկել կնոջը` Անահիտ Սարգիսի Բաբայանին, դիտավորյալ փայտով հարվածել է գլխին և պատճառել մահ: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Յուրի Բաբայանը ձերբակալվել է»…

 

Ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 27-ին Նավուրում  Վալենտին Սարգսյանը վիճել է կնոջ` 60-ամյա Լիանետա Պետրոսյանի հետ: Վեճը այն աստիճանի է հասունացել, որ Սարգսյանը նռնակը նետել է աներորդու տան վրա: Վալենտին Սարգսյանը, նրա կինը` Լիանետա Պետրոսյանը և աներորդու կինը` 61-ամյա Թամարա Հարությունյանը մահացել են: Իսկ աներորդին` 62-ամյա Բորիս Պետրոսյանը վիրավորվել է և տեղափոխվել էր հիվանդանոց:

 

 

Հունիսի25-ին էլ Արարատի մարզի Մասիս քաղաքում, որն բռնության առումով դեռ հայտնի էր դարձել ամուսնու ու սկեսրոջ կողմից ծեծի հետևանքով սպանված Զարուհի Պետրոսյանի գործով, սկեսրայը դանակի մի քանի հարված որովյանին հասցնելուց հետո մորթել էր հարսին, ապա սպանել էր իրեն: Չհաստատված տեղեկություններով, սկեսրայը խանդի պատճառով է սպանել այրի հարսին, ով իբր պատրաստվում էր ամուսնանալ մի տղամարդու հետ, ով պատրաստ էր հայրություն անել երեխաներին:

 

Կանանց իրավունքների կենտրոնի իրավաբան Սաթենիկ Գևորգյանն այն կարծիքին է, որ այս և այլ   բռնությունների հիմքում գենդերային անհավասարությունն է, իսկ խոցելի խումբը կանայք ու երեխաներն են: Ս. Գևորգյանը կարևորում է, որ այս ու մինչ այս կանանց նկատմամբ կիրառված բռնությունների գործով արդար վճիռ կայացվի: Իրավաբանը կարծում է, որ դա կբերի նման բռնությունների կանխմանը: «Սա կօգնի նաև վերացնել «իմ կինն է, ինչ կուզեմ, կանեմ» մտածելակերպը»,-նշում է Ս. Գևորգյանն ու փաստում, որ իրավապահ մարմինները սկսել են լուրջ ուշադրություն դարձնել ընտանեկան բռնության դեպքերին ու արդար քննություն անցկացնելուն:

Կենտրոնի իրավաբանը դատապարտում  է ընտանեկան բռնության ցանկացած դրսևորում, ու նշում, որ կենտրոնը հետևողական է լինելու, որպեսզի մեղավորները ստանան արժանի պատիժ, իսկ բռնությունը դուրս մեղվի հայ ընտանիքներից ու հասարակությունից:

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4398

Գլխավոր էջ