Ակադեմիկոս Թուտելյանին զարմացնում է, որ Հայաստանում ալյուրի հարստացման ծրագիրն ընդդիմախոսներ ունի
Աշխարհում մեծ ճանաչում ունեցող գիտնական, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր դիետոլոգ, ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Վիկտոր Թուտելյանը զարմացած է նրանով, որ ալյուրի հարստացման ծրագիրը Հայաստանում ընդդիմախոսներ ունի:
Հիշեցնենք, որ խոսքը Առողջապահության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծի մասին է, որի համաձայն ալյուրը հարստացվելու է երկաթով և ֆոլաթթվով: Այս նախաձեռնության ընդդիմախոսները պնդում են, որ ավելորդ ֆոլաթթվի քանակությունը առաջացնում է մի շարք քաղցկեղածին հիվանդություններ, մասնավորապես մանկահասակ երեխաների մոտ բրոնխիալ ասթմա և այլ հիվանդություններ:
«Ես իմ հայ ժողովրդին միշտ համարել եմ իմաստուն, խելամիտ ազգ։ Բայց երբ եկա ու իմացա, որ շատերը դեմ են ցորենի ալյուրի հարստացմանը, խիստ զարմացա և հիասթափություն ապրեցի: Չգիտես ինչու, սնունդը վիտամիններով հարստացնելու ծրագրի ընդդիմախոսներն այստեղ անչափ շատ են», – ասաց Վիկտոր Թուտելյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ ` նշելով, որ անցած դարի 40-ական թվականներից մինչև 1991-ը Խորհրդային Միությունում ալյուրը 100 տոկոսով հարստացվել է, այդ թվում` ֆոլաթթվով` նպաստելով բնակչության առողջության պահպանմանը։
Ընդդիմախոսների հարցադրմանը՝ «պետք չէ Աստծո տված հացը ձեռք տալ», Թուտելյանը պատասխանում է. « Մենք Աստծո գործերին միջամտեցինք ավելի վաղ, երբ սկսեցին սպիտակ հաց ուտել: Այսօր խանութներում վաճառվող սպիտակ հացը զրկվել է բնության տված միկրոսննդատարրերից ցորենի մշակման արդյունքում: Իրականում, սպիտակ ալյուրի մեջ, ինչպես նաեւ սպիտակ հացի մեջ, գրեթե չկան օգտակար նյութեր, դրանք հեռացվել են ալյուրից այն աղալու ժամանակ»: Նրա խոսքով, կարելի է իհարկե հրաժարել սպիտակ հացից եւ օգտագործել միայն թեփով հացը, սակայն պատրաստ է արդյո՞ք բնակչությունը ավելի թանկ վճարել այդպիսի հաց գնելու համար: Դրա համար էլ ընտրվել է ալյուրի հարստացման տարբերակը:
Թուտելյանի խոսքով, մենք հպարտանում ենք բարձրակարգ բժշկական ծառայություններով, սակայն աշխարհն այսօր գնում է մարդուն առողջ պահելու, հիվանդությունները կանխարգելելու ուղղությամբ: Նա հիշեցրեց, թե մարդու առողջությունը պայմանավորված է առողջ ապրելակերպով, ֆիզիկական ակտիվությամբ, շրջակա միջավայրի ազդեցությամբ և այլն, առավել կարևոր դերակատարություն ունի սնունդը։
«Մարդը որպեսզի կարողանա իր սննդի հետ ստանալ կենսականորեն անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոսննդատարրերը, օրական պետք է ընդունի առնվազն 4 հազար կիլոկալորիա»,- նշեց մասնագետը` ավելացնելով, որ կանանց փաստացի էներգածախսը կազմում է օրական 1700-1800, իսկ տղամարդկանց համար` 2000 կկալ։
Նրա խոսքով՝ մարդիկ այսօր ակտիվ կենսակերպ չեն վարում, եւ, եթե նրանք ավելի շատ կալորիաներ օգտագործեն, քան օգտագործում են, կսկսեն ավելորդ քաշ հավաքել: Մյուս կողմից սննդակարգը սահմանափակելու դեպքում օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ վիտամիններ եւ այլ միկրոնուտրիենտներ, ինչը կարող է բացասաբար ազդել առողջության վրա: Բացի այդ՝ կալորիաների բարձր մակարդակ դեռ չի երաշխավորում, որ օրգանիզմը կստանա բոլոր անհրաժեշտ նյութերը, քանի որ բազմակի վերամշակված սննդի մեջ, որը ամենատարածվածն է այսօր, վիտամիններ ու միներալներ գրեթե չեն մնում: Ուրեմն ինչպե՞ս լուծել այս դիլեման։
Այս խնդրի լուծումը Թութելյանի խոսքով աշխարհը տեսնում է արհեստական միկրոնուտրիենտների ընդունման կամ տարբեր սննդատեսակների հարստացման, այդ թվում ալյուրը հարստացնելու մեջ: Դա, նրա խոսքով, չի ավելացնի սննդակարգի կալորիականությունը, սակայն օրգանիզմին կտա դրա գործունեության համար անհրաժեշտ բոլոր նյութերը:
Մեկ այլ հարցադրմանը, թե ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանը հարուստ է կանաչեղենով, մասնագետը նշում է, որ այն քիչ է յուրացվում և չի կարող բավարարել օրգանիզմի պահանջը։ ««Դա դարի մարտահրավերն է, և ոչ մի երկրում հնարավոր չէ բնական սննդի միջոցով բավարարել օրգանիզմի միկրոսննդատարրերի պահանջարկը: Ցորենի ալյուրի հարստացումը լիովին անվտանգ է և օգտակար», – վստահեցրեց նա ` նշելով, որ ողջ աշխարհն է գնում այդ ճանապարհով, իսկ Հայաստանը չգիտես ինչու ընդդիմանում է և կարող է տեղում մնալ` կորցնելով ազգի առողջությունը։ Նա անդրադարձավ բոլոր այն խնդիրներին, որոնք առաջանում են այդ ծրագրի բացակայության պատճառով՝ ցածր քաշի երեխաներ, ծանր հետևանքներ պտղի վրա, անեմիա եւ այլն, ինչը արդեն իսկ ֆիքսում են Հայաստանում կատարված առողջապահական հետազոտությունները: Հատկապես շեշտադրեց խնդրի կարեւորությունը հղի կանանց դեպքում: «Բոլոր կանայք հղիության ժամանակ պետք է մտածեն իրենց ապագա երեխայի մասին: Կինը պետք է զբաղվի իր երեխայի առողջությամբ՝ մինչ նրա ծնունդը, քանի որ դրա պատասխանատվությունը մոր վրա է», – ասաց նա:
Ակադեմիկոսը նաեւ նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստեղծված գիտական խմբի կողմից իրականացված հատուկ հետազոտությամբ ապացուցվել է, որ ֆոլաթթուն քաղցկեղածին չէ։ Նա ներկայացրեց ԱՄՆ-ում, Կանադայում, Չիլիում, Ավստրալիայում, Իրանում և մի շարք այլ երկրներում ցորենի ալյուրի հարստացման արդյունքում առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավման արդյունքները։
Նշենք, որ Թուտելյանը Երեւանում է գտնվում Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում եւ բացի ասուլիսից հանդես էր եկել «Օպտիմալ սնունդն առողջության և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման կարևորագույն գործոն» թեմայով դասախոսությամբ, ինչպես նաեւ մասնակցել թեժ քննարկմանը, որը տեղի է ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում առողջ սննդի հարցերին նվիրված կլոր սեղանի ժամանակ:
Դիտեք նաեւ Վիկտոր Թուտելյանի հարցազրույցը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը.
Դիտումների քանակը` 4829