ԱԺ-ում ներկայացված 14 կանանցից կեսը լավագույն պատգամավոր են ճանաչվել
«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը ամեն տարեսկզբին ամփոփում է անցած տարին ու մատնանշում այն քաղաքական ու հասարակական գործիչներին, որոնք աչքի են ընկել իրենց ակտիվությամբ, որոնց գործունեությունը լայն քննարկվել է հանրության կողմից և որոնք կարողացել են բարձրաձայնել իրենց անունը ոչ միայն հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս:
Այս տարվա անվանակարգերում հաճելիորեն շատ են ներկայացված կանայք, ինչի առնչությամբ «Հանուն ապագայի» համակարգող Լևոն Երզնկյանը WomenNet-ի հետ զրույցում նշեց, որ իրենք չէին կարող չարձանագրել այդ փաստը, առավել ևս, որ թեկնածուներն առաջարկվել են նախաձեռնության վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով: Այնպես որ անաչառությունն այս իմաստով պահպանվել է: Իսկ բացի այդ, շարունակեց նա, ինչպե՞ս կարող էին չարձանագրել, որ, օրինակ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի կարիերային վերելքը ոչ միայն կուսակցական կամ անձնական սահմաններում է վերելք, այլև քաղաքական դաշտում ընդհանրապես` նորանկախ Հայաստանի պատմության մեջ նա երկրորդ կինն է, ով ստանձնում է այդ բարձր պաշտոնը ու ստանձնում ոչ թե դե-յուրե, այլև դե-ֆակտո ակտիվություն ցուցաբերում:
Եվ այսպես, ներկայացված անվանակարգերը, որոնցում իրենց տեղն են գտել կանայք, հետևյալն են.
Ինչպես արդեն նշեցինք «Տարվա քաղաքական վերելք» անվանակարգը բաժին է հասել Հերմինե Նաղդալյանին:
Վերջինս, ի դեպ, ներկայացված է նաև «Տարվա ամենաակտիվ պատգամավորներ» անվանակարգում, որտեղ ներկայացված քսան պատգամավորներից յոթը կանայք են: Այսինքն, ԱԺ-ում ներկայացված 14 կանանցից կեսը լավագույն պատգամավոր են ճանաչվել:
Նրանց թվում են՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը,
ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը, Արփինե Հովհաննիսյանը,
ՀՀԿ խմբակցության անդամ, ՄԻԱԿ կուսակցության անդամ Նաիրա Կարապետյանը,
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
«Հանուն ապագայի» նախաձեռնությունը «Տարվա գրող» տիտղոսը հանձնել է Անուշ Ասլիբեկյանին,
«Տարվա բլոգեր» է ճանաչել «Ժառանգության» համամասնական ցուցակում տեղ գտած Իզաբելլա Աբգարյանին,
իսկ «Տարվա հաղորդավարուհի» Էռնա Էլիզբարյանին:
«Տարվա քաղաքական հաղորդում» անվանակարգում էլ մատնանշել «RԷվոլյուցիա» Սաթիկ Սեյրանյանի հետ» հաղորդումը: Թեպետ հաղորդումը եթեր դուրս եկավ միայն տարեվերջին, սակայն այս փաստը չխանգարեց ըստ արժանավույն գնահատել այն:
Նշենք նաև, որ «Տարվա նախաձեռնություն» է ճանաչվել «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը, որում ակտիվ ներգրավված է ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Էնզելա Մակարյան
P.S. WomenNet.am-ը շնորհավորում է բոլոր հաղթողներին, նորանոր հաջողություններ մաղթելով նրանց:
Անվանակարգերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ.
http://yerznkyan.wordpress.com/2013/01/14/armenians2012/
Դիտումների քանակը` 5695