Ազգային համաձայնության կառավարության կազմում ընդամենը երկու կին նախարար կա
Այսօր՝ մայիսի 12-ին ամբողջությամբ ձևավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությունը, ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվեցին բոլոր նախարարները: Համաժողովրդական ալիքի ֆոնին իշխանության եկած ազգային համաձայնության ժամանակավոր կառավարությունում, որը բաղկացած է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետից և 17 նախարարներից, ընդամենը երկուսն են կին:
Նրանցից մեկը՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանն է, ով զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Երկրորդը՝ բանասիրական գիտությունների թեկնածու , Հայ-ռուսական (Սլավորական) համալսարանի դասախոս/ Լիբերալ կուսակցության անդամ Լիլիթ Մակունցն է, ով նշանակվել է մշակույթի նախարար:
Հերթական անգամ փաստը մնում է փաստ. 90 –ականներից ի վեր Հայաստանի բոլոր կառավարություններում երկու կամ առավելագույնն երեք կին է նախարարի պաշտոն զբաղեցրել, և դա անկախ այն բանից թե ինչ չափով են կանայք մասնակցել համազգային շարժմանը կամ այս կամ այն ուժի կողմից առաջնորդվող քաղաքական պայքարին… Նման պատկեր է եղել 88-ի շարժման արդյունքում ձևավորված իշխանությունների կազմում , այդպես է և այսօր, թեպետ հույսեր կային, որ այս անգամ այլ կերպ կլինի… Պատճառների մասին դեռ առիթ կլինի խոսելու, փաստենք միայն, որ ավանդույթի ուժն ավելի ուժեղ գտնվեց նույնիսկ առավելապես երիտասարդ կադրերով համալրված կառավարության դեպքում… Ի դեպ, նոր կառավարության անդամների միջին տարիքը 40-ից քիչ ավելի է. ամենաերիտասարդ անդամը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է՝ 27 տարեկան, ամենատարեցն՝ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ 52 տարեկան:
Ո՞վքեր են նորանշանակ կին նախարարները
Հանրությանը առավել հայտնի է ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով այսուհետ ղեկավարելու է սոցիալական ոլորտը:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1978 թվականին, Ալավերդի քաղաքում:
Կրթություն
1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։
2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:
Աշխատանքային գործունեություն
2003 – 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։
2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։
2004 – 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ,
2006 – 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։
2009 թվականից աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։
2017 թվականին «Ելք» դաշինքի կողմից ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր:
Կուսակցական պատականելիություն
2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Նշանակումից անմիջապես հետո ր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար:
«Ստանձնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ սկսում է հայրենիքին և ժողովրդին ծառայելու նոր՝ ավելի պարտավորեցնող ու սպասումներով լեցուն փուլ։ Ինձ անձամբ ճանաչողները գիտեն, որ պաշտոնը ինձ համար նախ և առաջ պատասխանատվություն է` ինչքան բարձր, այնքան ավելի պարտավորեցնող… Ցավոք, տասնամյակների կուտակված խնդիրները նոր իշխանությանը փոխանցել են լրջագույն մարտահրավերներ՝ աղքատություն, գործազրկություն, հաշմանդամություն, երեխաներ, ծերեր, մարդկային ճակատագրեր… Ամեն օր անելու եմ հնարավորինն ու անհնարինը քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու համար։ Հանուն համազգային նպատակների իրականացման, հանուն Հայաստանի Հանրապետության` հավատարիմ մնալով կառավարության անդամի բարձր կոչմանը… Շնորհակալ եմ», – գրել է Մ. Թանդիլյանը:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պաշտոնում նշանակվելուց հետո Facebook-ում իր առաջին գրառման մեջ շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և խոստացել կարծրատիպեր կոտրել:
«Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար!! Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»: Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետև գիտեմ՝ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի: Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի»,- գրել է Լիլիթ Մակունցը:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1983թ. նոյեմբերի 7-ին` Երևանում:
Կրթություն
2005թ. ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության մագիստրատուրան:
2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։
2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում։
Աշխատանքային գործունեություն
2005թ-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:
2016 թթ.-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում:
2018թ.-ի փետրվարին զբաղեցրել է Ռուս-հայկական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: Ամուսնացած չէ:
Կուսակցական պատկանելիություն
Հայաստանի Լիբերալ կուսակցության անդամ է, exel 1 կուսակցության խորհրդի անդամ և երիտասարդական կազմակերպության ղեկավար, 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել ՀԱԿ համամասնական ցուցակում՝ Հայաստանի Լիբերալ կուսակցության կողմից:
«Կանայք պետք է ԼԻՆԵՆ խնդրի լուծումը»…
Նշենք, որ մինչ կառավարության ձևավորումը մամուլում բնապահպանության նախարար նշանակվելու առնչությամբ ակտիվ շրջանառվում էր «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանի անունը : Երեկ Լենա Նազարյանն այս առիթով գրառում է կատարել Facebook-յան իր էջում:
«Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, մեզ էլ է դա մտահոգում: Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս խնդրի մասին, այլ ԼԻՆԵՆ խնդրի լուծումը: Իմ փորձից եմ ասում: Շնորհավորում եմ իմ թիմի անդամներին նշանակումների կապակցությամբ: Բարի երթ բոլորին! Կհանդիպենք ԱԺ-ում», – գրել է նա:
Դիտումների քանակը` 4108