Ազգային ժողովն ընդունեց գենդերային արդարություն հաստատող օրենքը
Այսօր Ազգային ժողովում երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը: Օրենքն անցավ 108 կողմ, 1դեմ և 8 ձեռնպահ ձայներով :
Նշենք, որ օրենքի քննարկումը երրորդ ընթերցմամբ կայացել էր դեռ նախորդ քառօրյայի ընթացքում՝ մայիսի 2-ին: Քննարկում որպես այնպիսին չի էլ եղել, քանի որ, ինչպես տեղեկացրեց պատգամավորներին հարակից զեկուցողը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը 2-ից 3-րդ ընթերցման ընթացքում օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել, իսկ արված փոփոխությունները խմբագրական էին, բովանդակային փոփոխություններ չեն եղել։ Դրա համար նա միայն հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել: Նույն առաջարկով դիմեց խորհրդարանին օրենքի նախագծի հիմնական զեկուցող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը:
Օրենքի քվեարկումը սակայն կայացավ միայն այսօր: Այն ընդունվեց 108 կողմ ձայնով: Դեմ էր քվեարկել՝ Արմեն Մխիթարյանը ՀՀԿ-ից: Ձեռնպահ էին ՝ Վարդան Այվազյանը, Հակոբ Հակոբյանը ՀՀԿ խմբակցությունից, Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» -ից , Հրանտ Բագրատյանը ՀԱԿ խմբակցությունից, Աղվան Վարդանյանը, Արմեն Բաբայանը ՀՅԴ-ից: Ձեռնպահ էր քվեարկել նաև օրենքի ակտիվ ջատագովներից մեկը՝ ՀՅԴ-պատգամավոր Արծվիկ Մինասյանը, քանի որ իր առաջարկները չէին ընդունվել:
Օրենքի տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ:
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Արծվիկ Մինասյան. Մեր «դեմ» դիրքորոշումը շատ հստակ հիմնավորում ունի…
Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրինագիծը
Բազմաչարչար օրինագիծը վերադարձավ Ազգային Ժողով…/ լրացված
Օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, վստահեցնում է Ֆիլարետ Բերիկյանը
Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները
Դիտումների քանակը` 4900