«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ցուցակի առաջին տասնյակում երեք կանայք կան: Ընդհանուր առմամբ, 101 թեկնածուներից 38-ը կամ ցուցակի 38%-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:
«Մեր ցուցակում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների տեր կանայք՝ լրագրողներ, ծրագրավորողներ, մանակավարժներ, հաշվապահներ, փաստաբաններ, անհատ ձեռնարկատերեր: Կան նաև այնպիսի կանայք, ովքեր այս պահին գործազուրկ են: Հիմնականում երիտասարդ կանայք են ներգրավված»,-WomenNet.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:
Նրա խոսքով, կուսակցությունը ներգրավել է մեծ թվով կանանց ոչ թե օրենքի պարտադրանքով, այլ սեփական կամքով: «Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կանանց ներկայացվածության հարցը հատուկ բարձրացրեց, առաջարկելով 70/30 հարաբերակցության մասին դրույթին իրավական ուժ տալ հենց այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,-հիշեցրեց նա:
Նշենք, որ ցուցակում ներառված են ինչպես անկուսակցական, այնպես էլ «Ազատ դեմոկրատներ», «Ազատություն» կուսակցությունների անդամ կանայք:
Ցուցակի առաջին կինը՝ 4-րդ հորիզոնականում ներկայացված, բոլորին քաջ հայտնի Անահիտ Բախշյանն է, ով այս պահին Երևանի «Բարև Երևան» խմբակցության անդամ է, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը, ունի օրենսդիր մարմնում աշխատելու փորձ: Նա նախորդ տարիների ընթացքում բարձրաձայնել է Երևանի, երևանցու խնդիրների, կրթության համակարգում եղած բացերի մասին, եղել է վիրավոր զինծառայողների ընտանիքների կողքին… Կարելի է երկար ու երկար թվարկել նրա արածները: Թերևս իր այդ անձնվեր աշխատանքի շնորհիվ է, որ «Ժառանգություն»-ից հեռացած կնոջը «Ազատ դեմոկրատներ»-ում պատվել են՝ ցուցակի առաջին կին թեկնածուն դարձնելով:
Ցուցակի հաջորդ կինը կուսակցության փոխնախագահն է ՝ Անժելա Խաչատրյանը (6-րդ տեղ): Նա տևական ժամանակ կուսակցության մամուլի քարտուղարն էր, մասնգիտությամբ լրագրող է, պատրաստվում է քաղաքագիտության թեկնածու դառնալ: Երիտասարդ կինը հասցնում է ամեն ինչ՝ քաղաքականությամբ զբաղվել, ԱՄՆ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնել, կրթությունը շարունակել, ընտանիք կազմել, երեխայի ժամանցն ապահովել:
Ցուցակի 8-րդ հորիզոնականում Սոնա Մինասյանն է, կուսակցության մամուլի խոսնակը, մասնագիտությամբ լրագրող: Նա և Անժելա Խաչատրյանը կանգնած են կուսակցության ստեղծման ակունքներում, հիմնադիր անդամներ են:
Ցուցակի 13-րդ տեղում Լիաննա Չիթչյանն է, նա «Ծիր Կաթին» նախադպրոցական ուսումնական կենտրոնի տնօրենն է:
Ցուցակում հաջորդ կինը՝ 20-րդ հորիզոնականում է՝ Հռիփսիմե Բոչոլյանը Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի օգնականն է:
Սիրարփի Ավթանդիլյանը (25-րդ տեղ) Վոնդեֆուլ Թրեվլ Ընդ Տուրս ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն է: Հաջորդը (28-րդ տեղ) Իրինա Չիթչյանն է, Realty ՍՊԸ, հիմնադիր-տնօրենը: Նա նույն կուսակցության ցուցակում ընդգրկված Լիաննա Չիթչյանի քույրն է: 31-րդ տեղում Արմինե Հովհաննիսյանն է, նա աշխատում է Հ2 հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավարի ասիստենտ:
Ցուցակի 34-րդ տեղում Աննա Օհանյանն է՝ Քարեվարդ ՍՊԸ-ի գանձապահը: 37-րդ տեղում վրացուհի է՝ Լուսինե Զակալաշվիլին: Նա «Ինտեգրացիայի և ժողովրդավարության հայկական կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավարն է: 39-ում՝ Վերոնիկա Դանիելյանցն է, Վելլա Ստուդիայում վաճառքի մենեջեր է աշխատում:
42 հորիզոնականում Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանն է, նա ընդգրկված էր Մարտի 1-ի փաստահավաք խմբում, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի քույրն է, ով ի դեպ նույն ցուցակի երրորդ տեղում է:
Ցուցակի 44-րդ հորիզոնականում Էմմա Տանանյանն է, ով Պետական Տնտեսագիտական համալսարանի ֆինանսաբանկային ամբիոնի վարիչն է: 46-ում՝ Անուշ Լալայանն է, ով աշխատում է Էդեն սրճարան-փաբում՝ որպես մենեջեր: 54-րդ տեղում՝ Աննա Հովհաննիսյանն է՝ Բիզնես Քոնսալթ ՓԲԸ-ում աշխատում է որպես ավագ մասնագետ, 61-րդ տեղում՝ Հասմիկ Մարտիրոսյանն է, ով Ամասիայի միջնակագ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի, 65-րդ տեղում՝ Սոնա Միսակյանն է, ով Արդարադատության նախարարության Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ում է աշխատում, 70-րդ տեղում՝ Գոհար Մրտեյանն է, նա «Կարմիր Խաչ»-ում բուժքույր է աշխատում, 72-ում՝ Դիաննա Գասպարյանը, Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցի ուսուցչուհի է, 76-րդում՝ Երևանի գյուղատնտեսական համալսարանի դասախոս Կարինե Սարգսյանն է:
83-րդ հորիզոնականում Լիաննա Ավետիսյանն է, աշխատում է «Յուքոմ» ընկերությունում որպես վաճառքի մասնագետ, նրան հոջորդող Ռիտա Խոջայանն անհատ ձեռնարկատեր է, Աննա Ղազարյանը (90) ևս անհատա ձեռնարկատեր է, Լիաննա Ստեփանյանը (98) ԱԺ-ոիմ որպես փորձագետ է աշխատում, Հռիփսիմե Զորյանը (100)՝ դասախոս է:
Ցուցակում ընդգրկված կանանցից 12-ը այս պահին չեն աշխատում: Նրանք են Մարինե Բաղդասարյան (41), Մարինե Բաբայան (48), Դիանա Կիտյուկովա (50), Լաուրա Մարտիրոսյան (56), Քրիստինե Ավթանդիլյան (58), Սոնա Ներսիսյան (59), Աննա Հովհաննիսյան (62), Ֆլորա Ջաղինյան (67), Կարինե Միրզոյան (74), Անի Սահակյան (75), Հռիփսիմե Օհանյան (81), Լիաննա Թորոսյան (86):
Համապետական ցուցակի թեկնածուներից շատերը ներառված են նաև տարածքային ցուցակներում: Ընդհանուր առմամբ տարածքային ցուցակներում ընդգրկված 88 թեկնածուներից 32-ը կամ 36.4 % -ը կանայք են:
Թիվ 1 ընտրատարածքում տարածքային ցուցակի 6 թեկնածուներից 2-ը կանայք են՝ Սոնա Միսակյան, Հռիփսիմե Բոչոլյան:
Թիվ 2 ընտրատարածքում 7 թեկնածուներից 3 կանայք են՝ Վերոնիկա Դանիելյանց (3-րդ տեղ), Արմինե Հովհաննիսյան, Անի Սահակյան:
Թիվ 3 ընտրատարածքում 9 թեկնածուներից 5-ը կանայք են: Այս ընտրատարածքում պայքարելու են Անահիտ Բախշյանը, Անուշ Լալայանը, Դիանա Կիտյուկովան, Իրինա Չիտչյանը, Լիաննա Ստեփանյանը:
Թիվ 4 ընտրատարածքում տարածքային ցուցակում ընդգրկված է 8 թեկնածու, 3-ը կանայք են՝ Լուսինե Զակալաշվիլի, Հռիփսիմե Զորյան, Լիաննա Չիթչյան:
Թիվ 5 ընտրատարածքում տարածքային ցուցակում ընդգրկված 7 թեկնածուներից 2-ն են կանայք՝ Ռուզաննա Գրիգորյան, Էմմա Տանանյան:
Թիվ 6 ընտրատարածքում առաջադրված 6 թեկնածուներից 3-ը կանայք են՝ Դինաննա Գասպարյան, Սոնա Մինասյան, Հռիփսիմե Օհանյան:
Թիվ 7 ընտրատարածքում ցուցակում ընդգրկված է 6 թեկնածու, 2-ը կանայք են՝ Սիրարփի Ավթանդիլյան, Սոնա Ներսիսյան:
Թիվ 8 ընտրատարածքում տարածքային ցուցակի 5 թեկնածուներից 2-ը կանայք են՝ Աննա Հովհաննիսյան և Աննա Օհանյան:
Թիվ 9 ընտրատարածքում 7 թեկնածուների թվում 2 կին կա՝ Մարինե Բաբայան և Կարինե Միրզոյան:
Թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային ցուցակի 6 թեկնածուներից 2-ն են կանայք՝ Մարինե Բաղդասրայան, Հասմիկ Մարտիրոսյան:
Թիվ 11 ընտրատարածքում 7 թեկնածու կա, 2-ը կանայք են՝ Լաուրա Մարտիրոսյան, Գոհար Մրտեյան:
Թիվ 12 ընտրատարածքում տարածքային ցուցակում 7 թեկնածու է ընդգրկված, 2-ը կանայք են՝ Քրիստինե Ավթանդիլյան, Աննա Հովհաննիսյան:
Թիվ 13 ընտրատարածքում 7 թեկնածու կա, կանայք 2-ն են՝ Անժելա Խաչատրյան, Կարինե Սարգսյան:
Հ. Կարապետյան
Կարդացեք մեր կայքում թեմայի շուրջ.
«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք
Ովքե՞ր են «Ելք» դաշինքի կին թեկնածուները
Դիտումների քանակը` 4848