«ZARA»-ի հիմնադիր Ռոզալիա Մերան ՝ կին, ով իր կարողությունը ստեղծել է սեփական ուժերով

 Աշխարհահռչակ «ZARA» բրենդի համահիմնադիր Ռոզալիա Մերան՝ աշխարհի ամենահարուստ կինը, ով իր կարողությունը ստեղծել է սեփական ուժերով մահացավ  օգոստոսի 15-ին 69 տարեկանում, –  հայտնում է Ֆորբս ամսագիրը,անդրադարձ կատարելով նրա կենսագրությանը :

 

 

Ռոզալիա Մերան ծնվել է 1944 թվականին Իսպանիայում: Դեռեւս 11 տարեկանում նա ստիպված է եղել թողնելու դպրոցը, որպեսզի աշխատի որպես դերձակուհի: Ավելի ուշ նա իր ապագա ամուսնու հետ կանացի հագուստ եւ սպիտակեղեն էր կարում իր տանը: 1975 թվականին երիտասարդ զույգն իրենց հայրենի քաղաքում՝ Լա Կոռունայում բացել է առաջին «ZARA» հագուստի խանութը: Տարիներ անց Մերան ամուսնու հետ հիմնել է «Intidex» ընկերությունը, որը տնօրինում է ինչպես «ZARA»-ն, այնպես էլ Massimo Dutti, Bershka  եւ մի քանի այլ ապրանքանիշներ : Ներկայումս «Intidex»-ն ունի ավելի քան 6000 խանութներ 86 երկրներում:

 

 

1986 թվականին Ռոզալիա Մերան ամուսնալուծվում է՝ պահպանելով ընկերության 7% բաժնեմասը, որի միջոցով կուտակում է ավելի քան 6 միլիարդ դոլար: Նա Իսպանիայի ամենահարուստ կինն էր, իսկ տղամարդկանցից իր կարողությամբ զիջում էր միայն նախկին ամուսնուն:

 

Մերայի գործունեությունը չի սահմանափակվել միայն բիզնես ոլորտում: Նա նաեւ «Zeltia» ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է քաղցկեղի բուժման ուղղությամբ հետազոտությամբ: Ռոզալիան նաեւ ֆինանսավորել է մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց ինտերգրման հարցերով զբաղվող հիմնադրամը: Միլիարդատեր կինը առնչվել է նման մարդկանց խնդիրների հետ սեփական որդու օրինակով:

 

 

Ռոզալիա Մերան կյանքի վերջին ամիսներին ընդդիմացել է Իսպանիայի վարչապետի այն նախաձեռնությանը, որը նպատակաուղղված էր սահմանափակելու աբորտի մասին օրենսդրությունը: Երկրի նախորդ կառավարության օրոք ընդունված օրենքը հնարավորություն է տալիս աղջիկներին սկսած 16 տարեկանից դիմել աբորտի առանց ծնողների թույլտվության: Իսպանիայի ներկայիս վարչապետը, Կաթոլիկ եկեղեցու ազդեցությամբ, ցանկանում է սահմանափակել այդ օրենքը:

 

Ռոզալիա Մերան գտնում էր, որ օրենքը փոփոխության կարիք չունի, քանի որ այն հնարավորություն է տալիս երիտասարդ աղջիկներին ինքնուրույն որոշումներ կայացնելու սեփական կյանքի վերաբերյալ, նաեւ զգալ, որ իրենց մարմինը միայն իրենց է պատկանում:

 

Պատրաստեց Արման Ղարիբյանը

Դիտումների քանակը` 4478

Գլխավոր էջ