Ովքեր են ենթարկվում աշխատանքային եւ սեռական թրաֆիքինգի Հայաստանում. զեկույց
Հայ կանայք և երեխաները ենթարկվում են սեռական ու աշխատանքային թրաֆիքինգը երկրի ներսում, ինչպես նաև սեռական թրաֆիքինգի Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) և Թուրքիայում, փաստում է ԱՄՆ պետաքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցը (2016):
Հիշեցնենք, որ զեկույցը հրապարկվեց հունիսի 30-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից: Զեկույցում ներկայացվում է, թե ինչպես են 188 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, 2015թ. ընթացքում պայքարել այս լուրջ հանցագործության դեմ:
Հայաստանն արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղ է գրավում 1-ին խմբի, այսինքն` այն երկրների շարքում, որոնք լիարժեք ու բավարար ջանքեր են գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարում: 188 երկրներից յուրաքանչյուրի վերաբերյալ զեկույցը նշում է մարդկանց թրաֆիքինգի ծավալը, կառավարության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարում գործադրված ջանքերը և մարդկանց թրաֆիքինգի միտումներn աշխարհում՝ ներառյալ ԱՄՆ-ում:
Հայաստանի մասով զեկույցի հեղինակները նշում են նաև տղամարդկանց թրաֆիքինգի դեպքր. հայ տղամարդիկ հարկադիր աշխատանքի են ենթարկվում Ռուսաստանում և, ավելի փոքր ծավալով, Թուրքիայում:
«Թուրքիայում հայկական դեսպանատան բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում Թուրքիայում թրաֆիքինգի հայ զոհերի նույնացման հարցում»,-ընդգծում են զեկույցի հեղինակները:
Ըստ ուսումնասիրությունների, հայ կանայք և երեխաները երկրի ներսում խոցելի են համարվում մուրացկանության մեջ ներգրավվելու տեսանկյունից: Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով:
Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները: Կոնֆլիկտի հետևանքով տեղահանված անձանց, այդ թվում՝ Հայաստանում բնակվող սիրիահայերի համար առկա է շահագործման ռիսկը, եղել են դեպքեր, երբ պարտքի դիմաց նրանք ենթարկվել են աշխատանքային շահագործման:
Նշվում է, որ Հայաստանում սեռական թրաֆիքինգի են ենթարկել Չինաստանի քաղաքացի կանանց:
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ Հայաստանի քրեական օրենսգրքի 132 և 132-2 հոդվածներով արգելվում է թե՛ սեռական, թե՛ աշխատանքային թրաֆիքինգը: Այդ հոդվածներով նախատեսվում է 5-ից 3 15 տարվա ազատազրկում, «ինչը բավարար խիստ և համարժեք պատիժ է»:
2015թ. հայաստանյան իրավապահ մարմինները հետաքննել են թրաֆիքինգի 14 նոր գործ (2014թ. քննվել է 10 նոր գործ), ընդ որում գործերից 4-ը առնչվում էին աշխատանքային թրաֆիքինգին: Սեռական թրաֆիքինգի հետ կապված 10 գործերից 6-ով քննությամբ գործի հատկանիշները փոխվել են և ներկայացվել են բռնաբարության կամ մարմնավաճառության մեղադրանքներ, իսկ գործերից մեկը կարճվել է:
Պատկան մարմինների կողմից մեղադրանք է ներկայացվել 2 հոգու, իսկ դատարանների կողմից 2015թ. թրաֆիքինգի համար դատապարտվել են 3 հոգի: Համեմատության համար նշեք, որ 2014թ. մեղադրանք ներկայացվել է 7 հոգու և 7 հոգի էլ դատապարտվել են: Թրաֆիքինգ իրականացնելու համար դատապարտվածներից 2-ի համար սահմանվել է 11 տարվա ազատազրկում, իսկ 1-ի համար՝ 11.5 տարվա ազատազրկում:
Զեկույցում նշվում է, որ աշխատանքային թրաֆիքինգի գործերով քրեական հետապնդումները շարունակում էին դժվարություններ ստեղծել Հայաստանի քննիչների համար, քանի որ դեպքերի գերակշիռ մասը փաստացի տեղի էին ունենում Ռուսաստանում, որի հետ իրավապահ համագործակցությունը մնում է դժվարին:
Այս առումով զեկույցի հեղինակներն առաջարկում են.
«Աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ հարկադիր աշխատանքի հայ զոհերին բացահայտելու և աշխատանքային թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցում, աշխատել հասարակական կազմակերպությունների հետ գտնելու ուղիներ Թուրքիայում հայ զոհերին բացահայտելու ու աջակցելու համար և ապահովելու վերաինտեգրումը, մշակել և ներդնել թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման մեխանիզմներ, շարունակել իրազեկման արծավները»:
Պետքարտուղարությունում համարում են, որ Հայաստանի կառավարությունը շարունակել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված գործուն ջանքերը: Պետական տարբեր կառույցների կողմից իրականացվել են կանխարգելմանն ուղղված տարբեր ծրագրեր ու աշխատանքներ, թեպետ կառավարությունը նշում է, որ որոշ դիտորդների գնահատմամբ հանրային իրազեկման արշավներում թրաֆիքինգը բավարար հաճախ չի հիշատակվել: Ոստիկանությունը ներկայացրել է տեսանյութեր, մասնակցել թրաֆիքինգի հարցերին նվիրված հեռուստահաղորդումների:
2015թ. կառավարությունը թրաֆիքինգի զոհերին աջակցելու համար հատկացրել է 95.000 ԱՄՆ դոլար ու մասնակիորեն ֆինանսավորել է մի հասարակական կազմակերպության, որը կացարան է ապահովել 18 զոհի կամ խոցելի անձի, որոնցից 6-ը կացարան էին ուղղորդվել 2015թ. ընթացքում: Թրաֆիքինգի զոհերը պետական ծրագրի շրջանակում իրավասու են օգտվել անվճար բուժօգնությունից: Հաշվետու ժամանակահատվածում այս ծառայություններից օգտվել են 2 զոհ:
«Ծառայություններն հավասարապես հասանելի են եղել թե՛ կին, թե՛ տղամարդ զոհերի համար: Անչափահասների համար առանձին ապաստարան չի եղել, սակայն այդ զոհերին հնարավոր է եղել տեղավորել թրաֆիքինգի չափահաս զոհերի ապաստարանում կամ ուղղորդել դեպի մանկական խնամքի սոցիալական հաստատություններ»,-նշված է զեկույցում:
Զեկույցում Հայաստանի կառավարության ուղղված առաջարկներ էլ են ներկայացվում: Մասնավորապես պետքարտուղարությունն առաջարկում է բարելավել ջանքերը հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման հարցում, ընդունել գործողությունների նոր ազգային ծրագիր 2016-18թթ. համար, լիցենզավորել, կանոնակարգել ու ուսուցում ապահովել տեղական զբաղվածության ծառայությունների և գործակալների համար, որպեսզի նրանք կարողանան օգնել կանխել Հայաստանի քաղաքացիների հարկադիր աշխատանքն արտերկրում:
Զեկույցի հայաստանյան բաժնում ընդգծվում է Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի առանցքային դերը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից և միջազգային կազմակերպություններից:
«Այս աշխատանքային խմբի հաջողությունը ցույց է տալիս, թե ինչպիսի նվաճումների կարելի է հասնել այն դեպքում, երբ կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը իրար լսում են և համագործակցում», – ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Այս աշխատանքային խումբը օրինակ է ծառայում բարդ և դժվարին խնդիրների դեմ պայքարելու գործում»:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 4221