«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով
Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի այս կամ այն տեսակի հաշմանդամություն, նրանցից շատերը առնչվում է զգալի դժվարությունների հետ իրենց իրավունքները իրացնելու հարցում: Նրանք առողջապահական, կրթական ու տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր և աղքատության ավելի բարձր ցուցանիշեր ունեն: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակված Հաշմանդամ անձանց միջազգային օրը ՝ դեկտեմբերի 3-ը, եւս մեկ առիթ է նրանց խնդիրները բարձրաձայնելու համար:
2010 թվականին Հայաստանը վավերացրեց Հաշմանդամ անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորություններ ստանձնեց ապահովել հաշմանդամություն ունեցող իր քաղաքացիների համար կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու, հասարակական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններ: Երկու տարի է անցել, բայց նրանց համար մատչելի միջավայրի, կրթության, աշխատանքի խնդիրները դեռևս պահպանվել են: Թերեւս առաջնայինը, ինրպես պնդում են խնդրով զբաղվող ՀԿ-ները աշխատանքի խնդիրն է: Պաշտոնական տվյալներով Հայաստանում մոտ 180 հազար հաշմանդամություն ունեցող մարդիկ կա: Շուրջ 100 հազարը նրանցից աշխատունակ տարիքի են, եւ միայն ութ տոկոսն է համարվում զբաղված, մյուսները գործազուրկ են:
Այս առումով 2012-2015թ.թ. Հայաստանում «Սեյվ դը չիլդրն» կազմակերպության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով»՝ LIFE ծրագիրը ավելի քան այժմեական է :
«LIFE»-ը (Livelihood Improvement through Fostered Employment)՝ կյանք է հաշմանդամ անձանց համար՝ աշխատանք ունենալու, հասարակության լիիրավ անդամ զգալու իմաստով: Ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմաններն ու աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք:
Դեկտեմբերի 3-ին ՝ Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառման ժամանակ «LIFE» ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան ներկայացրեց ծրագրի մանրամասները եւ անցնող մեկ տարվա կտրվածքով արվածը:
Ջինա Սարգիզովան կարևորեց այն հանգամանքը, որ ծրագիրը բավականին հետաքրքրություն է առաջացրել հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում, քանի որ այն մի շարք հնարավորություններ է ընձեռում նրանց: Որպես ապացույց տեղեկացրեց, որ այս տարի արդեն 53 հաշմանդամ երիտասարդներ հնարավորություն ստացան իրենց ուսումը արունակել միջին մասնագիտական/ արհեստակցական կրթական հաստատություններում:
Ծրագրի շրջանակում հանրապետության 29 զբաղվածության կենտրոնների տրամադրվել են MAST թեստ սարքավորումներ, որոնք գնահատում են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային կարողությունները:
LIFE ծրագիրը հետաքրքրություն է առաջացել նաև գործատուների շրջանում: Ջ.Սարգիզովայի տեղեկացմամբ , ավելի քան100 գործատու մասնակցել են ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից հրավիրված հաշմանդամ անձանց զբաղվածության հարցերով քննարկումներին և 60 մարդ տեղավորվել է դրա արդյունքում աշխատանքիի:
Իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծրագրի շրջանակում Հայստանի բոլոր մարզերում անցկացվել է «Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» քարոզարշավը, որի արդյունքները դեռ ամփոփման փուլում են, բայց հիմնական նպատակը ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային և ստեղծագործական ներուժը յուրահատուկ ձեւով ներկայացվեց ասուլիսում ֆոտոցուցահանդեսի միջոցով:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլլիարդը՝ արժևորելով իր ողջույնի խոսքում LIFE ծրագրի և Հայաստանի կառավարության համագործակցությունը, ասաց, որ ծրագիրը անշուշտ հույս է տալիս բոլոր այն հաշմանդամություն ունեցող մարդկանց, ովքեր այսօր տեղ չունեն աշխատանքային շուկայում: Նա նշեց, որ այդ ծրագիրը հատուկ նշանակություն ունի նաև անձամբ իր համար: «Խնդիրներն, որոնց լուծմանը նպատակաուղղված է LIFE -ը, կարևոր են բազմաթիվ հայ մայրերի ու նրանց զավակների հետագա կյանքի համար: Իրենց այսօրվա մտահոգությունը ապագայի հանդեպ առավել քան հասկանալի է ինձ, քանի որ իմ երեք երեխաներն էլ ուսուցողական դժվարություններ ունեն», – ասաց նա:
Միջոցառմանը ներկա աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իր բացման խոսքում նշեց , որ վերջին տարիներին իրականացված աշխատանքները միտված են ոչ թե սոսկ հաշամնադմների սոցիալական պաշտպանվածության խնդիրները լուծելուն, այլ առաջին հերթին հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու, նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխելու:
«Մեր առջև ծառացած խնդիրներից կարևորն այն է, որ պետք է արմատավորենք մեր հասարակությունում, որ հաշմանդամություն ունեցող անձինք մեզանից յուրաքանչյուրն են ու հասարակության լիիրավ անդամն են հանդիսանում»,- ասաց նախարարը, հավաստիացնելով նաև, որ բարեփոխումները ոլորտում շարունակվելու են, կառավարությունը օրենսդրական նախաձեռնություններ է պատրաստում այդ ուղղությամբ: Քայլեր են ձեռնարկվում թե՛ հաշմանդամության խմբի ստացման գործընթացի դյուրացման, թե՛ բժշկասոցիալական հանձնաժողովների աշխատանքների թափանցիկության, թե՛ հաշմանդամ անձանց աշխատանքի իրավունքը իրացնելու ուղղությամբ, ինչը թերեւս , նախարարի բնորոշմամբ, այսօր առաջնային խնդիր է հանդիսանում:
Էնզելա Մակարյան
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում
Դիտումների քանակը` 4312