«Berd Bears»՝ Բերդի կանանց այցեքարտը
«Դուք օգնում եք սահմանամերձ կանանց թեթեւացնելու իրենց հոգսերը»: Նման գրառմամբ գործված արջուկներն արդեն երկու տարի է վաճառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում:
Նախաձեռնությունը «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն»-հիմնադրամինն է: «Berd Bears» կամ «Բերդի արջեր» կազմակերպությունում այսօր աշխատում է երեսուն կին: Մինչ աշխատանքի անցնելը նրանք որոշակի դասընթաց են անցել եւ այժմ էլեկտրոնային տարբերակով վաճառում են ձեռագործ արջեր աշխարհի բազմաթիվ երկրներում:
«Բերդի արջերը» լայն տարածում ունեն հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում : Պատճառը ոչ միայն հայուհիների ստեղծագործ միտքն ու յուրահատուկ նախշազարդերն են, այլեւ այն, որ խաղալիքներն ամբողջությամբ ձեռքի աշխատանք են եւ պատրաստված են էկոլոգիապես մաքուր հումքից:
«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է 2011-ին: Կազմակերպության առաքելությունն է նպաստել Բերդի սահմանամերձ տարածաշրջանում կանանց կայացմանը: Կենտրոնի տնօրեն Անահիտ Բադալյանը WomenNet.am -ի հետ զրույցում շեշտում է, որ տարածաշրջանում կանանց գլխավոր խնդիրը գործազրկությունն է: Ժամանակին տարածաշրջանը հայտնի է եղել բազմաթիվ գործարաններով` ռելեների, ծխախոտի, պահածոների, կարի ֆաբրիկա, գինու արտադրամաս: Այս կազմակերպություններում հիմնական աշխատուժը կազմել են կանայք` մոտ 80 տոկոս, սակայն խորհրդային կարգերի փլուզումից հետո գործարանները փակվեցին, կանայք մնացին անգործ եւ այսօր էլ` 23 տարի անց կանանց զբաղվածության մակարդակը չի բարձրացել:
Տիկին Բադալյանը շեշտում է, որ տարածաշրջանում հազարավոր ընտանիքներ ամբողջական չեն: Ամուսինը մեկնում է արտասահման եւ տան ամբողջ հոգսն ընկնում է կնոջ վրա: Ցավալին այն է, որ կանայք չեն կարողանում աշխատանք ճարել եւ ստեղծվում է մի իրավիՃակ, երբ մի ամբողջ ընտանիք սպասում է Ռուսաստանից եկող գումարին, իսկ եթե ամուսինը մոռանում է ընտանիքի մասին, դրսում նոր կյանք սկսում կամ չի կարողանում գումար ուղարկել, ապա ընտանիքն ամբողջությամբ հայտնվում է աղքատության ճիրաններում:
«Հետեւաբար, եթե դուք ինձ հարցնեք, թե ո՞րն է մարզի կանանց խնդիրները լուծելու գլխավոր ուղին, ապա ես կասեմ, նախ գտնենք աշխատանք կանանց համար, ստեղծենք պայմաններ, որ նրանք դրսեւորվեն եւ կարողանան ինքնահաստատվել», – ասում է տիկին Բադալյանը` հավելելով, որ «Բերդի արջեր»-ը հենց նման հնարավորություն է տվել մի քանի տասնյակ կանանց:
Հ. Հ.
Բերդ-Երեւան
Դիտումների քանակը` 5497