«Activate Talks» . «Մեր հանդիպումը երևի նրա համար արտակարգ իրավիճակ էր»…
–
Եթե երկու տարի առաջ ինչ որ մեկը ինձ ասեր, որ մեկնելու եմ Մոսկվա տատիկիս տեսնելու՝ մեն-մենակ, ոչ մեկ չէր հավատա: Բայց շնորհիվ իմ մայրիկի մեկնեցի, ուզում էի փորձել իմ կարողությունները, ինքնուրույն քայլեր անել, որոշում կայացնել…,- պատմում է 17-ամյա Սյուզաննա Ալեքսանյանը, ով տեսողության խնդիր ունի: Նա սիրում է կիթառ նվագել, դաշնամուր, երգել: Ասում է, երբ որոշեցի, որ պետք է դաշնամուր նվագել սովորեմ, գնացինք դպրոց, տնօրենը ծանոթացեց ինձ ուսուցչուհուս հետ: «Ես երբեք չեմ մոռանա նրա շփոթությունը. մեր հանդիպումը երևի նրա համար արտակարգ իրավիճակ էր: Բայց տարեվերջին ես լավ ելույթ ունեցա», – իր փորձի, փոքրիկ հաջողությունների մասին Սյուզաննան եւ մի շարք այլ բանախոսներ պատմեցին ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երկրորդ տարեկան «Activate Talks» միջոցառման ընթացքում, որն այս տարի կրում էր «Գիտելիք հանուն կյանքի» կարգախոսը և նվիրված էր դպրոցների անվտանգության թեմային:
Սյուզաննան սովորում է N 14 հատուկ դպրոցում: Ասում է, որ իրենց սովորեցրել են, թե ինչպես պետք է դրսևորել հատուկ իրավիճակներում, բերելով տարբեր օրինակներ.
-Ամենակարևորն այն է, որ չպետք է խուճապի մատնվել՝ ցանկացած իրավիճակում, այ, օրինակ, երկրաշարժի դեպքում, չպետք է աստիճանների կենտրոնով քայլել, պետք է պատին կպած իջնել, որպեսզի խուսափենք ծանր վտանգներից,- ասում է Սյուզաննան:
Միջոցառման մեկ այլ բանախոս՝ Մարի Միրզոյանը, ով սովորում է Աշտարակի թիվ 1 դպրոցում, բոլորին հիշեցրեց հայտնի լողորդ, աշխարհի ռեկորդակիր Շավարշ Կարապետյանի մասին:
-Նա գետը շրջված տրոլեյբուսից մի քանի րոպեների ընթացքում 20 մարդ է փրկել: Այդ պահին չմտածելով ոչ մի բանի մասին: Իսկ արդյունքում արյան վարակ և թոքաբորբ է ստացել և այլևս հեռացել սպորտից,- պատմում է Մարին ու հարցնում ներկաներին , թե ի՞նչ կլիներ, եթե նման մարդիկ չլինեին մեր կողքին:
Մարին նաև հիշում է, որ երբ երկրորդ դասարանում էր, իրենց դպրոցում կեղծ ահազանգ էին ստացել.
-Իբրև թե դպրոցում ռումբ է տեղադրված: Բարեբախտաբար այդպես չէր, փոքր էի, շատ բան չեմ հիշում այդ օրից, բայց դպրոցում սովորել ենք, թե արտակարգ իրավիճակներում, ինչպես պետք է մարդն իրեն պահի, օրինակ, գիտեմ օգտվել կոմնացույցից, առաջին բուժօգնություն տրամադրել….
Համլետ Մաթևոսյանը, ով ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտորն է, իր ելույթում համոզմունք հայտնեց, որ ավելի առողջ և ապահով լինելու համար նախ և առաջ պետք է մտածողությունը փոխվի.
– Մարդու մեջ պետք է դաստիարակել անվտանգության կուլտուրա, ոչ թե սովորեցնել վարքի կանոններ,- համոզված է պարոն Մաթևոսյանը և սեփական օրինակներն է բերում,-աշխատասենյակում էի, երբ ցնցումներ եղան, ես տեղիցս վեր կացա ու գնացի գրապահարանը պահելու, հետո վերադարձա ետ ու ինքս ինձ հարց էի տալիս, թե բոլորին բացատրում եմ, ինչպես պահել երկրաշարժի ժամանակ, իսկ ինքս ամենասխալ քայլն արեցի: Այսպիսի մի շարք սխալները ցույց են տալիս, որ այն ուսուցումը, որ մեզ էին տվել, այդ մեթոդաբանությունը պետք է արմատախիլ արվի, պետք է կիրառվի լրիվ այլ մոտեցում:
Համլետ Մաթևոսյանի դիտարկմամբ, անվտանգության կուլտուրայի բացակայությունն է պատճառը, որ շատ դեպքեր էին լինում երեխաների հետ կապված.
-1993 թ-ին ես ղեկավարում էի այս ակադեմիան և անընդհատ ստանում էի տեղեկատվություն դեպքերի վերաբերյալ և իմ ուշադրությունը գրավեց այն փաստը, որ բավականին զոհեր էին լինում երեխաների մեջ: Կուլմինացիոն դեր խաղաց մի միջադեպ. Մայրը, քնեցնելով իր 5 տարեկան երեխային, հարևանի մոտ է գնում, երեխան դուրս է գալիս անկողնուց, շուռ է տալիս նավթավառը, ինչի պատճառով հրդեհ է բռնկվում,- պատմում է Համլետ Մաթևոսյանը և նշում, որ հենց այդ պահին էլ միտքն առաջացավ հատուկ ծրագիր կազմել՝ մանկապարտեզի երեխաների հետ աշխատելու և անվտանգության վարքականոնները նրանց ուսուցանելու համար:
– Աշխատանքի եմ մեկնում, մեկ էլ խաչմերուկի անկյունագծով մի կին երեխայի հետ հատում է փողոցը, վաղը այս երեխան ունենալու՞ է այդ կուլտուրան, իհարկե՝ ոչ,- ասում է Համլետ Մաթևոսյանը և խորհուրդ տալիս ծնողներին, երեխաների հետ գնահատականից, դպրոցի դասերից բացի խոսել նաև անվտանգության մասին:
Մերուժան Մաթևոսյանն էլ, ով ճարտարապետ է,մասնակիցների ուշադրությունը գրավեց մի կարևոր խնդրի վրա.
– Երբ երեխաների համար դպրոց են ընտրում ծնողները, նրանք մտածում են ուսուցչի պատրաստվածության, դպրոցի ներքին հարդարման, և մի շարք այլ կետերի մասին, բայց շատ քչերն են մտածում, որքանով է անվտանգ դպրոցի միջավայրը կամ շենքը: Մինչդեռ մենք ունենք շատ լուրջ խնդիրներ: «Երևանի դպրոցների մոտավորապես 30 տոկոսը չեն ապահովում անվտանգ միջավայր երեխաների համար, որը ծնողները հաճախ անտեսում են իրենց երեխայի համար դպրոց ընտրելիս»,- նշեց նա:
– Հայաստանում դպրողների մոտ 80%-ը չեն բավարարում այսօրվա սեյսմիկ շինանարության նորմերին,- նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ, Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը, – բայց ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է աննախադեպ ծրագիր, բացահայտվել են խոցելի դպրոցները, և մինչև 2030 թվականը նախատեսվում է 377 դպրոցի ուժեղացում կամ նոր դպրոցների կառուցում, որոնցից որից 40 դպրոց նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2020 թ.-ը:
Ծրագրի հիմնական նպատակն է, որ Հայաստանում կրթական մակարդակի պատրաստվածությունը բարձրանա՝ աղետներին դիմակայելու և աղետակայուն երկիր դարձնելու ուղղությամբ, ինչպես նաև երեխաների մոտ անվտանգության մշակույթը ձևավորվի:
– Ունենալ դիմակայուն երեխա, ընտանիք, համայնք, երկիր, սա է մեր հիմնական նպատակը,- որպեսզի կարողանանք պաշտպանել երեխայի հիմնարար իրավունքերից երկուսը՝ կյանքի և կրթության իրավունքը, ինչպես նաև ապահովել առողջ և անվտանգ միջավայրում ապրելու իրենց իրավունքը,- նշեց Տիգրան Թովմասյանը՝ հավելելով, որ երեք հիմնական ուղղությամբ են աշխատում՝ շենք շինությունների ուժեղացում, գիտելիների, հմտությունների հաղորդում, ինչպես նաև.
– Երրորդ առնացքն այն է, թե ինչ ենք սովորեցնում երեխաներին դասերի ժամանակ: Նայում ենք, թե կրթակարգում, ինչպես, ինչ չափով են ներգրավված աղետների և ռիսկերի նվազեցման թեմաները: Մշակվել են շուրջ երկու տասնյակ գրքեր մեր և մեր գործընկեր կառույցների հետ, սկսած նախադպրոցական տարիքի երեխաներից մինչև ԲՈՒՀ: Մեր գործընկեր կազմակերպությունը՝ «Սեյվ դը չիլդրեն»-ը մշակել է հաշմանդամություն ունեցող երեխաների համար ձեռնարկներ ևս,- ասաց Տիգրան Թովմասյանը՝ նշելով, որ շուտով գրքերը նախարարությունների հաստատումից հետո կմտնեն դպրոց:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև մեծ ուշադրություն է դարձնում հատուկ խմբերին.
– Այժմ այն փուլում ենք, երբ ունենք արդեն կուտակած տեղեկատվություն և այն պետք է սկսենք տարածել: Մեր ուշադրության կենտրոնում են լինելու բոլոր մարգինալ խմբերը, երեխաներ, որոնք դպրոց չեն հաճախում և չեն կարող ստանալ աղետների և ռիսկերի նվազեցմանը վերաբերող գիտելիքներ: Փորձելու ենք ամեն բան անել, որպեսզի իրենք նույնպես միանան այս գործընթացին:
Ծրագիրը ունի նաև գենդերային զգայուն մոտեցում, հատուկ տեղ է տրվում նաև կանանց և աղջիկներին.
– Պետք է նաև կոտրենք այն կարծրատիպը, թե աղջիկը պետք է սպասի , մինչև իր ասպետը գա և իրեն փրկի, կանայք աղետների ռիսկի կառավարման հավասար մասնակիցն են և մեծ դերակատարում ունեն այստեղ:
Նշենք, որ Թումո կենտրոնում տեղի ունեցած այս միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկի նվազեցման գործողությունների կայունության ապահովում Միջին Ասիայում և Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:
Իսկ «Activate Talks» միջոցառման ձևաչափը մշակվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից 2014 թվականին «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակի առթիվ եւ նպատակ ունի, որպեսզի ՝կառավարության, քաղաքացիական հասարակության, բիզնեսի, կրթական համակարգի եւ այլ կառույցների նեկայացուցիչները երեխաների հետ միասին քննարկեն ու լուծումներ տան այն խնդիրներին, որոնց բախվում են ամենախոցելի իրավիճակում հայտնված երեխաները:
Լիլիթ Քոչինյան
Դիտումների քանակը` 3759