« Ուրախ եմ, որ կարողանում եմ մարդկանց օգնության ձեռք մեկնել»

Կրթության, առողջապահության, հասարակական աշխատանքի, բիզնես ոլորտում հաջողության հասած՝ Էջմիածինը ներկայացնող 14  կանայք հատուկ շնորհակալագրերի արժանացան: Միջոցառման նախաձեռնողը ՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղն էր, որը կանանց միամսյակի եզրափակման  առիթով  փորձել էր խրախուսել իրենց գործունեությամբ քաղաքը շենացնող  ու տարբեր ոլորտներում առավել աչքի ընկնող կանանց: Միջոցառմանը ներկա էր նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

 

Նշենք, որ միջոցառման կազմակերպման աշխատանքներին  աջակցություն էին ցուցաբերել նաեւ Էջմիածնի գործարար կանայք, եւ դա անշուշտ խոստումնալից հանգամանք է ՀԿ-սեկտորի եւ բիզնես ոլորտի կանանց համագործակցության տեսանկյունից:

 

 

– Հայ կինը միշտ էլ իր եռանդը գործադրել է, որպեսզի էլ ավելի առողջ հասարակություն ունենաք: Այս միջոցառմանը ներկա հասարակական կյանքի տարբեր ոլորտներ ներկայացնող կանանց ներդրումն անգնահատելի է մեր  քաղաքի զարգացման գործում,-  նշեց ՀԿԿԱ Էջմիածնի մասնաճյուղի նախագահ Անգին Արշակյանը:

 

Միջոցառման հյուրերից էր նաև գործարար Այծեմնիկ Պետրոսյանը, ում պատրաստած համեղ թխվածքների մասին բոլորը գիտեն Էջմիածին քաղաքում:

 

– Գործը սկսեցի այն տարիներին, երբ ոչ գազ կար և ոչ էլ լույս: Ապրելու, երեխաներին մեծացնելու խնդիր կար ու հենց  այդ դժվարություններն էլ ստիպեց մտածել, որ պետք է ինչ որ բան անել,- պատմում է Այծեմնիկ Պետրոսյանը թխվածքների արտադրությամբ զբաղվելու իր  որոշման մասին: Տիկին Այծեմնիկի նախաձեռնությունը հաջողություն է ունենում, եւ այսօր արդեն 20 տարիների պատմություն ունեցող արտադրամասը քաղաքի համար մոտ 60 աշխատատեղ է ապահովում:

 

– Ամեն տարի մտածում եմ բիզնեսն  ընդլայնելու մասին: Այն գիտակցումը, որ ևս մեկ մարդու կարող եմ աշխատանքով ապահովել, ինձ ոգևորում է, քանի որ այդ մեկ մարդով ավելի քիչ արտագաղթող կունենք:

 

Ինչպես տիկին Այծեմնիկը, այնպես էլ ձեռներեցությամբ զբաղվող Սուսաննա Ճուղուրյանը բարոգործությամբ են զբաղվում.

 

 

-Արդեն երեք տարի է, ինչ օգնություն եմ տալիս Չինարի գյուղի մեր հայրենակիցներին, ինչպես նաև ազատամարտիկներին եմ աջակցում,- նշում է տիկին Սուսաննան, ով հագուստի խանութ ունի Էջմիածին քաղաքում,- հինգ աշատակից ունեմ, ուրախ եմ, որ բացի իմ ընտանիքից, կարողանում եմ նաև այլ մարդկանց էլ ձեռք  մեկնել:

 

 

Տիկին Սուսաննան համոզված է, որ անհնար բան չկա, պարզապես պետք է աշխատել արդյունքի հասնելու համար.

 

-Կարիքը ստիպեց տարիներ առաջ այս գործով զբաղվել, իսկ երբ կնոջը  նաև տանն են սատարում, ընտանիքն  է կողքին, ուրեմն նրա  համար վստահ եմ, անլուծելի խնդիրներ այլևս չկան:

 

 

Իսկ ահա մեկ այլ ձեռներեց՝ Սեդա Տերտերյանի համար սիրելի զբաղմունքն է դարձել աշխատանք.

 

-Ամեն ինչ սկսվեց, երբ իմ հարսանյաց զգեստը ես կարեցի,- ժպիտով հիշում է տիկին Սեդան, ով այսօր հարսանյաց սրահ ունի: 30 տարուց ավել զբաղվելով հարսանյաց զգեստների և աքսեսուարների պատրաստմամբ, Սեդա Տերետերյանը նաև բազմաթիվ աշակերտներ է ունեցել,- դժվարություններ միշտ էլ կան, երեխաներս էլ են փոքր եղել, տանը մեծեր են եղել, ովքեր խնամքի կարիք են ունեցել, բայց եթե մի գործ սիրով ես անում,այն քոնն է, քո մեծ հետաքրքրությունը, ապա ոչինչ չի կարող քեզ ետ պահել:

 

Մարիա Աղամալյանն էլ արդեն 18  տարի է ինչ ղեկավարում է «Գիտունիկ» նախակրթարանը.

 

-Ինձ համար մանկության մոլորակ եմ ստեղծել ու ուրախ եմ,որ այն հաջողություն ունեցավ, այսօր մոտ 250 սան ունեմ, հաճույքով եմ աշխատում, ու անչափ ուրախ եմ, որ նաև աշխատատեղ եմ ստեղծու ու օգտակար լինում իմ համաքաղաքացիների:

 

Լիլիթ Քոչինյան

 

 

Դիտումների քանակը` 4058

Գլխավոր էջ