«Օդնոկլասսնիկի.ռու»-ի պատճառով 10 անգամ դանակահարել է կնոջը
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբը ներկայացնում է ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության եւս մեկ դեպք.
…Արթուր Չաքմիշյանը հուլիսի 15-ին էր վերադարձել Մոսկվայից Գյումրի, դեռ չէր հասցրել ընտանիքի կարոտն առնել, երբ հուլիսի 16-ին ոստիկանությունը ձերբակալեց նրան. Արթուրը, ինչպես պատմում են հարեւաններն ու նրա մայրը, խանդի հողի վրա դանակով 10 անգամ հարվածներ է հասցրել կնոջը:
Ի՞նչն է եղել խանդի առիթը, որ 5 եւ 1,5 տարեկան 2 երեխաների ծնողների միջեւ կոնֆլիկտը հասունացավ այն աստիճանի, որ տղամարդը կիլոմետրեր կտրեց՝ հասնելով Գյումրի ու հնարավոր էր նաեւ մահվան դուռ հասցներ կնոջը:
«Լուսի պես օջախս մարեց, լուսի պես: Չգիտեմ, չգիտեմ, էդ ինչ կատարվեց»,-ասում է Արթուրի մայրը՝ Անիչկա Չաքմիշյանը, որը եւս տուժել է հարսի ու որդու վիճաբանությունից. տիկին Անիչկայի ձեռքն էլ լուրջ վնասվել է դանակի հարվածներից: Զրույցի ընթացքում տիկին Անիչկան անընդհատ շեշտում էր՝ «Հարսս շատ լավ աղջիկ է, մի թթու, կծու խոսք ասած չկար, մարդուն էլ երբեք չի հակաճառել, տանից մենակ դուրս չէր գալիս, միշտ միասին էինք»: 28-ամյա Արփինե Չաքմիշյանը հիմա Գյումրու բժշկական կենտրոնում է, բժիշկներն ասում են այնքան արյուն էր կորցրել, որ ճնշումը 60/0 էր՝ հեմորագիկ շոկով տեղափոխվել է հիվանդանոց:
«Կյանքին վտանգ էր սպառնում, չեմ կարող ասել, թե ինչքան ուշացնելու դեպքում կկորցնեինք Արփինեին, բայց հիմա վիճակը բավարար է, կազդուրվում է, աշխույժ է, ման է գալիս 3-4 օրից դուրս կգրվի»,-ասում է բուժկենտրոնի վիրաբույժ Հրանտ Պալոյանը, որն ընդունել է տուժածին ու վիրահատել: Բժշկի ներկայացմամբ՝ Արփինեի մոտ վնասվածքներ կային մարմնի գրեթե բոլոր հատվածներում՝ կրծքավանդակում, կրծքերի հատվածում, պարանոցին, բայց առավել ուժեղ հարվածներ է ստացել որովայնին. հարվածը թափանցող էր, ներքին արնահոսություն է եղել:
Դանակի 10 հարված ստացած Արփինեն չցանկացավ զրուցել մեզ հետ. ասում է՝ «Ես բան չունեմ ասելու, ամեն ինչ լավ ա, չգիտեմ ինչի տենց եղավ»: Արփինեի հայրն էլ ու դուստրն էլ հիվանդասենյակում էին, հայրը զայրույթով արգելեց խոսել ու ինքն էլ հրաժարվեց որեւէ բան ասել: Իսկ 5-ամյա դուստրը մոր կողքին նստած, զարմացած հայացքով նայում էր՝ «Տեսնես ինչ է կատարվում»: Երեխաները ծնողների վեճը չեն տեսել. հիմա մորական տատի ու պապի հետ են ապրում. տիկին Անիչկան վստահեցնում է, որ դեպքից հետո էլ հարսի հետ լավ հարաբերություններ ունի, թեեւ, որդին մի քանի տարի կալանք կկրի, բայց հարսի հետ թշնամիներ չեն:
Արթուրն արդեն երկար տարիներ է արտագնա աշխատանքի է մեկնում Մոսկվա, 6 ամիսը մեկ վերադառնում է Գյումրի, բայց ընտանիքը պահելու համար անպայման նորից մեկնում Ռուսաստան: Այս անգամ Արթուրը հապշտապ է եկել Գյումրի: Թաղի բնակիչները պատմում են, որ շատ սիրով ընտանիք էր, երբեք չեն լսել, որ վիճաբանություն լինի, դեպքից հարեւաններն էլ զարմացած են. «Խելոք աղջիկ էր, տեսնում էինք գալիս էր էրեխեքի հետ զբոսնում էր, ավելորդ բան չենք նկատել: Բայց ասում են՝ օդնոկլասսնիկի պատճառով ա մարդը խփել: Ասում են՝ պատահական բացահայտել ա, որ կնիկը էդ օդնոկլասսնիկում գրանցված ա, մի քանի անգամ ասել ա՝ դուրս արի, էն էլ դուրս չի եկել, մարդն էլ եսիմ ինչեր ա կասկածել, հելել վռազ եկել ա ու էտ ա՝ խփել ա: Բայց դե կարող ա, մեկը խառնել ա էդ ընտանիքը»: Տղայի հարազատները մեզ հետ զրույցում եւս նշեցին՝ խանդի հողի վրա է դանակահարել, բայց հերքեցին, որ սոցիալական ցանցում Արփինեն գրանցված է եղել. «Չէ, չէ էդ աղջիկը մենակ սկայփով մարդու հետ էր խոսում, ուրիշ բան չկար, ինքը տենց բան չէր անի»:
«Սա Գյումրին է, էստեղ ավելի լավ է ասեն՝ տղես գնա նստի, քան թե ասեն՝ հարսը մի քիչ էն չէր: Թասիբի մեռած մարդիկ են գյումրեցիք, դրանով նաեւ տղու թասիբն ա պահում, որ ասում ա՝ հարսս օդնոկլասսնիկում չկա»,-ասում են հարեւանները, հետո դառնությամբ ավելացնում՝ «Էդ խոպանը գիտե՞ս քանի ընտանիք ա քայքայել: Բա էդ ջահել տղեն ստեղ գործ չունենա՞ր, որ միշտ ընտանիքի հետ լիներ, կնիկն էլ միշտ իրա աչքի տակ, որ ստից ու իզուր տեղը անիմաստ կասկածներ էլ չունենար, խանդից էլ հանցագործ չդառնար»:
Շիրակի մարզի ՀՀ Ոստիկանության քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց, որ դանակահարությունը խանդի պատճառով է եղել, Արթուր Չաքմիշյանի մայրն էլ միջամտել է ու ձեռքի վնասվածքներ ստացել: Բաժնի պետն էլ հավաստեց, որ սոցիալական ցանցն է եղել դեպքի պատճառը: Նախաքննությունը շարունակվում է, հիմա Արթուրը Արթիկի քրեակատարողական հիմնարկում է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խանդի հետեւանքով կնոջը դանակահարելու համար Արթուրին սպառնում է 3-7 տարի ազատազրկում, թեեւ, ինչպես պարոն Երիցյանն ասաց՝ չի բացառվում մեղադրանքը վերաորակավորվի եւ հոդվածը փոխվի:
Այն, որ մահից փրկված կինը չցանկացավ որեւէ բան ասել, ու այսպես ասած՝ «լեզուն ատամների հետեւն էր պահում», գյումրեցիներին հատուկ վարքագիծ է. ասում են հարեւանները. «Ստեղ սաղ ադաթ-սադաթով են, բա հարսը պիտի բերանը փակ լինի, խոնարհ լինի, պտի չխոսա, բա էն կնիկը, որ իրա մարդու դեմ բան ասի, մարդուն անպատվի, էլ դա ինչ կնիկ: Բայց էդ խոպանը, ախր էդի կործանում ա մեր ազգն ու ընտանիքները: Հիմա ասենք թե մեկի մարդը խոպան ա, հիմա դե աղջիկ ա, դուրս ա գալիս, մեկն էլ նայում ա, ասում ա՝ յա, լավ էլ կնիկ ա, ոնց որ տեր էլ չունի գլխին: Հազար ու մի բան կարա լինի, որ մարդը խոպան ա լինում»:
«Տունս քանդվեց, տեղս չեմ գտնում, ինչ անեմ՝ չգիտեմ»,-նյարդային ու արտասվելով ասում է տիկին Անիչկան, որը, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցնում է, մոտ 5 րոպե էր, ինչ աչքը «կպցրել էր», մինչ այդ էլ ոչ մի տարօրինակ բան չէր նկատել որդու ու հարսի հարաբերություններում, վեճի ձայներ ու աղմուկ էլ չի լսել. «Մեկ էլ էն տենամ…»,-լռում է տիկին Անիչկան, «Չգիտեմ, ես բան չգիտեմ, էրեխեքս…Տղես էնքան լավ էր պահում իրա ընտանիքը, սաղ կերազեին տենց ընտանիք ունենային: Սիրով զույգեր էին, ամուսնանալուց առաջ էլ քանի տարի իրար սիրել են, հետո՝ ամուսնացել»:
Նելլի Բաբայան
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբ
Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում
ընտանեկան բռնության դեպքերը,
հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:
Դիտումների քանակը` 9433