«Քայլարշավ ընդդեմ բռնության»
2012 թվականի սեպտեմբերի 5-ին «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ 15 ակտիվիստներ կուղևորվեն Գյումրի – Երևան հնգօրյա քայլարշավի ընդդեմ գենդերային հիմքով բռնության /ընտանեկան բռնություն, սեռական բռնություն/: Քայլարշավի բացման /Գյումրի, 05.09.12/ և փակման /Երևան, 10.09.12/ մասին կտեղեկացվի մամլո ասուլիսների միջոցով:
Քայլարշավի ընթացքում խումբը կանցնի հետևյալ գյուղերով և քաղաքներով` Գյումրի, Ազատան, Նոր Կյանք, Արթիկ, Մարալիկ, Լանջիկ, Մաստարա, Թալին, Կաթնաղբյուր, Ներքին Բազմաբերդ, Շամիրամ, Կոշ, Ուջան, Աշտարակ, Պռոշյան, Քաղախ, Երևան և կիրականացնի զրույցներ` ուղղված վերը նշված հարցի վերաբերյալ գյուղական բնակչության իրազեկության աստիճանի բարձրացմանը:
Վերջին մի քանի տարիների ընթացքում գենդերային հիմքով բռնությունը Հայաստանի Հանրապետությունում լայնորեն քննարկվող թեմա է դարձել, սակայն ոչ երկրի հեռավոր հատվածներում` գյուղերում, որտեղ այն ցայսօր համարվում է ավանդույթ կամ սոցիալական նորմ:
Բռնության դեպքերի մասին ահազանգերի մեծամասնությունը ստացվում են ՀՀ գյուղական համայնքներից: Կարևոր է այցելել այս կանանց, քանի որ նրանք բռնության իրավիճակներում բախվում են բազմաթիվ խոչընդոտների, ունեն իրենց իրավունքների մասին տեղեկատվության պակաս, ինչպես նաև չգիտեն իրենց համար հասանելի ռեսուրսների առկայության մասին, որոնք կարող են իրենց օգնել պաշտպանվել:
Այս է պատճառը, որ ակտիվիստները ցանկանում են անմիջականորեն շփվել այդ տարածքներում բնակիչների հետ, իրազեկել նրանց խնդրի մասին: Իրազեկության բարձրացումը կարևոր քայլ է գենդերային հիմքով բռնության հիմնախնդրի լուծման համար:
Հաղորդագրությունը՝ «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» ՀԿ-ի
Դիտումների քանակը` 4387