«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

Այս շաբաթ ԱՄՆ արևմտյան ափում, ամերիկյան հեռուստաալիքներից մեկով կայացել է Հայոց եղեռնի մասին պատմող` Ցեղասպանության որբերը ֆիլմի պրեմիերան: Փաստագրական ֆիլմը ներկայացնում է որբացած հայ երեխաների կյանքը` ծնողներին կորցնելուց հետո: Հեղինակներն այժմ բանակցում են ֆիլմը նաև ԱՄՆ արևելյան ափում Հանրային հեռուստաալիքով հեռարձակելու համար: Հանրային PBS հեռուստաալիքով օրերս ցուցադրված` Ցեղասպանության որբերը ֆիլմն Օսմանյան կայսրության ոճիրը ամերիկյան հասարակությանը ներկայացրեց նոր լույսի տակ: Այն երևակում է հայոց ցեղասպանության ժամանակ անօգնական հայ որբերի նկատմամբ թուրqերի դաժանությունը` նրանց ծնողներին սպանելուց հետո: Ֆիլմը թերևս առաջին անդրադարձն է Օսմանյան կայսրության ոճրագործությունից տուժած ամենախոցելի խմբի ճակատագրին, ասում է հեղինակ Բարեդ Մարոնյանը:

 

«Ցողասպանության որբերը 1,5 ժամանոց փաստագրական ֆիլմ է, որը հայ որբերի մասին է,սակայն իրականում հիմքում համամարդկային խնդիր է. բոլոր ցեղասպանությունների ժամանակ որբերի ճակատագիրը շատ ծանր է` անկախ, թե դեպքերը որտեղ և երբ են տեղի ունեցել, նշեց Մարոնյանը:

 

Ֆիլմը պատմում է, որ ցեղասպանության որբերի մի մասը բաժին է հասել թուրքական ընտանիքներին` իբրև ձրի աշխատուժ, մի մասը տարիներով ապրել փողոցներում` անորոշ ճակատագրով, մի մասին թուրքերը դավանափոխ են արել` տղաներին զինվորագրելու, աղջիկներին` հարեմում պահելու համար, առավել բախտավորները հայտնվել են որբանոցում: Այս ամենի մասին ֆիլմում պատմում են իրենք` ցեղասպանության որբերը կամ նրանց զավակները:

 

«Ցավոք` մենք տեղյակ ենք ցեղասպանության որբերի մի մասի ճակատագրին միայն, հարյուր հազարավոր հայ մանուկներ կորել են, նրանց մասին չկան տեղեկություններ. սա ահռելի պատմություն է, չունի սկիզբ ու վերջ: Այս ֆիլմը փոքրիկ մի մասն է այդ մեծ պատմության, ասում է ֆիլմի հեղինակ Բարեդ Մարոնյանը»:

 

Ֆիլմի մի զգալի մասը նվիրված է Անթուրայի որբանոցում հայտնված 1000 մանուկների ճակատագրին: 1915 թ. Ջեմալ փաշայի կարգադրությամբ Կիլիկիայից, Թուրքիայից Բեյրութի ֆրանսիական դպրոցի որբանոց են բերվում 3-16 տարեկան հայ մանուկներ: Խնդիր է դրվում նրանց իսպառ մոռացնել տալ իրենց ծագման մասին. Թլպատում էին ու տալիս թուրքական անուններ: Այդ որբանոցի սաները պատմում են, որ ամեն հայերեն բառի համար ոտնատակին ստանում էին 25-50 երկաթե ձողի հարված: Տանջանքներից ու սովից օրական մահանում էր 10-15 երեխա: Այս պատմությունը վերջին տարիներին բացահայտել է լիբանանահայ ճարտարագետ Միսաք Քելեչյանը, այցելել այդ որբանոց, որտեղ այսօր էլ գործում է ֆրանսիական դպրոցը և պարզել, որ շինարարության ժամանակ դպրոցի տարածքում հայտնաբերվել են հայ մանուկների աճյունները:

 

Հայ որբերի մասին փաստագրական  նյութերը, ֆիլմերն ու լուսանկարները 3 տարվա ընթացքում հեղինակը հավաքվել են Նյու-Յորքի, Սկանդինավյան երկների, սփյուռքահայ կառույցների, Ցեղասպանության թանգարանի արխիվներից: Հեղինակը ֆիլմից դուրս մնացած նյութերը`հրատարակել է գրքում`հետագա ուսումնասիրողներին օգնելու համար: Այժմ պատրաստվում է նկարահանել հաջորդ ֆիլմը` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց խեղված ճակատագրերի մասին:

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»-ԱՄՆ

 

 

 

 

Դիտումների քանակը` 5524

Գլխավոր էջ