«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
Մենք սովոր ենք խոսել հասարակությունում կանանց նկատմամբ ճնշումների մասին, իսկ տղամարդկանց խնդիրներն ու դժվարությունները հաճախ լուսանցքում են մնում: Սակայն գենդերային ճնշումը երկբեւեռ է, մի հասարակությունում, որտեղ իգական սեռն ճնշված է, արական սեռը չի կարող իր վրա եւս ճնշում չզգալ: Հենց այդ ճնշման մասին է մեզ պատմում երեք երեխաների հայրը, ով չցանկացավ հրապարակել իր անունը…
«Երբ առաջին երեխաս ծնվեց, գիտեինք, որ աղջիկ է լինելու, ես շատ նորմալ տարա, մտածում էի, դե հաջորդն էլ տղա կլինի: Բայց լավ տպավորվել թե ինչպես բարեկամներս, ընկերներս հարցնում էին՝ ի՞նչ ա, ու երբ պատասխանում էի՝ աղջիկ, փոխանակ շնորհավորեին, ասում էին. «Ոչինչ, մյուսն էլ տղա կլինի»: Ոնց որ թե դժբախտություն էր պատահել ու ինձ մխիթարում էին: Աղջիկների հայր լինելը հեշտ չէ մեր հասարակությունում: Մենք շատ ենք ձգտում տղա երեխա ունենալ, մի տեսակ աստվածածցնում ենք տղաներին:
Այդպիսի խոսք կա, ասում են՝ «տղուց տղա է ծնվում»: Մենակ այս արտահայտությունը հսկայական ճնշում է հայրիկների վրա, պատկերացնո՞ւմ եք, եթե տղամարդը մի քիչ կայացած չլինի, կարող է իրեն թերի զգալ միայն այն պատճառով, որ իր երեխան իգական սեռի է: Չգիտեմ՝ ինձ էլ դասեմ նրանց շարքին, թե չէ, բայց ես շատ էի ուզում տղա ունենալ: Երբ երկրորդ երեխայի ժամանակ էխո արեցին ու ասացին, որ էլի աղջիկ է, ես շատ էի տխրել: Ախր տղա էի ուզում, աղջիկ արդեն ունեի: Կինս էլ էր նեղվել, մի տեսակ իրեն մեղավոր էր զգում: Հետո մտածեցի, որ դեռ երիտասարդ ենք, կհասցնենք տղա ունենալ ու հաշտվեցի այդ մտքի հետ, որ աղջիկ ենք ունենալու: Երկրորդ աղջիկս շատ սիրուն ու ավելի աշխույժ էր, հենց տեսա նրան, անմիջապես հասկացա, որ ես երջանիկ եմ, որ ունեմ այդ փոքրիկ հրաշքը:
Բայց մարդիկ էլի նույն վերաբերմունքն էր ցույց տալիս, երեխայիս ծնվելու առիթով հավաքվել էինք, կենացների մեծ մասը նվիրված էր ոչ թե աղջկաս, այլ ապագա տղա երեխայիս: Ես էլ այդ օրը ասացի, որ երրորդն անպայման տղա ենք ունենալու, անունն էլ Արամ դնենք: Երրորդ հղիության ընթացքում էլ պարզվեց, որ աղջիկ է: Սա ամենաբարդ շրջանն էր իմ ու կնոջս հարաբերություններում: Ես ուզում էի, որ կինս աբորտ անի ու էլի փորձենք, մտածում էի, տղա կլինի: Բայց կինս էկրանին տեսել էր մեր երեխայի սրտի աշխատանքը ու շատ էր հուզվել: Ասում էր՝ մեր աղջկա սիրտն արդեն զարկում է, ո՞նց կարող ենք կանգնեցնել այդ սրտի զարկը:
Իսկապես շատ բարդ էր, ծնողներս էլ էին ճնշում: Մայրս ասում էր՝ սրանց ցեղում տղա չի ծնվում, որովհետեւ կնոջս մորաքրոջ աղջկա առաջնեկն էլ էր աղջիկ: Ես փորձում էի կնոջս համոզել, ինքն ամեն գիշեր լաց էր լինում: Ես տեսնում էի, թե ինչ դժվար է, բայց փորձում էի համոզել, լավ բաներ էի խոստանում կնոջս, ասում էի, որ եթե տղա ունենանք, ես ավելի լավ, ավելի հոգատար ամուսին կդառնամ, կինս էլ ասում էր՝ դու մի փոխվի, միայն թե երեխային չսպանենք: Ինքը վստահ էր, որ դա սպանություն է: Ես ու մանավանդ ծնողներս այդպես չէինք կարծում: Օրերը, շաբաթներն անցնում էին, կինս մեկ անգամ էլ էր գնացել էխոյի ու տեսել էր, թե երեխայի օրգանները ոնց են ձեւավորվում, եկավ տուն, ասաց՝ ինքը ձեւավորվող մարդ է, եթե պիտի իրեն սպանես, ինձ էլ հետը սպանի: Այդքանից հետո էլ ի՞նչ կարող էի ասել, կնոջս ամուր գրկեցի, ու էլ ոչ մի բառ չխոսեցինք այդ մասին:
Հիմա երեք աղջիկների հայր եմ, երեք հրեշտակներ, երեք քայլող երջանկություններ: Չե՞ք պատկերացնի, թե ես որքան երջանիկ եմ ու երբ պատկերացնում եմ, որ իմ ընտանիքում աղջիկներիցս մեկը կարող էր չլինել, խելագարվում եմ: Կնոջս էլ չեմ ստիպելու, որ չորրորդ երեխան ունենանք: Երեք երեխա լույս աշխարհ բերելուց հետո նրա իմունային համակարգը շատ թուլացել է, հաճախ առողջական խնդիրներ է ունենում: Բացի այդ՝ չորս երեխա պահելը բարդ է, ես ավելի լավ է՝ աղջիկներիս համար ամեն ինչ անեմ, որ հասցնեմ իրենց նպատակին: Ու ինձ էլ չի հուզում «տղուց տղա է ծնվում» արտահայտությունը, ես վաղուց գտել եմ դրա պատասխանը, ասում եմ. «տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»»:
Հայրիկի մտքերը գրի առավ`
Արման Ղարիբյանը
Դիտումների քանակը` 10858