«Տղա պետք է ունենաս` թեկուզ մեռնելով…»
«Դու աղջիկ ես, կամաց խոսա… Մամա, դու աղջիկ ես, քեզ չի կարելի… Մենք միայն տղաներով ենք գնալու` ես, պապաս, պապիկս… Ախպերներով նկարվենք, թող Հասիկը չգա մեզ հետ…»,- այս ու նման նկատողություններ 3.5 տարեկան տղաս վերջերս է սկսել անել: Չեմ ուզում մեղքը բարդել դաստիարակների վրա, բայց մանկապարտեզ գնալուց հետո է սկսել ու հենց ընկեր Մելինեի տոնով էլ սաստում է…
Երեխայի այս խոսքերին ուշադրություն երևի չդարձնեի էլ, եթե մի քանի օր անց մեր Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող պոլիկլինիկաններից մեկում չլսեի գինեկոլոգ բժշկուհու պատմությունները` իր հաճախորդ հղի կանանց մասին:
Սովորականի պես կոնսուլտացիայի էի գնացել: Բժիշկն էլ, մանկաբարձուհին էլ անտրամադիր են, հաճախ հոգոցներ էին արձակում: «Բա՞ն է պատահել»,-հարցրի: Մանկաբարձուհի Մարինեն սկսեց. «Դոկտըր, ախր, չեմ պատկերացնում ոնց կարելի՞ է»…
«Անգրագետ, անկիրթ ընտանիք է: Ուրեմն էս աղջիկը շատ ծանր է տանում հղիությունը, ոտքերն ուռած են, ոչինչ չի կարողանում ուտել: Պատկերացնում եք, էն օր մի գդալ թթվասեր է կուլ տվել, զանգել ուրախացած ասում է, բժիշկ, լավ բան է եղել, սմետան եմ կարողացել ուտել: Առավոտ եկել է կոնսուլտացիայի: Տեսնում եմ, ահավոր տխուր է, հուզված, խոսել չի կարողանում: Հարցնում եմ, ինչ է եղել, պատասխանում է` ոչ մի բան… Վերջը պատմեց, որ սկեսուրն ասեց, վեր կաց, պատուհանները մաքրի: Հրաժարվել է, ասելով ՝ վատ եմ, չեմ կարող: Հետո ամուսինն է եկել, մայրը բողոքել է, տղան էլ ծեծել: Խեղճի վրա հալ չկար, ապշած եմ», – վրդովմունքով պատմեց բժշկուհին:
Հավատս չէր գալիս՝ «միթե՞ հիմա էլ ըտենց բաներ կան»: Բժիշկն արձագանքեց` արի, գնանք: Մտանք սոնոգրաֆիայի կաբինետ: Մի նիհար, սփրթնած կին է պառկած: Բժիշկներից մեկը լարված ուսումնասիրում է: Պրոցեսը վերջացավ, աղջիկը թույլ ոտքի կանգնեց, մտածեցի` ուր որ է կընկնի: «Վտանգում ես առողջությունդ: Քեզ չի կարելի: Հղիության 3 ամսում 68 կիլոգրամից 62 ես դարձել: Պետք չի, մի վտանգիր քեզ»,-խորհուրդ տվեց բժիշկը: «Պետք է»,-նվաղ ձայնով կարճ պատասխանեց կինը:
Պարզվեց երկու աղջիկ ունեն, երրորդին են սպասում: Տղա է ծնվելու: «Մեզ տղա է պետք»,-ասել է ամուսինն բժշկի նախազգուշացումները լսելուց հետո ու մի կողմ քաշվել: Կինն էլ ամեն գնով պետք է տղա բերի…
Մի քանի նման պատմություններ էլ արդեն մյուս բժշկի սենյակում լսելուց հետո դուրս եկա: Հասկացա, որ բանականությունս հրաժարվում է ընկալել դրանք, որ չգիտեմ ինչպես կարելի է օգնել այդ կանանց, չգիտեմ որտեղից են սկիզբ առնում նրանց նկատմամբ այդքան դաժան վերաբերմունքի պատճառները… Մտածեցի, գուցե՞ «ընկեր մելինեներն» են մանկուց սերմանում, չկասկածելով նույնիսկ , ինչքան դառը կարող են լինել նրանց խրատների պտուղները:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 4374