«Տեր եմ, Հնազանդ եմ» պսակադրական խորհուրդը սխալ է ընկալվում
Պսակադրության ժամանակ հնչեցվող «Տեր եմ», «Հնազանդ եմ» երդումը հաճախ ճիշտ չի ընկալվում ոչ միայն սովորական մարդկանց, այլ նույնիսկ որոշ օրենսդիրների կողմից…
Շատերը ՝ խեղաթյուրելով պսակադրության խորհրդի իրական իմաստը, փորձում են ներկայացնել «տեր» հասկացությունը որպես “աղա”, իսկ «հնազանդ եմ» որպես կնոջ ստորադաս լինելու պատգամ եւ նույնիսկ ամուսնու կողմից բռնության ենթարկվելու թույլտվություն:
Մինչդեռ, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հայրերն այլ կերպ են մեկնաբանում պսակադրական խորհուրդը՝ նշելով, որ «Տեր եմ», «Հնազանդ եմ» բառերի ուղղակի մեկնությունը սխալ է.
…Իրականում «տեր եմ» ու «հնազանդ եմ» արտահայտությունների մեջ ստրկացնելու որևէ միտում չկա: Տեր լինել նշանակում է սիրել, հոգ տանել, պաշտպանել, այլ ոչ թե իշխել կամ հրամաններ արձակել: Հնազանդ լինել նշանակում է հարգել ամուսնուն, աջակից ու համախոհ լինել, չի նշանակում կուրորեն հրամաններ կատարել: Ամուսինը և կինը ամուսնական հարաբերություններում ունեն հավասար պարտականություններ ու պատասխանատվություն, տարբեր են նրանց դերերը: Եվ նրանք պետք է տեր և հնազանդ լինեն իրենց առաքելությանը: / Տեր Եսայի քահանա Արթենյան /
…Երբ տղամարդը եկեղեցում հայտարարում է. «Տեր եմ», դա ամենևին չի նշանակում թե նա կնոջ տիրակալը կամ բռնակալը դարձավ: Տեր լինել՝ նշանակում է սիրել, հոգ տանել, խնամել, ինչպես մեր Տերն է անում մեր նկատմամբ: / Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան/
Մեկնությունների աղբյուրը` Qahana.am կայք
Դիտումների քանակը` 4002