«Տարիների ընթացքում եմ զարգացրել սեփական տնտեսությունս»
Սյունիքի մարզի հեռավոր անկյուններից մեկում ծվարած Տորունիք համայնքը գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա: Ներկայումս համայնքն ունի 30 ծուխ և 80-ից ավելի բնակչություն, որը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ: Այստեղ մեկ ծխին միջինը բաժին է ընկնում 2 կով:
45-ամյա Սվետիկ Կարապետյանը ծնվել է Սյունիքի մարզի Գետաթաղ համայնքում, մասնագիտությամբ դերձակուհի է: Որոշ ժամանակ աշխատել է Սիսիանի տրիկոտաժի ֆաբրիկայում, սակայն 90-ականներին, երբ ֆաբրիկան գործունեությունը դադարեցնում է, Սվետիկ Կարապետյանն իր միակ որդու հետ տեղափոխվում է Սիսիանի տարածաշրջանի Տորունիք համայնք:
«Սկզբնական շրջանում շատ դժվար էր, ապրուստի միջոց հայթայթելու համար կատարել եմ զանազան գյուղատնտեսական աշխատանքներ. անհատների ֆերմաներում աշխատել եմ որպես կթվորուհի, զբաղվել հողի մշակությամբ և հովվությամբ: 1996 թվականից ստեղծել եմ իմ սեփական տնտեսությունը, հիմնականում այծաբուծությամբ և ոչխարաբուծությամբ եմ զբաղվում, դրանով էլ հոգում եմ ընտանիքիս կարիքները»,- անկեղծանում է Սվետիկ Կարապետյանը:
Ֆերմայի կառավարումն ու գյուղատնտեսական աշխատանքները նա է կատարում, իսկ որդին զբաղվում է հովվությամբ: Վերջերս որոշում են կայացրել տնտեսությունը զարգացնել հիմնականում երկու ճյուղերով` տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ՝ համոզված, որ դրանք ընտանիքին մեծ եկամուտ կապահովեն:
«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս: Ներկայումս ունեմ 9 խոշոր, 45 մանր եղջերավոր անասուն և 30-ից ավելի թռչուն, 2 ձի, 2 մտրուկ, ինչպես նաև 5 հա հողատարածք, որից 2 հա-ը ձեռք եմ բերել 2013-ին: Զբաղվում եմ նաև մշակաբույսերի և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ»,- նշում է Սվետիկ Կարապետյանը:
Անասնաբուծությունից ստացված մսից ու կաթից է ձևավորվում ընտանիքի հիմնական եկամուտը, մի մասն էլ կազմում են դաշտավարությունից, բանջարաբոստանային կուլտուրաների և անասնակերի վաճառքից ստացված եկամուտները: Գյուղատնտեսական ապրանքների վաճառքից ստացվող ընդհանուր եկամուտները նախորդ տարի կազմել են շուրջ 3 մլն դրամ:
Սվետիկ Կարապետյանը «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի մասնակից է: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից: «Ներկայումս ընդգրկված եմ ծրագրի շրջանակներում իրականացվող «Կանանց գլխավորությամբ ընտանիքների ֆերմերային տնտեսությունների կարողությունների և հմտությունների զարգացում» ենթածրագրում, որի նպատակն է զարգացնել կանանց կարողություններն անասնապահության և ձեռներեցության ոլորտներում»,- հավելում է Սվետիկ Կարապետյանը, ում թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը ներկայացրել էր հենց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն:
Ծրագրի աջակցությամբ Սվետիկ Կարապետյանն ավելացրել է կենդանիների գլխաքանակը և անասնակերի արտադրության ծավալները սեփական տնտեսությունում: Դրանից զատ սկսել է զբաղվել նաև բարձրարժեք կերային մշակաբույսերի (կորնգան, կերի ճակնդեղ, առվույտ և այլն) մշակությամբ:
Նա ընդգրկված է նաև «Վորլդ վիժն» ՄԲ հայաստանյան գրասենյակի կողմից համայնքում ստեղծված ակտիվ կանանց խմբում (համայնքից 6 կին), որի շրջանակներում էլ մասնակցել է մի շարք ցուցահանդեսների` գյուղական խոհանոցի ճաշատեսակների և հմուտ ձեռքերի, փորձի փոխայցերի, որոնց արդյունքում արժանացել է շնորհակալագրերի և այլ մրցանակների:
Կին ֆերմերի հետագա ծրագրերը խոստումնալից են և իրատեսական, ինչպես ինքն է նշում. «Նախատեսում եմ ֆերմայում կթու կովերի գլխաքանակն ավելացնել` հասցնելով 20-ի, ոչխարի գլխաքանակը՝ 100-ի, քանի որ համայնքում անասնապահությամբ զբաղվելու բոլոր բարենպաստ պայմաններն առկա են: Գաղտնիք չէ նաև, որ այն եկամտաբեր ճյուղ է գյուղատնտեսների համար»:
Լիլիթ Պետրոսյան, ՌԶԳ ՀԿ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ
Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը
Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին
«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ
«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…
«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»
«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»
«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»
WomeNet.am-ը անդրադառնում է «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր կանանց պատմություններին
Դիտումների քանակը` 5033