«Վստահե՛ք կանանց ներուժին, նրանց գիտելիքներին ու կարողություններին».
Հռչակվեց «կանանց օրակարգը» 2016-ի ՏԻՄ ընտրություններում
Հունիսի 30-ին Երևանում կայացած «Կանանց օրակարգը տեղական ինքնակառավարման մարմինների 2016 թվականի ընտրություններում» հանրապետական համաժողովին մասնակցեցին ավելի քան 70 կին ավագանու անդամներ և համայնքի ղեկավարներ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից: Նրանց թվում էին նաև կանայք, ովքեր մտադրություն ունեն առաջադրվելու այս տարվա ՏԻՄ ընտրություններում: ֆորումը կազմակերպվել էր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից, նպատակն էր քննարկել այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են կանայք՝ ոչ միայն մասնակցելով քաղաքական գործընթացներին, այլև ուղղակի որոշում կայացնելով մասնակցություն ունենալ դրանցում:
Համաժողովը ներկայացուցչական էր նաև բանախոսների առումով ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը, Եվրոպայի խորհրդի ընտրությունների աջակցության և մարդահամարի բաժնի ներկայացուցիչ Կորնելիա Պեռլեն:
Համաժողովի մասնակիցները համակարծիք էին , որ կանանց ներկայացվածության ընդլայնումը տեղական իշխանության մակարդակում ոչ միայն ժողովրդավարության և ՏԻՄ համակարգի հետագա զարգացման գրավականն է, այն կարևոր է որոշումների ընդունման մշակույթի, որոշումների բովանդակության և որակի փոփոխության տեսակետից:
«Ոչ մի երկիր, ունենալով կանանց այսպիսի ռեսուրս, չպետք է հրաժարվի դրանից»
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը ՝ նշելով, որ Հայաստանի ազգաբնակչության 51,8 տոկոսը կանայք են, բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների 60 տոկոսից ավելին կանայք են, մտահոգություն հայտնեց, որ կանանց այդ ռեսուրսն մեր երկրի կառավարման ոլորտում , ըստ էության, չի օգտագործվում:
«Ավագանիներում ունենք կանանց մասնակցության ընդամենը 9 տոկոս, այսինքն ամեն ավագանու անդամից 10-ից մեկն է միայն կին, իսկ խոշոր քաղաքներում մենք չունենք կանանց մասնակցություն ավագանիներում: Հայաստանի վերջին 20 տարիների պատմության մեջ չի եղել ոչ մի կին քաղաքապետ, այդ թվում և չենք ունեցել փոխքաղաքապետներ: Վերջին 18 տարիների ընթացքում նաև Երևանի քաղաքապետը կին տեղակալ չի ունեցել: Եվ սա ոչ թե կանանց խնդիրն է, այլ երկրի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիր, որի մասին պետք է մտածել»,-ընդգծեց նա:
Նա հատկապես կարևորեց կանանց քաղաքական մասնակցության ընդլայնման առումով առաջիկա ժամանակահատվածը, քանի որ Հայաստանում տեղի են ունենալու ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններ:
«Վերջերս ընդունված Ընտրական օրենսգրքով ամրագրվեց, որ այս փուլում համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնել Հայաստանի ևս երկու քաղաքաներում՝ Գյումրիում և Վանաձորում: Այսինքն, կգործեն քվոտաներ, կուսակցությունները պարտավորված կլինեն իրենց ցուցակներում ներկայացնել կանանց՝ ամեն քառյակում մեկ կին: Սա խնդիր է դնում կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար՝ պատրաստել կանանց այդ գործընթացներին: Մենք գտնում ենք նաև, որ այն քաղաքներում, որտեղ 40 հազարից ավելի բնակչություն կա` Հրազդան, Աբովյան և այլն, ընտրությունները ևս համամասնական ընտրակարգով անցկացվեն և աշխատելու ենք այն ուղղությամբ»,- հայտարարեց նա:
«Կանայք նույնքան խելացի են, նույնքան ուժեղ են և նույնքան սկզբունքային են, որքան և տղամարդիկ»…
Եվրոպայի խորհրդի ընտրությունների աջակցության և մարդահամարի բաժնի ներկայացուցիչ Կորնելիա Պեռլեն ևս անդրադարձավ վիճագրական տվյալներին և խոսեց ՏԻՄ-րում կանանց ոչ բավարար ներկայացվածությունը պայմանավորող պատճառների մասին: Նա, մասնավորապես, նշեց, որ չի կարծում, թե կանայք ավելի խելացի են, ավելի ուժեղ են, քան տղամարդիկ, բայց ինքը հաստատ վստահ է, որ կանայք նույնքան խելացի են, նույնքան ուժեղ են և նույնքան սկզբունքային են, որքան և տղամարդիկ: Միևնույն ժամանակ, սակայն, իրականությունը ցույց է տալիս, որ կանայք ավելի քիչ վարձատրվող աշխատանք ունեն, ավելի դժվարությամբ են գտնում աշխատանք, քան տղամարդիկ, նրանք քիչ են որոշում կայացնող դիրքեր զբաղեցնոմ, նրանց ներկայացվածությունը քաղաքական ղեկավար պաշտոններում ցածր է …
«Իրավիճակն այսպիսին է աշխարհի շատ երկրներում, այդ թվում և Հայաստանում: Ուսումնասիրությունները Արևելյան Եվրոպայի երկրներում և Հայաստանում ցույց են տալիս, որ փորձառու, գիտակ կանանց պակաս իրականում չկա, սակայն կան բավականին զգալի խոչընդոտներ կանանց քաղաքական մասնակցության համար: Արդյունքում կանանց մասնակցությունը ավելի ցածր է, քան տղամարդկանցը նույնիսկ այն դեպքերում, եթե օրենքը չի ստեղծում դրա հիմքերը»,- նշեց Կորնելիա Պեռլեն:
Նրա խոսքով, խտրականությունը պայմանավորված է նաև կարծրատիպերով ու կանխակալ մոտեցումներով, որոնք կանանց թույլ չեն տալիս բավականաչափ վստահ լինել, իսկ հասարակությանն էլ թույլ չեն տալիս հավատալ, որ կինը կարող է ղեկավարել, այդ թվում և երկիրը: Տարածված կարծիք կա, մատնանշեց նա, որ կանանց տեղը տանն է, ընտանիքում և որ կանայք ի վիճակի չեն երկիր կառավարել: Այս վերաբերմունքը և պատկերացումները, ըստ Պեռլեի, իհարկե թերի են, բայց հենց դրանք թույլ չեն տալիս քաղաքական կուսակցություններին կանանց դիտարկել որպես թեկնածուներ:
Հաջորդ խնդիրը, որ խանգարում է կանանց առաջխաղացմանը, ըստ եվրոպացի բանախոսի, ֆինանսական միջոցների պակասն է : Հասարակության շրջանում առկա կարծրատիպերից հետո ֆինանսական միջոցները լուրջ խոչընդոտ են հանդիսանում կանանց մասնակցության համար և այդ խնդիրը գոյություն ունի նաև Հայաստանում:
«Իշխանությունները և կուսակցությունները պետք է մտածեն կանանց ֆինանսապես աջակցելու մասին, նաև աջակցություն ցուցաբերեն ընտրված կանանց, կուսակցությունները պետք է խորհրդակցեն նաև կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ և կանանց խնդիրները ներառեն իրենց ծրագրերում: Բոլոր կարծրատիպերը պետք է հանրորեն մերժվեն» ,- շեշտեց նա: Պեռլեն հավելեց, որ, բարեբախտաբար, աշխարհում կանանց մասնակցության մասով վերաբերմունքը գնալով փոխվում է, դա նկատելի է հատկապես երիտասարդության շրջանում, բայց անելիք դեռ շատ կա:
«Կանայք որպես համայնքի ղեկավարներ աշխատում են ամենաբարդ համայնքներում»
Համաժողովին իր մասնակցությունը բերեց նաև Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Վերջինս հատկապես կարևորեց տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց դերը՝ ընդգծելով, որ ավագանին առաջին այն աստիճանն է, որն անհրաժեշտ է քաղաքական հետագա կարիերայի համար, տեղական իշխանությունը այն տեղն է, որտեղ մարդիկ գիտելիքներ ու փորձ են ձեռք բերում: «Հայաստանում քիչ են կին համայնքապետերը, քիչ են նրանք նաև ավագանիներում, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք որպես համայնքի ղեկավար աշխատում են ամենաբարդ համայնքներում, որոնք ունեն սահմանափակ ռեսուրսներ ու ահռելի խնդիրներ: Եվ հենց այն համայնքներում, ուր ղեկավար լինելու համար տղամարդիկ այդքան էլ մեծ շահագրգռվածություն չեն ցուցաբերում: Մինչդեռ կանայք կարողանում են արդյունավետ աշխատել»,- նշեց նա:
Հերմինե Նաղդալյանը կարևորեց կանանց մասնակցությունը նաև կուսակցական կյանքում, սակայն , նրա խոսքով, միայն կուսակցության շարքերում ակտիվ լինելը բավարար չէ և կանայք պետք է ձգտեն ակտիվանալ նաև հանրության աչքերում: Հենց դա է, որ նրանց կօգնի հաջողության հասնել ընտրություններում ու լինել մրցունակ:
Այս առումով նա ընդգծեց նաև, որ հասարակական սեկտորը քաղաքական գործիչների համար կարևորագույն սնուցող միջավայրն է, որի հետ շփումները թույլ են տալիս քաղաքական գործիչներին տեղեկանալ խնդիրներից և զբաղվել դրանց լուծումներով:
Անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրում կանանց մասնակցության ընդլայնման առումով արված փոփոխություններին, նա նշեց այն փաստը, որ քվոտան այլևս պաշտպանված է. «Այսուհետ յուրաքանչյուր կին, ով կհանձնի իր մանդատը, վստահ կարող է լինել, որ նրան կփոխարինի կուսակցական ցուցակից հաջորդ կինը, ինչն անչափ կարևոր է ու մշտապես բարձրաձայնվում էր կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից»:
Նա նաև հավելեց, որ «իշխանությունը քաղաքական կամք է դրսևրում նաև, որպեսզի ոչ միայն ընտրովի, այլև նշանակովի պաշտոններում կանայք ներկայացված լինեն և այս կոնտեքստում դրական դինամիկան տեսանելի է»:
«Սխալ է սպասել, որ կանանց կհրավիրեն քաղաքականություն»
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Թամար Պողոսյանի կարծիքով, Հայաստանում կանանց մասնակցության հետ կապված խնդիրները ոչ միայն չեն լուծվում այն արագությամբ, ինչը պահանջում է ժամանակակից զարգացող աշխարհը, այլև օր օրի ավելանում են: Նրա խոսքով, սխալ է այն պասիվ սպասողական վիճակը, թե մի օր իրավիճակ կփոխվի, ինչ-որ դռուռ կբացվի և կանանց կհրավիրեն քաղաքականություն. սա, ըստ Պողոսյանի, պարտվողական մոտեցում է:
«Կինը ինքը պետք է ունենա նախաձեռնողականություն մասնակցելու քաղաքական գործընթացներում՝ հետագայում նպատակ դնելով, որ պետք է ունենա հաջողություն և հաղթանակ: Դա երկարատև գործընթաց է: Այնումենայնիվ, կնոջն դժվար է միայնակ հաղթահարել այդ խոչընդոտները, միակ արդյունավետ ու իրատեսական մեխանիզմը, որ կնոջը կբերի հաջողության, կանանց ներգրավվածությունն է կուսակցություններում: Հասարակական աջակցությունն էլ է անչափ կարևոր, որովհետև եթե միայն կուսակցության ներքին հարցերը լուծելով զբաղված լինես, ապա հանրության աջակցությունը չես ստանա: Մենք պետք է բավարարվենք ոչ միայն մասնակցությամբ, այլ մասնակցությունից հետո էլ մինչև վերջ պետք է պայքարենք այդ գործընթացներում մնալու համար»,- հավելեց իր խոսքը Թամար Պողոսյանը:
«Նախարարությունը ձեր կողքին է»…
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկաներին ուղղված իր խոսքում ընդգծելով հասարակության զարգացման գործընթացներում կանանց ակտիվ մասնակցության կարևորությունը, նշեց, որ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում զգալի դերակատարում պետք է ունենան կանայք: Այդ առիթով նա կարևորեց կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացման անհրաժեշտությունը: Նախարար Լոքյանը նշեց նաև, որ տեղական ինքնակառավարման մարմիններում գենդերային հավասարակշռության ապահովման հիմնախնդիրները մշտապես գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում: «Նախարարությունը ձեր կողքին է, և մենք ցանկացած հարցում փորձելու ենք ուղղակի կամ անուղղակի միջամտելով օգտակար լինել ձեր քաղաքական գերակշռությունն ապահովելու հարցերի լուծմանը»,- ասաց նախարար Դավիթ Լոքյանը:
«Դիմում ենք երկրի ընտրողներին»
Համաժողովն ավարտեց իր աշխատանքները համատեղ ուղերձի ընդունմամբ, որն էլ, ըստ էության, 2016-ի ՏԻՄ ընտրություններում կանանց օրակարգն է հանդիսանում:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգում կանանց ներկայացվածության ավելացման, համայնքների կառավարման գործընթացներում նրանց մտավոր ներուժի լայն ընդգրկվածության ապահովման խնդիրները ներկա փուլում առավել արդիական և կարևոր բնույթ են ստանում:
«Կոչ ենք անում քաղաքական կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին նպաստել տեղական մակարդակում քաղաքականության մեջ կանանց մասնակցության ընդլայնմանը՝ խթանելով հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներում կին թեկնածուների առաջադրումը և աջակցելով նրանց ընտրական գործընթացներում:
Դիմում ենք երկրի ընտրողներին.
վստահե՛ք կանանց ներուժին, նրանց գիտելիքներին ու կարողություններին: Ձեր ձայնը տալով կին թեկնածուներին՝ դուք կնպաստեք համայնքների կառավարման մակարդակում ավելի հավասարակշռված որոշումների կայացմանը բնակչության բոլոր խմբերի շահերի հաշվառմամբ: Անհրաժեշտ գիտելիքներ ու փորձառություն ունեցողկանանց մասնակցությունը կնպաստի համայնքների զարգացմանը և ողջ հասարակության առաջընթացին:
Մենք` համաժողովի մասնակիցներս, համոզված ենք, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված կանանցից և տղամարդկանցից է մեծապես կախված մեր երկրի հետագա զարգացումը»:
Լիա Խոջոյան
Հ.Գ. Նշենք , որ համաժողովն անցկացվեց Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Տեղական ժողովրդավարության կայացման հեռանկարները Հայաստանում. Կանանց քաղաքական մասնակցության ընդլայնումը տեղական ինքնակառավարման մարմինների 2016 թվականի ընտրություններում» ծրագրի շրջանակում:
Դիտումների քանակը` 3402