«Վերադարձրեք մեր աղջիկներին». բողոքի ցույցերը շարունակվում են…
Հինգշաբթի օրը Նիգերիայի մայրաքաղաքում ակտիվիստները խոշոր բողոքի ցույց են անցկացնելու ընդդեմ երկրի նախագահի անգործության: Քաղաքացիները համոզվել են, որ Գուդլաք Ջոնաթանը եւ երկրի կառավարությունը բավարար քայլեր չեն ձեռնարկում ավելի քան 200 առեւանգված աղջիկներին փրկելու ուղղությամբ: Ցուցարարները պատրաստվում են նախագահին ներկայացնել պահանջների հռչակագիր, որտեղ բացի ռազմական գործողությունների ակտիվացման պահանջից, բարձրացվելու է նաեւ Չիբոկ քաղաքի բնակչության հետ առավել սերտ համագործակցության անհրաժեշտության հարցը: Թեմային է անդրադառնում բրիտանական The Guardian -ը:
Իշխանությունը բավարար քայլեր չի ձեռնարկում աղջիկներին փրկելու համար
Կառավարությունը մինչ օրս դժվարանում է հստակեցնել Նիգերիայի հյուսիսային Չիբոկ քաղաքի միջնակարգ դպրոցից առեւանգված աղջիկների թիվը: Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները հարձակվել էին Չիբոկի միջնակարգ դպրոցներից մեկի վրա եւ առեւանգել 200-ից ավելի աշակերտուհիների: Նրանք սպառնում են որպես ստրուկ վաճառել աղջիկներին: Չիբոկի բնակիչները որոշակի տեղեկատվություն են հավաքել ծայրահեղ իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման վերաբերյալ, նրանք պատրաստ են ռազմական ուժերին տրամադրել իրենց ունեցած տեղեկատվությունը, ինչպես նաեւ ցանկանում են ավելի ակտիվ մասնակցություն ունենալ աղջիկներին փնտրելու գործում:
Նիգերիայի առեւանգված աղջիկների հարցը դուրս է եկել ազգային շրջանակներից: Այսօր աշխարհի գրեթե բոլոր ծայրերից մարդիկ միանում են «Վերադարձրեք մեր աղջիկներին» (#BringBackOurGirls) շարժմանը՝ միջազգային կառույցներին եւ Նիգերիայի կառավարությանը կոչ անելով շուտափույթ գտնել եւ փրկել առեւանգված աշակերտուհիներին:
Նշենք, որ ակտիվիստներին հատկապես բարկացրել էր այն, որ Նիգերիայի նախագահն օրեր առաջ չեղյալ էր հայտարարել իր այցը հյուսիսային Չիբոկ քաղաք: Գուդլաք Ջոնաթանի մամուլի ծառայությունը որեւէ կերպ չի մեկնաբանել այցը չեղյալ հայտարարելու որոշումը, ինչը տեղիք է տալիս ենթադրելու, որ նախագահն այդպես է վարվել սեփական անձի անվտանգության մասին հոգալով, քանի որ Չիբոկը գտնվում է «Բոկո Հարամ»-ի հսկողության տակ: Չիբոկ այցելելու փոխարեն՝ Գուդլաք Ջոնաթանը մայիսի 17-ին մեկնել էր Փարիզ՝ Նիգերիայում ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցությանը մասնակցելու համար:
Գուդլաք Ջոնաթանի՝ այցից հրաժարվելը դժգոհության նոր ալիք է բարձրացրել առեւանգված աղջիկների հարազատների եւ ընկերների շրջանում, որոնք համարում են, որ երկրի նախագահը բավարար քայլեր չի ձեռնարկում աղջիկներին փրկելու համար: Հուսահատված ծնողները զարմանում են, թե ինչը կարող է նախագահի համար առավել կարեւոր լինել, քան իր քաղաքացիների կյանքը: Առեւանգված աղջիկների հարազատներին չի կարող սփոփել որեւէ բացատրություն, նրանք կարծում են, որ երկրի իշխանությունները բավարար մտահոգված չեն իրենց երեխաների ճակատագրով:
Նիգերիացի Ալլեն Մանասսեհը, ում քույրը առեւանգված աղջիկների մեջ է, բրիտանական «The Guardian»-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք հիասթափված են նախագահից, քանի որ նրան մեկ ամիս պահանջվեց Չիբոկ կատարելիք այցը ծրագրելու համար, իսկ ավելի ուշ նա պարզապես հետ կանգնեց իր մտադրությունից:
«Ծնողները հույս ունեին, որ նախագահը կգա որոշակի տեղեկատվությամբ, թե որտեղ կարող են լինել աղջիկները եւ թե ինչ ջանքեր են գործադրվում նրանց վերադարձնելու համար: Բայց դրա փոխարեն ծնողներին ասում են, որ նախագահը չի գալիս…Հեշտ բան չէ առեւանգված երեխա ունենալը»,- նշել է Մանասսեհը:
Պատերազմ են հայտարարել «Բոկո Հարամ»-ին
Շաբաթ օրը Ֆրանսիայի նախագահը Փարիզում հյուրընկալել էր Աֆրիկայի 5 պետությունների՝ Նիգերիայի, Չադի, Նիգերի, Կամերունի եւ Բենինի նախագահներին: Նրանք քննարկել են առեւանգված աղջիկներին հետ վերադարձնելու, ինչպես նաեւ ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորման դեմ առավել արդյունավետ պայքարելու հարցերը: Կողմերը պայմանավորվել են առավել հզորացնել աֆրիկյան երկրների անվտանգությունը, խստացնել վերահսկողությունը սահմանային անցակետերում եւ մշտապես փոխանակվել ահաբեկիչների վերաբերյալ առկա տեղեկատվությամբ:
Խորհրդակցությունից հետո Կամերունի նախագահ Պաուլ Բիյան լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրենք Ֆրանսիա են ժամանել «Բոկո Հարամ»-ին պատերազմ հայտարարելու համար:
Հիշեցնենք, որ «Բոկո Հարամ»-ի առաջնորդ Աբուբաքար Շեկաուն իր տեսաուղերձում հայտարարել էր, որ առեւանգված աղջիկները հետ չեն վերադարձվի, մինչեւ իրենց խմբավորման ձերբակալված անդամներն ազատ չարձակվեն: Նիգերիայի կառավարությունը «Բոկո Հարամ»-ի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել, սակայն ոչ բանակցային, ոչ էլ որոնողական աշխատանքներում դեռեւս որեւէ առաջընթաց չի գրանցվել: Մի շարք երկրներ հատուկ մասնագետների են գործուղղել Նիգերիա՝ աղջիկներին հայտնաբերելու համար, սակայն նրանց գործադրած ջանքերը դեռեւս արդյունք չեն տվել: Ավելի քան մեկ ամիս առաջ առեւանգված աղջիկների ճակատագիրը անհայտ է մնում:
Պատրաստեց Արման Ղարիբյանը
Աղբյուրը՝ The Guardian
Դիտումների քանակը` 6033