«Վարքի շեղումով աղջիկների համար «գիմնազիաներ» են անհրաժեշտ»…
Սխալ է որակել վարքի շեղում ունեցող աղջիկներին որպես « մարմնավաճառությամբ զբաղվող անչափահասներ», այսպիսի կարծիք հայտնեց WomenNet-ի հետ զրույցում քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: «Չասենք մարմնավաճառ, բայց այո` ունենք աղջիկներ, որոնք վարքի շեղում ունեն: Ի դեպ, կան դեպքեր, երբ այդ ճանապարհին կանգնած աղջիկներին որակում են իբրև անչափահաս, ելնելով նրանց արտաքին տվյալներից, բայց իրենք չափահաս են»,- նշեց նա:
Մեր զրույցը անչափահասների գործերով բաժնի պետ՝ Նելլի Դուրյանի հետ կայացավ պետական մարմինների ու մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ օրերս կազմակերպված խորհրդաժողովի շրջանակներում , որի նպատակն էր երեխաների իրավունքների ոլորտի խնդիրները և ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության 2012-2016թ.թ. ռազմավարության նախագծի համատեղ քննարկումը:
Այս ծրագրի համատեքստում Նելլի Դուրյանը հատկապես կարևորում է իրավախախտ դեռահասների համար համայնքային վերականգնողական կենտրոնների ստեղծումը Հայաստանի բոլոր համայնքներում: Պատրաստվում է առաջարկությամբ հանդես գալ՝ այն Ազգային ծրագրում ներառելու նպատակով: Խոսքը հատկապես 12-18 տարեկան վարքի շեղում ունեցող աղջիկների մասին է, որոնց համար, իր կարծիքով, պետք է ստեղծել վերականգնողական հաստատություն՝ նախկինում գործող գիմնազիաների տրամաբանությամբ:
«Նման հաստատություն ունենալու անհրաժեշտությունն այսօր իսկապես մեծ է` այն հնարավորություն կտա վարքի շեղում ունեցող աղջիկների հետ վերադաստիարակման ու վերականգնողական աշխատանքներ տանել», – ասում է Դուրյանը:
Ներկայումս Հայաստանում գործում է 15 վերականգնողական համայնքային կենտրոն, այդ թվում ՀԿ-ների կողմից ստեղծված , որոնք աջակցում են իրավախախտում կատարած եւ բռնության ենթարկված երեխաներին: Բայց, նախ դրանց թիվը բավարար չէ, բոլորին օգնելու համար, երկրորդը, շատերը որոշակի ժամկետով են աշխատում: Դրա համար էլ, ինչպես շեշտում է Դուրյանը, վարքի շեղում ունեցող դեռահաս աղջիկների և տղաների համար առանձին կենտրոններ պետք է ստեղծել, որտեղ նրանց հետ հատուկ պատրաստված մասնագետներ կաշխատեն, հատուկ պայմաններում ու երկարատեւ: Ոչ միայն գործող վերականգնողական կենտրոնները, այլ Վարդաշենի թիվ 1 հատուկ կրթահամալիրը, նրա կարծիքով, նմանատիպ երեխաների խնդիրը չեն կարող լուծել, այդ իսկ պատճառով պնդելու է իր առաջարկը, չնայած այն հավելյալ ծախսեր է պահանջելու: Բայց երեխաները այն դեպքը չեն, որ խնայողությունն արդարացված է…
Օգտվելով առիթից, խնդրեցինք նաեւ իրավախախտ անչափահասների մասին վերջին վիճտվյալները ներկայացնել: Գնդապետի տեղեկացմամբ, վերջին տարիներին հայաստանցի անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների աճ, բարեբախտաբար, չունենք: Ավելին` այս տարվա առաջին չորս ամիսների վիճակագրությունն էլ վկայում է, որ առկա է այդօրինակ հանցագործությունների թվի նվազում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 32 էպիզոդով պակաս է:
Մեր զրուցակցի խոսքերով, հիմնական հանցագործությունները, որ կատարվում են անչափահասների կողմից կողոպուտն ու գողությունն են, նաև` թեթև մարմնական վնասվածքներ հասցնելը: Աղջիկ-իրավախախտներ ևս կան, բայց նրանց թիվը միշտ փոքր է եղել:
«Կարծում եմ յուրաքանչյուր դեպք, որ կապված է անչափահասի հետ արդեն իսկ լուրջ է»,- ասում է Նելլի Դուրյանը, ավելացնելով, որ ծանր հանցագործությունների թիվը գրեթե զրոյի կարելի է հավասարացնել` սպանություն չկա, սպանության փորձ` ևս:
Սակայն որքան էլ դրական միտումներ ներկայացած չլինեն պաշտոնական վիճակագրությունով, փաստը մնում է փաստ` անչափահասները ոչ միայն հանցագործություններ են կատարում, այլև հետագայում ևս կանգնում են այդ փշոտ ճանապարհին: «Ճիշտ է, թիվը փոքր է ու կարծես նվազման միտում ունի, բայց ցավոք ունենք կրկնազատազրկման դեպքեր ևս»,- հավելեց Ն.Դուրյանը:
Հիշեցնենք, 2010 թվականին գրանցվել է 452 անչափահասի կողմից իրականացված 509 դեպք, իսկ անցյալ տարի` 2011-ին գրանցվել է 527 դեպք :
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 5318