Նժդեհ. «Պատերազմի մասին չեմ պատմում, որ շուտ մոռանամ»…

Նժդեհի հետ իր ծննդյան օրը հանդիպեցինք…

 

-Դե քանի տարեկան ես Նժդեհ ջան,- սովորականի պես սկսեցի մեր զրույցը:

 

-12, չէ վայ, այսօր դարձա 13,- ժպտում է Նժդեհը և պարզվում է նրա ծննդյան օրն է…

 

-Մոմ փչելիս երազանք պահել ես՞:

 

-Հա մեկը ինձ համար, բայց այդ մեկը չեմ ասի, գաղտնիք է (ժպտում է), մյուսն էլ բոլորիս համար, որ էլ պատերազմներ չլինի իմ երկրում ու էնտեղի բոլոր մարդիկ առողջ լինեն:

 

Սիրիայի դեպքերից հետո Նժդեհ Կրպոյանի ընտանիքը շատերի պես որոշում կայացրեց հեռանալ երկրից և եկան Հայաստան:

 

Նժդեհը չի սիրում հիշել պատրեազմը.

 

-Չեմ պատմում, որ շուտ մոռանամ,- ասում է Նժդեհը և փոխարենը սիրով պատմում է Հալեպի իր ընկերների, դասերի ու թե ինչպես էր մեծ թենիսի հաճախում:

 

-Սպորտ շատ եմ սիրում, հատկապես մեծ թենիս եմ լավ խաղում: Մասնակցեցի համահայկական խաղերին: Երկրորդ մրցանակն ունեմ: Շատ էի ուրախացել, ամենափոքրը նրանցից ես էի, ինձնից տարիքով շատ ավելի մեծերն էին մասնակցում մրցմանը:

 

Նժդեհի համար հայաստանյան ամենավառ հիշողություններից մեկն էլ «Գուգարք» ճամբարում անցկացված ժամանակ է:

 

-Ամենից շատ խաղերն ինձ դուր եկան. ֆուտբոլ, բասկետբոլ էինք խաղում: Տարբեր տեղերից երեխաներ կային, սիրիահայ և տեղացի, բոլորս միասին էինք խաղում…

 

Ամռանը բացի ճամբարից Նժդեհի մայրիկը հուշեց, որ հայրիկին էլ է օգնել.

 

-Հայրիկս տպագրության փոքրիկ արտադրամաս ունի, խնդրեցի նրան, որ ես էլ աշխատեմ, հայրիկս էլ չմերժեց,- պատմում է Նժդեհը և հավելում, որ արդեն ինքնուրույն էլ է կարողանում տպագրություններ անել,- լինում էր, որ հայրիկս տալիս էր վերնաշապիկը, ես էլ վրան ինքնուրույն անհրաժեշտ պատկերն էի անում:

 

Վերջերս ծնողները որոշում են կայացրել  նոր երկիր մեկնել…. Արդեն իսկ պատրաստ էին ճամպրուկները, բայց  Նժդեհը այնքան էլ ուրախ չի, որ կրկին պետք է մեկնեն, ասում է, որ շատ ընկերներ ունի այստեղ.

 

-Դե իհարկե, դժվար կլինի, նոր շրջապատ, ոչ մեկին չեմ ճանաչում, բայց այստեղի ընկերներիս հետ անպայման կապը կպահպանեմ,- ասում է Նժդեհը:

 

Դիտումների քանակը` 3565

Գլխավոր էջ