«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…
Մոտ 14 միլիոն երեխա արդեն իսկ տուժել է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցած հակամարտությունների հետևանքով: Այս մասին է ահազանգում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը :
Այս տարվա մարտի դրությամբ Սիրիայում զինված առճակատման պատճառով 5,6 միլիոն երեխաներ հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ: Նրանցից շատերը գտնվում են այնպիսի վայրերում, որտեղ ռազմական գործողությունների պատճառով անհնար է մարդասիրական օգնություն ցույց տալ: Մոտ 2 միլիոն սիրիացի երեխաներ ապրում են Հորդանանի, Լիբանանի և Թուրքիայի փախստականների ճամբարներում: Դրա հետ մեկտեղ սիրիացիներին հյուրընկալող այդ երկրներում էլ շուրջ 3,6 միլիոն երեխաներ նույնպես աղետալի իրավիճակում են հայտնվել: Իրաքում 2,8 միլիոն երեխաներ ստիպված են եղել լքել իրենց տները ընտանիքների հետ միասին: Շատերը հայտնվել են զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:
ՄԱԿ-ի փորձագետների հաղորդմամբ, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածաշրջաններում մինչև 12 տարեկան երեխաներին ստիպում են բանակային վերապատրաստում անցնել, ինչպես նաև կատարել ահաբեկչական գործողությունների և ապանությունների իրականացման առաջադրանքներ:
«Փոքր երեխաների համար պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում: Այդ երեխաներին և դեռահասներին սպառնում է բռնության մեջ մեծանալու և իրենց վերապրած սարսափն ու խոշտանգումները հաջորդ սերնդում վերարտադրելու վտանգը», – ասում է ՅՈՒՆԻՍԵՖԻ գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը:
Հակամարտությունը Սիրիայում հանգեցրել է նաև տարածաշրջանում երեխաների աշխատանքի շահագործման, ինչը խոչընդոտում է նրանց զարգացումը: Դրա մասին են վկայում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) և «Փրկենք երեխաներին» (Save the Children) կազմակերպության հուլիսի սկզբին հրապարակված նոր զեկույցում:
Զեկույցի տվյալներով, շատ սիրիական ընտանիքներում եկամտի զգալի մասն ապահովում են երեխաները, ովքեր սովորելու փոխարեն ստիպված են աշխատել: Հաճախ նրանց ներգրավում են ծանր և առողջության համար վտանգավոր աշխատանքի մեջ, ենթարկում են սեռական և այլ շահագործման: Հայրենիքում հակամարտության պատճառով շատ սիրիացի երեխաներ, այդ թվում Հորդանանում և Լիբանանում, զբաղվում են ծանր բեռների փոխադրմամբ, ենթարկվում են պեստիցիդների և թունավոր քիմիկատների ազդեցությանը: Երեխաներն աշխատում են օրվա մեջ երկար ժամեր խիստ դժվար և ծայրահեղ վտանգավոր պայմաններում ու իրենց աշխատանքի համար չնչին գումար են ստանում:
«Հաճախ Սիրիայում երեխաները ապահովում են ընտանիքի եկամտի 75% , իսկ Հորդանանում գրեթե կեսը մասնակցում են իրենց ընտանիքի կենսամակարդակի ապահովմանը կամ էլ նույնիսկ իրենց բարեկամների գոյատևման համար առաջնային պատասխանատվություն են կրում: Լիբանանի որոշ տարածաշրջաններում երեխաները ներգրավվում են աշխատանքի մեջ մինչև 6 տարեկանը», – նշվում է զեկույցում:
«Միջազգային հանրության՝ հակամարտությունը դադարեցնելու անկարողության համար ամենաբարձր գինն են վճարում սիրիացի երեխաները», – եզրակացնում են զեկույցի հեղինակները:
Աղբյուրը՝ UN News
Դիտումների քանակը` 9346