«Չենք պատրաստվում ձեռքերը ծալած նստել».սիրիահայ կանայք նոր մասնագիտական ուսուցում են անցնում
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Espaces» ուսումնական կենտրոնոմ հավաքված սիրիահայ կանանց շրջանում բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտ էր տիրում: Նրանք «Ամինա» սալոն–ստուդիայի կողմից իրականացված «Մատնահարդարման կարողություններ և հմտություններ» 40-ամյա և «Վարսավիրական գործի հմտություններ» 100-ժամյա դասընթացներն ավարտելու կապակցությամբ եկել էին վկայագրեր և նվեր–գույք ստանալու: Ուսուցումը իրականացվել էր Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ գրասենյակի եւ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի աջակցության շնորհիվ՝ «Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով» ծրագրի շրջանակում:
– Արհեստը կյանքի բոլոր բնագավառներում մարդկության կողմից մշտապես եղել է պահանջված ու գնահատված: Հայաստանում էլ աշխատաշուկան մասնագիտական և արհեստագործական կրթությամբ կադրերի պահանջարկ է ներկայացնում:Մեր նպատակն է սիրիահայ կանանց որոշ մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելն է, որով նրանք կկարողանան հոգալ իրենց ընտանիքի սոցիալական խնդիրները: Այս դասընթացները կօգնեն նրանց վերսկսել իրենց կյանքը հայրենիքում: Մենք նրանց տրամադրում ենք անհրաժեշտ խորհրդատվություն, մասնագիտական գիտելիքներ և վարսահարդարման, մատնահարդարման համար անհրաժեշտ որոշակի գույք / մկրատ, սանր, դիմահարդարման համար վրձիններ, պայուսակ/, միաժամանակ քաջալերում մասնակցել հասարակական կյանքին,- մեզ հետ զրույցում պատմում է «Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով» ծրագրի ղեկավար Մարինե Թունյանը:
Նրա խոսքով, ծրագիրն իրականացվում է ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինասավորմամբ ու թեև իրենց կենտրոնը ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցում է 2014 թվականից, սակայն այս տարվանից ուժերը կենտրոնացրեցվել են մասնագիտական կրթության զարգացման վրա: «Ի դեպ, դասընթացների մասնագիտական պատրաստվածության հարցում մեծ է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի դերը, որի հետ մեր համագործակցությունը արդյունավետ է», – ավելացրեց նա:
ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Նվեր Սարգսյանը ողջունելով ներկաներին նշեց, որ գնահատման է արժանի այն, որ սիրիահայ կանայք չեն վհատվում, չեն կորցնում հավատը վաղվա օրվա հանդեպ: «Ձեր առաջին հայրենիքը Սիրիան է, երկրորդ հայրենիքը՝Հայաստանը: Պատկերացնում եմ, թե որքան դժվար է, երբ մարդը կորցնելով ամեն ինչ, մի նոր երկրում փորձում է վերականգնել այդ կորուստը: Այդ հարցում, համոզված եղեք, որ մենակ չեք, դուք ունեք աջակիցներ, թեև որքան էլ ՄԱԿ ՓԳՀ-ն փորձում է ողջ աշխարհում աջակից դառնալ տեղահանվող մարդկանց, ցավոք, կոնֆլիկտները աշխարհում նվազելու փոխարեն, ավելանում են»:
«Շրջնավարտների» բարձր տրամադրությունն ու ժպիտները հույս էին ներշնչում, որ կարճաժամկետ դասընթացների ժամանակ ստացած գիտելիքներն ու որակավորումը գործնականում կբազմապատկվեն: Այս կարծիքին է նաև երկու ամիս առաջ Հայաստան եկած Լենա Մելքոնյանը, ով չի սահմանափակվի ստացած գիտելիքներով:
– Շատ շնորհակալ ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք մեզ աջակից են: Թեև մանկուց սիրել եմ այս մասնագիտությունը, բայց հարկ էր խորանալ , եթե ուզում ես փող աշխատել դրանով: Սիրիայում չէի աշխատում, ոչ էլ վարսահարդարությամբ էի զբաղվում,-ասում է Լենան:
Զավակների /14-ամյա որդու և 13-ամյա դստեր/ հետ գալով Հայաստան, նա այնուհանդերձ չի դադարում մտածել վերադարձի մասին, սակայն Սիրիայում տիրող իրավիճակը հարկադրում է մնալ: Լենայի համոզմամբ ի տարբերություն Հայաստանի կյանքը Սիրայում թանկ չէ: Եթե այնտեղ միայն ամուսնու աշխատանքնով կարողանում էին բարեկեցիկ կյանքով ապրել, ապա այստեղ դժվար է, ուստի տանը նստելու փոխարեն որոշեց մասնակցել վարսահարդարման մասնագիտական դասընթացներին, որպեսզի կարողանա թեթևացնել ընտանիքի հոգսը: Ամուսինն, ով մասնագիտությամբ ոսկերիչ է, դեռևս աշխատանք չի գտել Հայաստանում, ուրեմն, ասում է Լենան, հարկավոր է ձեռքերը ծալած չնստել:
– Եղած գիտելիքներով չեմ գոհանա, աշխատանք եթե ճարեմ, կհմտանամ աստիճանաբար, հույս ունեմ, որ գեղեցկության սրահներից մեկում աշխատանք կգտնեմ, հետո, եթե ամեն ինչ բարեհաջող եղավ, կունենամ նաև իմ անձնական բիզնեսը: Ուսման ընթացքում շրջել եմ վասահարդարման սրահներով, վարձատրությունը ցածր է, չգիտեմ, կկարողանամ աշխատել, թե ոչ, բայց տանը կփորձեմ:
Վարսահարդարի մասնագիտությունն անծանոթ չէ նաև 3 տարի առաջ Հայաստան տեղափոխված Սալբի Քանթարյանի համար: Սիրիայում մասնագիտությամբ վարսահարդար սկեսրոջ անհատական սալոնում երկար տարիներ ականատես է եղել նրա վարպետությանը, թեև երբևէ չի փորձել: Իսկ ահա, Հայաստանում այն պետք է գալու:
– Գիտեմ, որ այլ մասնագիտությունների համար էլ դասընթացներ կան, սակայն ընտանիքս մեծ է, երեք երեխա ունեմ, ու թեեւե խիստ զբաղված եմ, սակայն աշխատել պետք է: Այս մասնագիտությամբ եթե հաջողվի աշխատել, ես բավարարված կզգամ, -ասում է Սալբին:
Իսկ այլ մասնագիտություններ, իրոք կան, քանի որ Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնում մասնագիտանում են ոչ միայն վարսահարդարներ, մատնահարդարներ, այլև դերձակ-մոդելավորողներ, խոհարար-սպասարկողներ և նախնական մասնագիտական արհեստագործական դաշտի այլ ոլորտի ներկայացուցիչներ:
– Մենք պետք է ուսումնասիրենք այլ մասնագիտությունների ոլորտում սիրիահայերի նախասիրությունները: Սակայն, կարծում եմ նախընտրելին խոհարաությունն ու դերձակի մասնագիտություններն են: Այս հարցում մենք դարձյալ կհամագործակցենք Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հետ,- ասում է Մարինե Թունյանը:
Տարիքային սահմանափակումներ անտեսող մասնագիտական դասընթացները սիրիահայ կանանց համոզմամբ մեծ ու կարեւոր նախաձեռնություն են, որոնք կօգնեն իրենց ինքնահաստատվել հայաստանյան թեկուզեւ սուղ աշխատաշուկայում, լինել ինքնաբավ, զբաղված և որ ամենակարևորն է՝ հոգալ ընտաներկան խնդիրները:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 6609