«Չգիտեմ էլ, երկար ապրելը լա՞ վ է, թե՞ վատ»…
Հարություն պապը դանդաղ մոտենում է տան դարպասին, բացում դուռն ու ներս հրավիրում ինձ, հետո շրջվում, դանդաղ քայլերով ու պատը բռնելով շարժվում դեպի տան դուռը: Ներսում ամեն ինչ մաքուր ու կոկիկ էր, ի դեպ, Հարություն պապը նույնպես հագնված էր կոկիկ: Սենյակ մտնելիս նա դարձյալ փորձում է պատը շոշափելով գտնել բազկաթոռը, օգնեցի նստել:
– Ոչինչ, ես արդեն վարժվել եմ, կարողանում եմ կողմնորոշվել իմ սենյակներում, խոհանոցում ու այգում: Լավ չեմ տեսնում, 6 տարի առաջ աչքի վիրահատություն եմ ունեցել, մի աչքս բոլորովին չի տեսնում, մյուսով շատ աղոտ եմ տեսնում: Դժվար է, բայց ի՞նչ արած,-ասում է Հարություն պապը:
Ծնվել է 1925 թվականին, Հունաստանի Ալեքսանդրոպոլ քաղաքում: 1936 թ-ին ընտանիքը տեղափոխվում է Բուլղարիա: Կարճ ժամանակ անց հայրենադարձվում են Հայաստան և ապրում ներկայիս Շիրակի մարզի Արևիկ գյուղում: Ընտանիքում ինքն ու եղբայրն էին, ով Երևանում աշխատանք գտնելուց հետո ծնողներին ու Հարությունին տանում է մայրաքաղաք: Ներկայիս 3-րդ մասի Ղռեր կոչվող տարածքում նրանց հող են հատկացնում, որտեղ գարու արտեր էին: Եղբայրը երկարաժակետ վարկ է վերցնում ու սկսում են տան շինարարությունը: Այդ ընթացքում ընտանիք է կազմում ու հեռանում տանից, 40 հազար ռուբլի վարկային բեռը թողնելով Հարությունի ուսերին: 15 տարի ձուլարանում աշխատելուց և վարկը մարելուց հետո Հարությունը կրթություն ստանալու նպատակով մեկնում է Մոսկվա, ուր սովորում է Երկաթգծի տրանսպորտի ինստիտուտում: Այնուհետև վերադառնալով Երևան աշխատանքի է անցնում <Հայէլեկտրո> գործարանում որպես գլխավոր մետաղագետի տեղակալ: Այդ ընթացքում, դա 1950 թվականն էր, ամուսնանում է Բուլղարիայից հայրենադարձված զուսպ ու համեստ Անուշի հետ: Երկու երեխաների կորստից հետո ծնվում է Նորայրը, տան միակ ճրագը: Հարություն պապի կյանքի ամենաերջանիկ օրը որդու ծնունդից հետո նրա հարսանիքի օրն էր: Պապը երջանականում էր թոռնիկների` Հարությունի և Անուշիկի թռվռան մանկությամբ: Սակայն, կյանքն առանց խութերի չի լինում, ու մի օր էլ Նորայրը երեխաներին մանկապարտեզ տանելուց հետո առանց տանեցիներին տեղյակ պահելու կամավոր գրվում է որպես ազատամարտիկ, Արցախ մեկնելու համար: Հարություն պապի աղաչանքն ու արցունքներն ապարդյուն էին.
– Խենթ ու խելառ հայրենասեր էր, շատ խնդրեցի, աղաչեցի, ասի ախր մեզ ու՞ր ես թողնում մենակ, չլսեց, գնաց: Հետո մի օր փողոցով գնում էի, լսեցի մեկը պապ-պապ էր կանչում ու վազում իմ կողմը: Որդիս էր, ասաց վիրավոր ընկերոջն են բերել հիվանդանոց ու շտապ էլի մեկնելու են Արցախ: Տուն էլ չմտավ, միայն ասաց երեխեքին լավ կնայես: Ձայնը մինչև հիմա ակնաջիս մեջ է: Չգիտեի, որ վերջին անգամ եմ տեսնում նրան: Զոհվեց 1993-ին,- արցունքախառն պատմում է Հարություն պապը:
2004 թվականին մահանում է Հարություն պապի կինը, իսկ 4 տարի անց նրան սպասում էր ամենամեծ հարվածը, հարսը աղջկա և տղայի հետ ընդմիշտ մեկնում է Ավստրալիա, անտեսելով տարեց սկեսրայրի աղաչանքներն ու արցունքները: Այդ օրվանից Հարություն պապն ապրում է մենակ: Հարսը հազվադեպ զանգում էր, հետո դադարեց զանգել, երբ սկեսրայրը մերժեց տունն իրեն նվիրաբերելու առաջարկը: Հարություն թոռը երբեմն զանգում է, երբեմն Հայաստան գալուց այցելում, անցյալ տարի պապու խնդրանքով ձմեռային ամիսների ջեռուցման համար գումար է ուղարկել, պապը հույս ունի, որ այս տարի էլ կօգնի իրեն: <Ապրում է Սիդնեյ քաղաքում, ամուսանցել է, երեխայի են սպասում, հետո էլ վարձով են ապրում, թեև ասում է, որ լավ աշխատանք ունի, խոստացել է եկող ամռանը գալ: Կենդանի մնամ, աչքս տեսնի իրենց: Աղջիկ թոռս ամսից ավելի Հայաստանում է,սակայն զանգում է, թե գալիս եմ, ու դեռ չի այցելել ինձ: Չգիտեմ, մեկնելուց առաջ կգա՞ ինձ տեսնելու>:
Հարություն պապը գոհ է եղածով, 50 հազար դրամ թոշակ է ստանում, մի այդքան էլ կերակրողին կորցնելու դեպքում օրենքով սահմանված զինվորական կենսաթոշակ, որից 30 հազրա դրամ տալիս է հարևանուհուն` տունը մաքրելու և ճաշ պատրաստելու համար, բավականաչափ գումար հատկացնում է կոմունալ վճարներին և դեղորայքին, մի երկու կոպեկ պահում չնախատեսված ծախսերի համար, մնացածով ապրում է: Տարեցների համար նախատեսված բարեգործական ճաշարանից չի օգտվում, ասում է, դուրս չի գալիս, գոհանում է տանը եփածով: Ամիսներ առաջ Հարություն պապը նամակ էր գրել Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանին, խնդրելով օգնության կարգով իրեն սառնարան հատկացնել: Արդեն երկրորդ օրն է, որ Հարություն պապի խոհանոցում աշխատում է անաղմուկ սառնարանը:
Թվում է, թե ապրելու համար բավարար պայմաններ կան, սակայն 91-ամյա ծերունու համար ամենասարսափելին տանն իշխող համատարած լռությունն է: Ասում է իր հասակակից ընկերները մահացել են, մենակ է մնացել, իրեն երբեմն այցելում է դիմացի հարևանը, նա էլ է կույր, մի քիչ զրուցելուց, դարդերը միմյանց պատմելուց հետո գնում է, ու պապտը դարձյալ մնում է մենակ: Հեռուստացույց գրեթե չի դիտում, աշխարհի նորություններին տեղեկանում է ռադիոյի միջոցով: <Ես տանը մենակ հոգնում եմ, լռությունից եմ հոգնում, ամռանն էլի դուրս եմ գալիս այգի, նստում եմ ծառերի հովին, հետո մի քիչ աչքս փակում եմ, իբր քնում եմ, որ օրս անցնի: Տղամարդու համար մենակությունը դժվար է, թեև մաքրությունը պահպանում եմ, կնոջ համար ավելի հեշտ է: Հա, ասեմ, որ եղել են կանայք, ովքեր առաջարկել են գալ- խնամել ինձ, տունս իրենց կտակելու պայմանով, բայց խելքս հացի հետ չեմ կերել, ես թոռ ունեմ, ինչի՞ ուրիշին տամ, թոռանս աչքից ընկնեմ: Ապրում եմ, մինչև աչքերս հավերժ կփակվեն>:
Հարություն պապի համոզմամբ կյանքում ամենակարևորը ընտանիքն է,ինչին այնքան կարոտ է այս օրերին: «Ես վախենում եմ մենությունից: Միշտ զարմացել եմ, թե Գրիգոր Լուսավորիչը երկար տարիներ ինչպե՞ս է ճգնել կիսախավար նկուղում: Կարոտում եմ այն օրերը, երբ տունս լիքն էր թոռներիս աղմուկ-աղաղակով, հաճախ, եթե չասեմ ամեն օր, վերապրում եմ կյանքիս յուրաքանչյուր օրը, շատ բաներ մոռացել եմ, շատերը հիշում եմ: Չգիտեմ էլ, երկար ապրելը լա՞վ է, թե՞ վատ»:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Տարեցները Կայուն զարգացման օրակարգում
Յուրաքանչյուրիս ապագան՝ այսօրվա տարեցներն են. երկու պատմություն
Արժանապատիվ ծերության սպասելիս
Դիտումների քանակը` 2965