«Ուղղակի ցավում եմ, որ մեր շարքերը համալրվելու փոխարեն, նոսրանում են»…

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Տավուշի մարզի միակ կին համայնքապետը՝ Վարդուշ Ներսիսյանը (Աղավնավանք)  որոշել է  այս տարա մարտի 9-ին կայանալիք ընտրություններում  չառաջադրել իր թեկնածությունը: Պատճառների մասին խոսելիս  նկատել է, որ մարզի համայնքապետերի թվում միայն ինքն է կին մնացել եւ նպատահարմար չի գտնում առաջադրվել:   Panorama.am-ը անդրադառնալով այս հարցին զրուցել է Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքի ղեկավար Աղունիկ Հազրյանի հետ:

 

«Չեմ կարծում, որ այլ պատճառ կարող է լինել, քան իր կողմից ներկայացվածը, պարզապես ափսոսում եմ` նա պայքարից վախեցող չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքի ղեկավար Աղունիկ Հազրյանը` մեկնաբանելով Տավուշի մարզի միակ կին համայնքապետ Վարդուշ Ներսիսյանի որոշումը չառաջադրվել առաջիկա ՏԻՄ ընտրություններում:

«Նա վախեցող չէ, ուղղակի Վարդուշը հայ կնոջ իսկական կերպար էր. լինելով ուժեղ կին, նա միաժամանակ հաշվի էր նստում հայկական վարք ու բարքի հետ… իսկապես հեշտ չէ միակ կին համայնքապետ լինելը մարզում, մենակ լինել ժողովներին, անընդհատ տղամարդկանց մեջ, մանավանդ երբ ընտանիք ունես, թեև ճիշտն ասած ես դա երբևիցե հաշվի չեմ առնում»,- ասաց տիկին Հազրյանը:

 

Դրա հետ մեկտեղ Ա. Հազրյանն ասաց, որ փոքր-ինչ զարմացած է այդ որոշումից, քանի որ Վարդուշին ճանաչելով հանդերձ չի կարող ասել, որ նա շուտ հանձնվող տեսակ է:  «Ուղղակի ցավում եմ, որ մեր շարքերը համալրվելու փոխարեն, նոսրանում են…»,- ափսոսանք հայտնեց նա:

Ինչ վերաբերում է մարզի միակ կին համայնքապետ լինելուն ու դրանում որոշակի բեռ տեսնելուն, մեր զրուցակիցը նշեց, որ վեց տարի անընդմեջ եղել է Շիրակի մարզի միակ կին գյուղապետը, բայց դա երբևիցե առիթ չի հանդիսացել ու չի հանդիսանա պայքարից հրաժարվելու համար, հակառակը` ավելի ուժ է տալիս պայքարում հաղթող լինելու համար:

«Կրկնում եմ` ցավում եմ, որ կանայք քչանում են: Հուսամ, որ գոնե այն կանայք, ովքեր առաջադրվել են, կհաղթեն: Այսօր մեր հանրապետության համայնքներին հարկավոր են հոգատար ու կազմակերպված, ուժեղ ու համարձակ կանայք, ովքեր իրենց ուսերին կվերցնեն համայնքի բեռն ու կտանեն առաջ»,- հավելեց Արեգնադեմի համայնքապետը

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Տավուշի մարզի միակ կին համայնքապետը չի առաջադրվելու

 

ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ

 

Տորունիքում ընտրապայքարի են դուրս եկել միայն կանայք

 

Կանայք խուսափու՞մ են ավագանիներից

Դիտումների քանակը` 3553

Գլխավոր էջ