«Որ ամուսնացանք, իրանք ասում էին, որ տարբերություն չեն դնելու, բայց…»

 

Կյանքի դժվարությունները երեք երեխայի մայր Աննայի դեմքին կարծես դրոշմված են: Երեսունինը տարեկան  է` ընդամենը, բայց սոցիալական վատ պայմաններն ու ընտանեկան խնդիրներն, ինչպես ասում են, իրենց գործն արել են:

 

“Մեր ընտանիքի դրվածքը մի քիչ ուրիշ ա, երկրորդ ամուսինս ա, ինքը իմ առաջին երեխան ա: Ճիշտն ասած, որ ամուսնացանք, իրանք/նկատի ունի ամուսնուն եւ սկեսուրին,-խմբ/ ասում էին, որ տարբերություն չեն դնելու էրեխեքի միջեւ, բայց որ իրանցը ծնվեց, արդեն ես տարբերությունը զգում էի, էրեխեն հինգ տարեկան էր, դե ամեն դեպքում ջոկողություն կա էլի”,-պատմում է Աննան, որին հանդիպեցինք ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնում:

 

Աննայի ավագ որդին` տասնյոթամյա Գագիկը, հաշվառված է ոստիկանության անչափահասների բաժնում եւ արդեն երկու տարի է` ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն է հաճախում: Ինչպես մայրն է ասում` ժամանակն իզուր չի վատնում փողոցներում:

 

Կինը երկրորդ ամուսնությունից եւս երկու որդի ունի` ինը եւ տասը տարեկան: Տասներկու տարեկանում  Գագիկը տնից փախել է: Մի օր դպրոց գնալու փոխարեն գովազդային թերթիկներ է ցրել, ինչի մասին իմացել է խորթ հայրը: Նրա ահից Գագիկն այդ օրը այլեւս տուն չի վերադարձել: Մոտ ինը օրից ոստիկանները հայտնաբերել են երեխային եւ հաշվառման տակ առել: Ինչպես մայրն է ասում` գողություն կամ խուլիգանություն չի արել, ուղղակի հաճախ էր փախչում տնից:

 

Իսկ պատճառը խորթ հոր վերաբերմունքն էր. “Էրեխեն էլ գիտեր, որ իսկական  հայրը չի, մի քիչ փախի-փախի էր անում, շատ մասը դրսերում էր անցկացնում, իսկ ես չեի ուզում: Ես քիչ ժամանակ էի ունենում իրա հետ խոսալու, երբ տունը մարդ չէր լինում , էդ ժամանակ էի խրատներ տալիս, լավն էի խրատում` ասում էի, որ պիտի լսես, հանուն ինձ` ենթարկվես, նրանք էլ քո ախպերն են պիտի սիրես”,-պատմում է Աննան ու շարունակում. ’’Դե ինքը` իմ ամուսինը, շատ կոպիտ մարդ ա, իրա հալալին էլ ա ծեծում, ես չեմ ասում  նրանց գլխի վրա ա դնում, իմ էրեխուն ծեծում, ուղղակի բնավորությունը շատ կոպիտ ա, գռեհիկ, չգիտեմ ինչ ձեւով նկարագրեմ… Խնդիրն էն էր, որ ինքը մեղավոր էլ  չլիներ, միշտ իրան էին  մեղադրում` մեծն էր: Որ մեծացավ, կոնֆլիկտը  քիչացավ, հիմի շատ են շփվում իրար հետ”:

 

“Ես ինձ վերանայում եմ…”

 

Այժմ Գագիկն աշխատում է` հացի գործարանում առաքիչ է: “Օգնում ա, գումարը բերում ա տալիս ա հաշված, մենք ինչ կտանք`կտանք, չի ուզում, ավելորդ բաների վրա փող չի ծախսում”-ասում է մայրը: Նույն գործարանում աշխատում է նաեւ Աննան` հավաքարար է, իսկ ամուսինը, ինչպես Աննան է ասում` շիշ  է առնում` ծախում:

 

“Ես առաջ ինձ ազատ էի պահում: Մինչեւ կենտրոն գալը հիմնականում դրսում էի լինում, տարբեր շրջապատների մեջ: Իմ վարքի վրա ազդում էր շրջապատիս ազդեցությունը, տարբեր բաներ էին առաջարկում, դե, գողություն, ծխել, խմել, ճիշտ է, ես ազդեցության տակ չէի ընկնում, բայց ինչքան էլ չընկնեի  ազդեցության տակ, կոպիտ էի դառնում, կռվարար, շատ ագրեսիվ էի տրամադրվում ցանկացած բանի վրա, թեկուզ մանրուք լիներ: Արդեն առաջվա նման չի, շատ հանգիստ եմ, ես ինձ վերանայում եմ”,-անկեղծանում է Գագիկը:  Նա երազանք ունի: Վստահ է, որ մի օր կունենա իր սեփական սննդի օբյեկտը, իսկ առայժմ ուսումնարանում սովորում է խոհարարության գաղտնիքները:

 Մարիաննա Ղահրամանյան

 

Հ.Գ. Պատմության հերոսների անուններն իրենց  խնդրանքով փոխված են: Աննան մտավախություն ուներ, որ ամուսինը հանկարծ կտեսնի հրապարակումն, ինչը ընտանեկան վեճի առիթ կդառնա:

ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնը գործում է ԵՄ ֆինանսավորմամբ:

 

Կարդացեք նաև  այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հայաստանում չեն կիրառվում բռնաբարված երեխային օգնելու ձեւերն ու միջոցները»

 

 

Միրա Անտոնյան. «Միջավայրը միշտ չէ, որ պատրաստ է “դժվար” երեխաներին հասկանալ »

 


Դիտումների քանակը` 3266

Գլխավոր էջ