«Որքան շատ կանայք են ներկայացված խորհրդարանում, այնքան պաշտպանված են երեխաները»

Դա են վկայում Միջխորհրդարանական միության ուսումնասիրությունները և այս հանգամանքն էին շեշտում անցյալ տարվա հունիսին Երևանում  անցկացված «Իրականություն դարձնել ամենախոցելի երեխաների իրավունքները» միջազգային  համաժողովի մասնակիցները: Համաժողովը կազմակերպվել էր  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Միջխորհրդարանական միության և ՀՀ Ազգային ժողովի համատեղ ջանքերով: Երևան էին ժամանել  ավելի քան 100 պատվիրակներ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ տասը երկրների 40 խորհրդարանականներ, այդ թվում խոսնակների և այլ ղեկավարների մակարդակով,  միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսօր այս թեման ավելի քան արդիական է խորհրդարանական ընտրությունների արդյունքների համատեքստում…

 

 

Տկն. Կարին Ժաբր, ծրագրերի ղեկավար, Միջխորհրդարանական միություն

 

Մեր վերլուծությունները վկայում են, թե որքան շատ կանայք են ներկայացված լինում խորհրդարաններում, այնքան հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության հարցերն ավելի մեծ կարևորություն են ստանում: Բացի այդ, այն մեխանիզմները, որ ստեղծվում են կանանց իրավունքների համար, դրականորեն են ազդում երեխաների իրավիճակի վրա:

Աշխարհում այսօր կանանց ներկայացվածությունը խորհրդարաններում 19 տոկոս է, ինչը չի կարելի բավարար համարել: Մենք կարծում ենք, որ խորհրդարանում առանց կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածության ժողովրդավարություն չի կարող լինել: Կանայք խորհրդարան են բերում ոչ միայն իրենց առաջնայնությունները, նրանք փոխում են քաղաքական բանավեճերի որակը։

 

 

Տկն. Մարիա Այսինա, Ղազախստանի Մեջլիսի անդամ, սոցիալական և մշակութային զարգացման հանձնաժողովի անդամ և «Նուր Օտան» խորհրդարանական խմբի նախագահության անդամ

 

Այսօր մեր խորհրդարանում 18 տոկոսը կանայք են։ Ի դեպ, սոցիալական զարգացման կոմիտեում հանձնաժողովում մեզանում գենդերային հավասարակշռություն է՝ 14 պատգամավոր, որոնցից 7-ը տղամարդ և 7-ը՝ կին։ Հարցն այն չէ, թե պետք է իր առաջ նպատակ դնել, որ խորհրդարանում ավելի շատ կանայք լինեն, պարզապես իրավիճակն է սա թելադրում. դպրոցներում աշխատում են 100% կանայք, բժիշկ են աշխատում 100% կանայք, այսինքն՝ ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ կանայք են քաջատեղյակ այս ոլորտների կարիքներին։ Էլ չենք ասում, որ կինը ծննդաբերում է, ու նա գիտի, թե ինչ խնդիրների է բախվում ինը ամսվա ընթացքում, քանի դեռ կրում է իր մանկանը և այլն։ Թեկուզ ես համամիտ եմ համաժողովում հնչած կարծիքին, որ երեխաների դաստիարակության գործում հարկ է նաև հայրերին ներգրավել։ Մի քիչ մտածելակերպն է խանգարում, թեկուզ մեզանում՝ Ղազախստանում այսօր շատ տղամարդիկ երեխայի խնամքի արձակուրդ են գնում։ Եթե կինը լավ գործի է և կարող է ընտանեկան բյուջեում ավելի շատ միջոցներ ներդնել, այդ ժամանակ տղամարդը կարող է օգտվել երեխայի խնամքի արձակուրդից, ու, ըստ էության, սա արդեն ո՛չ զայրույթ, ո՛չ էլ ժպիտ չեն հարուցում։ Այնուամենայնիվ, մարդկանց հոգեբանությունը փոխվում է։

 

 

Տկն. Վալենտինա Ստրատան, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի անդամ, սոցիալական պաշտպանության, առողջապահության և ընտանիքի հարցերով հանձնաժողովի կոմիտեի անդամ

 

Իմ կարծիքով՝ որքան խորհրդարանում կանայք շատ լինեն, այնքան մենք ավելի համերաշխ ենք սոցիալական խնդիրներ լուծելիս։ Ու հաճախ հենց մեր համառության շնորհիվ մենք ինչ-որ բանի ենք հասնում ։ Ես խորհրդարանում եմ 2005 թվականից, փոքր ընդմիջումներով։ Սովորաբար, երբ քննարկվում են տնտեսական հարցեր, տղամարդիկ հարմարավետ տեղավորվում են բազկաթոռներում և պատրաստ են այս թեման քննարկել նույնիսկ կեսգիշերն անց։ Հենց քննարկումը վերաբերում է առողջապահությանը կամ կրթությանը, միայն կլսես. «Հերիք է, Վալենտինա, վերջ, հերիք է, շարունակում ենք»։ Իմ կարծիքով՝ կանայք այնուամենայնիվ ավելի շատ սոցիալապես կողմնորոշված են։ Ու եթե հարցը վերաբերում է երեխաներին, մենք նույնիսկ հաշվի առնելով կուսակցական պլատֆորմների տարբերությունները և կուսակցությունների ու մրցակիցների միջև տարաձայնությունները, ինչ-որ պահի կարող ենք անցնել այդ ամենի վրայով, միավորվել և հանդես գալ հանուն հարցի լուծման։ Ուստի կարծում եմ, որ խորհրդարանում պետք է ավելի շատ կանայք լինեն, ու կանայք պետք է ընտրությունների գնան՝ բարձրացնելով երեխաների իրավունքների պաշտպանության հարցեր։

 

Դիտումների քանակը` 3396

Գլխավոր էջ