«Որոշեցի, ի հեճուկս իրավիճակի, պայքարել ու չփակել կենտրոնը »…
«Մուղդուսյան արվեստի կենտրոնը» հիմնադրվել է 2014-ին՝ մի խումբ երազողների կողմից». այսպես է իր հիմնադրած կենտրոնի մասին պատմում նկարչուհի Մարիամ Մուղդուսյանն, ում մասին WomenNet.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է: Այս անգամ կենտրոնի գործունեությանն է անդրադառնում hraparak.am –ը, նշելով, որ այժմ իրավիճակը կենտրոնի համար դարձել է մի փոքր անբարենպաստ՝ առաջացել է տարածքի խնդիր։
Մարիամն ասում է, որ ոչ ոք իրեն չէր խնդրել կենտրոն բացել, եւ ոչ մի դրամաշնորհ ու նախնական ֆինանսավորում էլ չի եղել, ուղղակի ունեցել է մեծ երազանք, իրավիճակն էլ եղել է բարենպաստ՝ հիմնել է արվեստի կենտրոն։ Կենտրոնի գործունեության առաջին տարում տարածքի վարձակալության խնդիր չի եղել, քանի որ գումարը փոքր էր, եւ հնարավոր էր հոգալ այդ հարցը: Սակայն այս տարվանից կենտրոնն ստիպված է եղել տարածքը փոխել, որի վարձակալությունը բավականին մեծ գումար է կազմում՝ հնգապատիկ ավելին, որից հետո առաջացել է լուրջ խնդիր կենտրոնը պահելու համար։ Մարիամն ասում է՝ այս ընթացքում կանգնել է եռընտրանքի առաջ. փակել կենտրոնը, վերածել այն բիզնեսի կամ էլ շարունակել պահել այնպես, ինչպես որ կա.
«Ես ընտրեցի 3-րդ տարբերակը, ու դրա համար կար առնվազն 2 պատճառ՝ բազմաթիվ քաղաքացիներ նվիրաբերել են գրքեր մեր գրադարանին, դաշնամուր, բրուտագործական չարխ, կավե վառարան, եւ ես չէի կարող այդ գույքը գրպանել։ Մեծ քաղաքացիական պատասխանատվություն կա ինձ վրա։ Փակել կենտրոնը՝ նշանակում է հուսախաբ անել բոլոր այս մարդկանց եւ ապրել այն բեռի հետ, որ, ի վերջո, իրավիճակը որոշեց իմ փոխարեն։ Բայց ես որոշեցի, ի հեճուկս իրավիճակի, պայքարել»։
Կենտրոնն ունի սոցիալական շեշտադրում եւ ուղղված է անապահով խավի երեխաների կրթությանը։ Բայցեւայնպես, որպեսզի կենտրոնը կարողանա իր մինիմալ կենցաղային ծախսերը հոգալ, այստեղ ներգրավված են նաեւ վճարունակ խավի երեխաներ, որոնց ծնողները կատարում են նվիրատվություն իրենց երեխաների ներկերի համար, եւ ավելացած գումարով կենտրոնը գնում է ներկեր նաեւ անապահովների համար։ Իսկ անապահով խավի մեջ ներառված են երկկողմանի ծնողազուրկ, միակողմանի ծնողազուրկ անապահով ընտանիքների, աղքատ ու ծայրահեղ աղքատ, նպաստառու ընտանիքների եւ իրավախախտում կատարած անձանց երեխաներ, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող։
Նույնիսկ այս պահին, երբ կենտրոնը կանգնած է փակման եզրին, ոչ միայն երեխաների թվի կրճատում չի արվում, այլեւ պատրաստ են նոր երեխաներ ընդունել։ Եթե ամենասկզբում կենտրոնում ուսանում էր 8, ապա հիմա՝ 25-30 երեխա, որոնցից 20-25-ը գալիս է լրիվ անվճար հիմունքներով, այդ թվում՝ չվճարելով ներկերի համար։ Մյուս 10-15-ի նվիրատվություններով գնվում են ներկեր բոլորի համար։
«Ինձ շատ են ասում՝ փակիր կենտրոնը կամ բիզնեսի վերածիր, բայց եթե դառնա բիզնես (իսկ ես կարող եմ բիզնեսի վերածել, որովհետեւ կենտրոնն արդեն բավականին ճանաչում ունի), դարձյալ կնշանակի գրպանել բազմաթիվ քաղաքացիների նվիրատվությունները, եւ երկրորդ իմ երազանքը կկորի, որովհետեւ այս կենտրոնը չեմ բացել, որ բիզնես անեմ։ Իսկ այդ երազանքի հիմքում եղել է նա, որ այն երեխաները, որոնք ներկերի խնդիր ունեն, իրենց տանը, միջավայրում ունեն խնդիրներ, կարողանան լիցքաթափվել, բարձր մշակույթի հետ շփվել։
Սոցիալական խավի այս երեխաներն առհասարակ մոռացված են, ես ուզում եմ, որ այդ էլիտար կրթությունը հասանելի լինի ամենավատ ապրող երեխային։ Ես չեմ ուզում սիրունացնել արդեն գեղեցիկ կյանքով ապրող ունեւոր մարդու կյանքը։ Ես երեխաներ եմ ունեցել, որոնք սոված կամ այլեւս ճանապարհածախս չունենալու պատճառով չեն եկել դասի»։
Տարածքի վարձակալության գումարը հոգալու համար Մարիամը վարկեր է վերցրել, անցել մեկ այլ աշխատանքի, վաճառում է իր սեփական նկարները եւ կազմակերպում է մեծահասակների համար նկարչության, վարպետության դասեր, որոնցից ստացված ողջ հասույթն ուղղում է կենտրոնի տարածքի վարձակալությանը։ Կենտրոնում 7 ամիս է արդեն՝ գործում է «Նաիրյան» երիտասարդական վոկալ անսամբլը։ Այստեղ իրականացվող կրթությունը համակողմանի է, բացի նկարչությունից, լինում են արտթերապիայի, կավագործության, ավազանկարչության դասեր, ներառված են վիզուալ արվեստի բոլոր ուղղությունները, ինչպես նաեւ՝ երաժշտություն։ Այս ամենը կենտրոնում դրված է բարձր հիմքերի վրա, քանի որ դասերն անցկացնում են պրոֆեսիոնալ կրթությամբ մասնագետներ.
«Դասերը թեեւ սկսեցինք երեխաներին ակադեմիական նկարչություն ուսուցանելու հիմքով, բայց ժամանակի ընթացքում կենտրոնն սկսեց իր գործունեությունն ընդլայնել։ Մենք սկսեցինք իրականացնել վարպետության դասեր հանրակրթական դպրոցների սաների համար, ընթերցումներ, ֆիլմի դիտումներ, դասախոսություններ, հանդիպումներ արվեստագետների հետ, եւ բոլորն առայսօր արվել է անվճար հիմունքներով»։
Մարիամն ասում է, որ չի կարող ավելի փոքր տարածք վարձակալել քաղաքի ծայրամասում, որովհետեւ ունեն շատ գույք, երեխաների մեծ թիվ, հետո՝ անապահով երեխաներից շատերն ի վիճակի չեն լինի մի քանի տրանսպորտ փոխել ու հասնել կենտրոն։ Բացի այդ, չի ուզում ծայրամասից եկող երեխային նորից տանել ծայրամաս, որովհետեւ արվեստի բոլոր օջախները քաղաքի կենտրոնում են տեղակայված, եւ ինքն իր սաների համար հաճախ է այցելություններ կազմակերպում տարբեր թանգարաններ, պատկերասրահ։ Բացի այդ, դա իրականում խնայողություն չի լինի, փրկություն կլիներ, եթե անհատույց մի տարածք տրամադրվեր կենտրոնին, բայց դրա համար չգիտի, թե ում կարելի է դիմել։
Ոչ պաշտոնական մակարդակով Մարիամը մի քանի մարդկանց դիմել է տարածքի համար, բայց հասկանում է, որ մշակույթը, արվեստը մեծ առաջնահերթություններ չունեն մի երկրում, որտեղ այդ ոլորտը կաթվածահար է, իսկ աղքատության շեմը հատել է 35 տոկոսը։ Այս պայմաններում կերպարվեստի, արվեստի մասին ամենավերջում են մտածում։ «Հասկանում եմ, որ շատ ուտոպիստական իդեա է՝ չունենալ ֆինանսավորում եւ պահել կենտրոնը, բայց, աշխատելով երեխաների հետ, թե դու ես իրենց սիրում, թե նրանք՝ քեզ, եւ խորամուխ ես լինում ամեն մի երեխայի անձնական խնդրի մեջ, որը բխում է սոցիալական խնդիրներից, եւ դա ծայրահեղ անարդար է։ Ինչո՞ւ պետք է այդ երեխաները զրկված լինեն էլիտար կրթություն ստանալու հնարավորությունից»,-ասում է Մարիամն ու հիշում, որ փոքր տարիքում մինչեւ թափանցիկ չէր դառնում իր գուաշի ամանը, դեն չէր նետում։ Այսօր ինքն ուզում է, որ այդ երեխաների ձեռքին գուաշի ամանը թափանցիկ չդառնա, որ իրենք միշտ ներկեր ունենան նկարելու համար։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…
Դիտումների քանակը` 3061