«Ոչ մի կին, մեկ ուրիշին կյանք պարգևելով, չպետք է մահանա 21-րդ դարում»…

Ամեն օր աշխարհում  800 կին է մահանում հղիության ընթացքում կամ ծննդաբերելիս: Գրեթե ամեն րոպե աշխարհում ընտանիք է ցնցվում մոր կորստից: Առողջապահության  համաշխարհային կազմակերպության  տվյալներով ամեն տարի   հղիության եւծննդաբերության ժամանակ 350 հազար  կին է մահանում, ընդ որում  նրանցից գրեթե բոլորը (99 %) ապրում են  աղքատ զարգացող  երկրներում եւ նրանցից  շատերի կյանքը հնարավոր էր փրկել: Նշենք, որ մայրական մահացությանվերաբերյալ  այս մտահոգիչ թվերը  47 տոկոսով բարելավված  ցուցանիշներ են 2000-ի համեմատ, երբ Հազարամյակի զարգացման նպատակներիշրջանակում  աշխարհի  բոլոր երկրները պարտավորվեցին իջեցնել մայրական մահացությունը  75 տոկոսով :

 

Հայաստանում 90-ականներից մինչ 2014թ-ը մայրական մահացության ցուցանիշը տարեց տարի համեմատաբար նվազման միտում է արձանագրել: Քսան տարիների ընթացքում միայն 2000 թ-ին է, որ մահացության աննախադեպ բարձր ցուցանիշ ենք ունեցել՝ 25 դեպք, նաև 2008-2009թթ-ին՝ 15-ական դեպք:  Վերջին երկու տարիներին՝ 2013-2014թթ-ին Հայաստանում մայրական մահացության 8-ական դեպք է արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքում  ներկայացված տվյալներից: Ընդ որում նշենք, որ Առողջապահության նախարարության  կողմից ներկայացված այս տվյալներն որոշակիորեն տարբերություն են տալիս նույն տարեգրքում ներկայացված Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ:

 

Այդպես, 2010թ-ին ՝ Հայաստանում արձանագրվել է մայրական մահացության 3 դեպք (թեև ըստ ԱՎԾ-ի՝ 4 դեպք),   և սա ամենացածր  ցուցանիշն է, որ ունենք 1996թ-ից սկսած:  2011-ին ` 5 դեպք (ըստ ԱՎԾ-ի՝ 6), 2007-ին՝ 6 դեպք,  2012թ-ին 10 դեպք (ըստ ԱՎԾ-ի՝  8):

 

Որպես մայրերի մահվան պատճառ գրեթե բոլոր դեպքերում հանդիսացել են հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանի այլ բարդությունները: Օրինակ, Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝  2014-ին մայրական մահացության  8 դեպքերից  6-ը այդ տողով են անցնում,  իսկ երկու կին մահացել է   մանկաբարձական արյունահոսությունների հետևանքով:

 

Մայրական մահացության ցուցանիշները ուսումնասիրելիս տեսնում ենք, որ գրեթե ամեն տարի մահ է արձանագրվում բուժհիմնարկներից դուրս տեղի ունեցած վիժումների հետևանքով: Վերջին երկու տարիներին՝ 2013-20 14թթ-ին բարեբախտաբար այս տողով անցնող մահեր պաշտոպանես չեն արձանագրվել: Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝  միայն 2012թ-ին երկու կին է մահացել հիշյալ  պատճառով, և դա թերևս ամենաբարձր ցուցանիշն է 2000թ-ից հետո , երբ  բուժհիմնարկներից դուրս վիժումների հետևանքով մահացել էր երեք կին:

 

Հաշվետու շրջանում՝ 1996-2014թթ-ին Հայաստանում  4 կին մահացել է արտարգանդային  հղիության հետևանքով: Նույն ժամանակահատվածում 10 կին մահացել է հղիու թյան տոքսիկոզների հետևանքով:

 

Հատկանշական  է, որ արհեստական բժշկական վիժման հետևանքով այս տարիների ընթացքում երկու կին է մահացել ՝ 1996թ-ին և 2009-ին,  ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների: Մինչդեռ ըստ Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների՝ 1996-2014թթ-ին Հայաստանում այդ պատճառով մահվան որևէ դեպք չի արձանագրվել:

Հազարամյակի նպատակների շրջանակում ՀՀ  կառավարությունը ծրագրել էր մինչև 2015 թ. երեք քառորդով կրճատել  մայրական մահացության ցուցանիշը (100.000 կենդանի ծնունդներին բաժին ընկնող մայրական մահացության դեպքերը)՝  հասցնելով այն  10,3-ի : Այսօր այդ ցուցանիշը հաջողվել է  իջեցնել ավելի քան երկու անգամ եւ այն մեր երկրում 18.6  է՝ 100.000 կենդանածնի հաշվով: Դա  ԱՊՀ երկրների միջին ցուցանիշներից (29.3  )ցածր է, բայց զգալիորեն բարձր է  (մոտ 4 անգամ) , քան Եվրամիության երկրներում (5 ): Նշենք նաեւ, որ ըստ ԱՎԾ տվյալների  Հայաստանի գյուղական շրջաններում մայրական մահացության ցուցանիշը ավելի բարձր է , քան քաղաքներում:

 

Մայրերի առողջությունը սերտորեն կապված է  երեխաների առողջության հետ :  Ամեն տարի աշխարհում  առավել քան 3 միլիոն նորածին է մահանում, եւս 2,6 միլիոնը  մահացած է  ծնվում: Ամեն տարի մոտ 1 միլիոնից ավել երեխաներ առանց մայրերի են մեծանում:  Առանց մայրերի մեծացող նորածինների  մահացությունը կյանքի   առաջին տարում տաս անգամ ավելի բարձր է,  քան  մայրեր ունեցող երեխաների շրջանում:

Ըստ Առողջապահության զգային ինստիտուտի   տարեգրքի 2014թ-ին արձանագրվել է  0-4 տարեկան 445 երեխայի մահվան դեպք: Ըստ պատճառների պատկերը հետևյալն է. պերինատալ շրջանում առաջացող առանձին վիճակների հետևանքով մահացել է  98 տղա և 76 աղջիկ: Չարորակ գոյացությունները 0-4 տարեկան  8 երեխայի կյանք են խլել, բնածին շեղումների (զարգացման արատների), դեֆորմացիաների  և քրոմոսոմային խանգարումների հետևանքով մահացել է  109 երեխա:

 

Մանկական մահացության պատճառ շատ հաճախ հանդիսանում են նաև շնչառական օրգանների հիվանդությունները՝ 2014թ-ին դրանց պատճառով մահացել է 52 երեխա՝  27 տղա և 25 աղջիկ:

 

Հազարամյակի նպատակների շրջանակում ՀՀ  կառավարությունը ծրագրել էր մինչև 2015 թվականը, 1990 թվականի համեմատ, երկու երրորդով կրճատել մինչև 5 տարեկան երեխաների մահացության մակարդակը:  Այսօր  Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը հաջողվել է նվազեցնել  50%-ով, հասցնելով տարեկան  մանկական մահացության գործակիցը  մինչեւ 10,7 պրոմիլեի; Սակայն այս ցուցանիշը դեռևս զգալիորեն գերազանցում է միջինեվրոպական մակարդակը (5,1 պրոմիլե) :

 

Լիա Խոջոյան

Կարդացեք թեմայի շուրջ.

Դիտումների քանակը` 3922

Գլխավոր էջ